Երեքշաբթի , 23 Հունիսի 2026

«Հրապարակ». Քոլոյանի ժամկետի հինգ տարուց երկուսն անցավ

«Հրապարակ». Քոլոյանի ժամկետի հինգ տարուց երկուսն անցավ

Tue, 23 Jun 2026 12:15:14 +0400


Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Մալվինա Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հայցն ընդդեմ Հանրային hեռարձակողի խորհրդի:

Հիշեցնենք, որ Խումարյանը պահանջում էր 29.07.2024 թ. Հանրային հեռարձակողի խորհրդի` Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով անցկացված մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը ճանաչել ոչ իրավաչափ:
Ռադիոյի տնօրենի ընտրությունն ուղեկցվեց սկանդալներով, նրա մրցակիցներից երկուսը` Գարեգին Խումարյանն ու Լուսինե Պետրոսյանը, դիմեցին դատարան, սակայն դատաքննությունն անվերջ ձգվեց, իսկ Արմեն Քոլոյանը զբաղեցրեց տնօրենի պաշտոնը` առանց դատարանի որոշման:

«Դեռ փաստաբանների խմբի հետ չենք հանդիպել այս հարցերի շուրջ, դժվարանում եմ որոշում հայտնել այս պահին, մերժման հիմքերին ծանոթ եմ, բայց չեմ ուզում այս պահին գնահատական տալ, որովհետեւ առանձնապես կոմպետենտ չի լինի ասածս»,- ասաց Խումարյանը՝ չբացառելով, որ կբողոքարկի առաջին ատյանի դատարանի որոշումը: Անդրադառնալով նախորդ տարի իրեն առաջադրված մեղադրանքին՝ կեղծ դատավարական փաստաթղթեր կազմելու վերաբերյալ, Խումարյանն ասաց, որ մեղադրանքը չի ընդունում, բացարձակապես անհիմն մեղադրանք է, եւ սա էլ է դատաքննության փուլում. «Այդ քրեական գործն ուղիղ շարունակությունն է Հանրային հեռարձակողի խորհրդի դեմ իմ հայցին»:

ՀՀԽ-ն Հանրային ռադիոյի տնօրեն նշանակում է 5 տարով: Այսինքն` Արմեն Քոլոյանին 3 տարին է մնացել, մինչեւ ժամկետի ավարտը: Երբ իշխանություններին է անհրաժեշտ, դատարանները հաշված օրերի ընթացքում վճիռներ են կայացնում, օրինակ, այդպես եղավ, երբ Նիկոլ Փաշինյանը հարձակում սկսեց Եկեղեցու դեմ, եւ հարկավոր էր Վեհափառի ու եպիսկոպոսների դեմ կեղծ վարույթներ հարուցել, արգելել նրանց ելքը երկրից կամ` տիրադավ քահանաներին ու սրբազաններին վերականգնել իրենց կարգավիճակում, թեեւ դատարանը դրա իրավունքը չուներ: Սակայն նման դեպքերում, երբ քաղաքացին դիմել է՝ իր իրավունքները վերականգնելու եւ անարդար մրցույթը չեղարկելու հարցով, դատական պրոցեսը տեւում է տարիներ: Խումարյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով նաեւ այս հարցին, ասաց, որ իր համար նույնպես անհասկանալի է, թե դատարանն ինչու է այսքան դանդաղ գործում, եւ որ ինքը չունի այդ հարցի հստակ պատասխանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի ԱԺ ընտրությունների ամփոփիչ զեկույցը

ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի ԱԺ ընտրությունների ամփոփիչ զեկույցը Mon, 22 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով