Հինգշաբթի , 25 Հունիսի 2026

Փաշինյանական ռեժիմի «բերիաները» երևի տեսել են

Փաշինյանական ռեժիմի «բերիաները» երևի տեսել են

Wed, 24 Jun 2026 20:58:55 +0400


Երեւի Աննա Վարդապետյանը, Անդրանիկ Սիմոնյանն ու Արթուր Պողոսյանը ժամանակին շատ են նայել 37 թվի մասին ֆիլմեր եւ ոգեշնչվել են Յագոդայի, Եժովի, Բերիայի կերպարներից: Նիկոլ Փաշինյանն էլ ոչ միայն Պապ թագավորի, այլ նաեւ Ստալինի, Պինոչետի, գուցե` Մաո Ցզեդունի կամ Կիմ Չեն Ընի կերպարներով է ժամանակին ոգեշնչված եղել եւ ուժի ու հզորության մասին իր պատկերացումները սահմանափակվում են մարդկանց բռնել-նստեցնել-պատժել-դատելու գործողություններով: Նիկոլական դատավորներն էլ երեւի ոգեշնչվել են 37 թվի «եռյակների» օրինակից, որոնք նիստեր չէին անում` ուղղակի որոշումներ էին դակում, մի տարբերությամբ, որ նրանք մահապատժի էին ուղարկում, սրանք կալանքների որոշումներն են դակում:

Փաշինյանական ռեժիմի «բերիաները» երեւի կինոներում նաեւ տեսել են, թե ինչպես էին 37 թվին սեւ «վորոնյոկները» լուսումութին գնում իրենց զոհերի հետեւից` այնպես, որ շենքի բոլոր բնակիչներն իմանան եւ երկրով մեկ ահուսարսափ տարածվի: Որ գիշերային ամեն աղմուկից, մոտակայքով անցնող ամեն ավտոմեքենայի ձայնից, ամեն բացվող դռան ճռռոցից մարդկանց սիրտը թփրտա եւ բոլոր-բոլորն անխտիր սպասեն գիշերային դահիճներին ու… իրենց հերթին: Այսօր հերթը Ավետիք Չալաբյանինն էր…

Ընդդիմադիրներից մեկը մեր լրագրողին այսօր ասել էր, թե` տունը միշտ մաքուր են պահում, դրսի հագուստն էլ` կողքները դրած, որ անակնկալի չգան` արագ հագնվեն ու գնան իրենց հետեւից եկածների հետ: Կատակով էր ասել, ծիծաղով, բայց սա սեւ հումորի շարքից է…

2018-ին մենք ազգովի դեմոկրատիա եւ ազատություն էինք երազում` մարդու իրավունքների, խոսքի ազատության, ընտրական իրավունքի ընդլայնում… ստացանք սողացող ստալինիզմ` գիշերային ձերբակալություններով, անհիմն ու նենգ կալանավորումներով: Երբ ոչ ոք չգիտի հերթական «զոհին» ինչի համար են տանում եւ որ գործողությունը կամ խոսքը կարող է հաջորդ անգամ մեր տեղակալ «ռազլիվի» բռնապետիկին դուր չգալ:

Տասնյակ տարիներ իր թերթում քաղաքական հետապնդումների եւ անհիմն կալանավորումների դեմ հոդվածներ է հրապարակել (գոնե ես այդ թեմաներով հարյուրավոր հոդվածներ եմ գրել «Հայկական ժամանակում» եւ ինքը բոլորի հետ համաձայն է եղել), անմեղության կանխավարկածի խախտումներն է դատապարտել, քրեական մեթոդները չարաշահող իշխանություններին է քննադատել…հիմա տվեց- անցավ իր բոլոր նախորդներին` մարդու իրավունքների ոտնահարման, օրենքներն ու Սահմանադրությունը տրորելու տեսանկյունից:

Պարզվեց` կալանքն իր ամենասիրելի գործիքն է, քաղաքական հետապնդումը` աթոռը պաշտպանելու միակ միջոց, քաղաքական հակառակորդները` ոխերիմ թշնամիներ, քաղաքացին` տուգանքի մատերիալ, իշխանությունն էլ իրեն հարկավոր էր ոչ թե պետությունը զարգացնելու, արդար ու ազատ երկիր կառուցելու, այլ… վայելելու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Գործ ունենք ոչ թե սխալի, այլ գիտակցված, կործանարար քաղաքականության հետ

«Հրապարակ». Գործ ունենք ոչ թե սխալի, այլ գիտակցված, կործանարար քաղաքականության հետ Wed, 24 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով