Փաշինյանի բառապաշարը հասարակությանը բևեռացնում է և չի կարող դրական գնահատականի արժանանալ
Sat, 21 Nov 2026 12:25:55 +0400

«Հրապարակի» զրուցակիցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն է:
– Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը կառավարության բրիֆինգի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին եղկելի անվանեց ու սպառնաց, որ «կսատկացնի» բոլոր նրանց, ովքեր հիշեցնում են Եռաբլուրը, իր խոսքերով, «մանրադրամ» են դարձնում` քաղաքական նպատակներով եւ մի քանի անգամ կրկնեց վիրավորանքը` անվանելով եղկելի: Ինչո՞ւ է երկրի վարչապետը լրագրողի հետ նման լեքսիկոնով հաղորդակցվում, և անձնական վիրավորանքներ հասցնում:
– Բոլոր պաշտոնյաները, հասարակական-քաղաքական գործիչները պետք է զուսպ լինեն հաղորդակցման մեջ, և եթե անգամ համարում են, որ իրենք ճիշտ գնահատականներ են տալիս, ամեն դեպքում հաղորդակցման այս մոդելը տարածվում է հասարակության վրա, և մեր համաքաղաքացիները իրենց ճիշտը փորձում են այդ ճանապարհով առաջ տանել: Արդյունքում ձևավորվում է անառողջ մթնոլորտ, և հասարակության մոտ ագրեսիվության ու անհանդուրժողականության դրսևորումները առավել ցցուն են դառնում: Ցանկացած պատասխանատու պաշտոնյա, առավել ևս երկրի առաջին դեմքը պետք է կարողանա զսպել էմոցիաները: Պետք է լինել զուսպ, և ոչ մի դեպքում չանել այնպիսի հայտարարություններ, որոնք հանրային բարոյականության առումով մեծ վնաս են հասցնում:
– Նիկոլ Փաշինյանն անձնական բնույթի վիրավորանքներ հասցրեց լրագրողին: Վիրավորանքը տեսակետ չէ, Դուք նշում եք, որ պաշտոնյաները, եթե անգամ մտածում են, որ իրենք ճիշտ են…. վիրավորանք հասցնելը կարո՞ղ է այս համատեքստում դիտարկվել: Անձնական վիրավորանքը, ու առհասարակ վիրավորանքը չպե՞տք է տարբերել տեսակետից:
– Ես հենց դա եմ ասում: Պատասխանատու անձինք պետք է զերծ մնան դիմացինին վիրավորելուց, և էմոցիաներին չտրվեն: Այդ վիրավորանքները մարդկանց համար դառնում են հարաբերվելու ոճ, բայց իրականում գործ ունենք անընդունելի երևույթի հետ: Այն կարող է դառնալ դերային մոդել: Նման նախադեպերն են պատճառը, որ երկրում այսպիսի անհանդուրժողականության մթնոլորտ է հաստատվել: Խորհրդարանում էլ է այս վիճակը, մեկ շաբաթ առաջ էլ բոլորս ականատես եղանք, թե ինչ տեղի ունեցավ Հանրայինի տաղավարում: Այս ամենը ոչ մի լավ բանի մասին չեն վկայում, և մեզ ոչ մի լավ տեղ չեն տանում:
– Իսկ առհասարակ երկրի առաջին դեմքի խոսույթին, բառամթերքին ի՞նչ գնահատական կտաք:
– Այդ բառապաշարը մեր հասարակությանը բևեռացնում է, և չի կարող դրական գնահատականի արժանանալ: Նամանավանդ այսօր Հայաստանն այն վիճակում է, որ կարիք ունենք համախմբման: Երբ քաղաքական գործիչները նման խոսույթ են կիրառում, այն հանգեցնում է հասարակության բևեռացման: Իշխող կուսակցության անդամները կարծում են, որ այս խոսույթով համախմբում են իրենց կողմնակիցներին, բայց նշանակություն չեն տալիս, որ շատերին այդ ամենը վանում է:
– Հասարակական կազմակերպությունները, քաղհասարակությունը չե՞ն ուզում արձագանքել` հայտարարություն, զեկույցներ չե՞ն պատրաստում սրա կապակցությամբ:
– Ես կարծում եմ, որ ՀԿ-ների շրջանում կա նման քննարկում, և ես չեմ բացառում, որ կլինի հայտարարություն, թեպետ մենք արդեն համոզվել ենք, որ այդ հայտարարությունները չունեն մեծ ազդեցություն: Պետք է քաղաքականության մշակման տեսանկյունից նոր նախաձեռնություններ իրականացվեն: Մենք այս տարիներին կոչ էինք անում խորհրդարանում ստեղծել էթիկայի հանձնաժողով, որը կարող էր փոխել իրավիճակը: Այժմ այն ստեղծվել է, սակայն աշխատանքի պտուղները չենք տեսնում: Միայն հայտարարություններով իրավիճակ փոխելը շատ դժվար է, եթե հաշվի ենք առնում քաղաքական իրողությունները:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր