Իսրայելը մտադիր է պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանությունը
Fri, 26 Jun 2026 09:04:57 +0400

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ ինքը բանաձև կներկայացնի Իսրայելի կառավարությանը, ապա՝ խորհրդարանին՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության է ենթարկվել ավելի քան 1,5 միլիոն հայ, իսկ այդ փաստը ճանաչվել է 23 երկրների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից, գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ անդրադառնալով Իսրայելի ԱԳ նախարարի հայտարարությանը։
«Իսրայելի կառավարության հաջորդ նիստում ես կներկայացնեմ բանաձևի նախագիծ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ», – գրել է Սաարը X սոցիալական ցանցում։ Նախարարը նշել է, որ բանաձևը այնուհետև կներկայացվի Իսրայելի խորհրդարան (Քնեսեթ)։ Սաարի խոսքով՝ ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտականություն է, և Իսրայելը պետք է դատապարտի պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, զեղչում կամ խեղաթյուրում։ Իսրայելական The Times of Israel թերթի փոխանցմամբ՝ բանաձևը կներկայացվի կիրակի օրը։
Թերթի տվյալներով՝ Իսրայելը երկար ժամանակ խուսափում էր ցեղասպանության պաշտոնական ճանաչումից՝ հարցի զգայունության պատճառով, սակայն Թուրքիայի հետ վատթարացող հարաբերությունների ֆոնին վերջին տարիներին որոշ քայլեր է ձեռնարկել հայ ժողովրդի դեմ կատարված ոճիրը ճանաչելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր