ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Fri, 26 Jun 2026 12:00:34 +0400

Բաքու կատարած այցի ընթացքում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն քննարկել է տարածաշրջանային զարգացումները, ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները՝ հանդիպումներ ունենալով Ադրբեջանի պաշտոնյաների հետ։
Նա այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում․
«Ես ուրախ եմ վերադառնալ Բաքու՝ իմ ադրբեջանցի գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի և արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ ինտենսիվ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Մեր քննարկումները կենտրոնացած էին տարածաշրջանային զարգացումների, ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների, տրանսպորտային կապի հնարավորությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և Եվրամիության՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ առաջիկա բարձր մակարդակի համագործակցության վրա»։
«Մենք համաձայնության եկանք երկու երկրների միջև կայուն խաղաղության ճանապարհին ձեռք բերված թափը և պատմական առաջընթացը պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ։ Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին», – նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր