«Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից

«Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից

Sat, 27 Jun 2026 08:45:57 +0400


Նախօրեին ՔՊ վարչության փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահի թեկնածուի ընտրության արդյունքները շոկային են եղել ոչ միայն գործող նախագահ Ալեն Սիմոնյանի համար, այլեւ նրա թիմակիցների, ովքեր գրեթե հարյուր տոկոսով վստահ էին, որ նա է նորից ԱԺ նախագահի աթոռին բազմելու, քանի որ վայելում է Փաշինյանի աջակցությունն ու համակրանքը։ Մինչդեռ, ինչպես տեսանք, ՔՊ վարչությունում անցկացված ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայն ստացավ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Ասում են՝ նա 12 ձայն է ստացել, իսկ Ալեն Սիմոնյանի օգտին վարչության 20 անդամից ընդամենը 5-ն է կողմ եղել, երրորդ թեկնածուն ՔՊ խմբակցության ղեկավար, ճամբարափոխ Հայկ Կոնջորյանն էր։

ՔՊ ֆրակցիայում, մինչ վարչության նիստի նախօրեն, կասկած չեն ունեցել, որ Ալեն Սիմոնյանն է շարունակելու լինել ԱԺ նախագահը, նախ՝ որ դա տեսանելի էր իր եւ Փաշինյանի ջերմ շփումներից, երկրորդ՝ ինքն էլ էր բոլորին հավաստիացրել, որ շեֆն իրեն «դաբրո է տվել»: Ավելին, մեր աղբյուրները պատմում են, որ իր՝ կրկին առաջադրվելու մասին Սիմոնյանը նախապես զրուցել է Փաշինյանի հետ, առարկություն չի ստացել, նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում էլ Փաշինյանն ու Սիմոնյանն «ուրախ ավտոբուսի» առաջին նստարանի անբաժան զույգն էին, եւ պեռաշկի ու կուկուռուզ ուտելու տեսարանների պատճառով Սիմոնյանին ամենից շատն էին թիրախավորում, բայց վերջին պահին իրավիճակը փոխվել է, կամ էլ Փաշինյանն իրեն բնորոշ ոճով նենգ խաղ է խաղացել` ԱԺ խոսնակի գլխի տակ փափուկ բարձ դնելով, տակից ուրիշ խաղ խաղալով։

Ի դեպ, ի սկզբանե որոշված է եղել, որ խորհրդարանի խոսնակի թեկնածուի ընտրությունները ՔՊ վարչությունում անցկացնելու են բաց քվեարկությամբ, առաջարկն էլ վարչության վերջին նիստերից մեկում անձամբ Փաշինյանն է արել, ոչ մեկը դեմ չի եղել, սակայն քվեարկության նախորդ օրը ՔՊ աշխատակազմից վարչության անդամներին ծանուցել են փակ քվեարկության անցկացման մասին, իբրեւ թե ինչ-որ մարդիկ նման առաջարկով են հանդես եկել, եւ դա տարօրինակ է թվացել առաջին հերթին Ալեն Սիմոնյանին, իսկ արդեն քվեարկության արդյունքներն իմանալուց հետո նա հասկացել է, որ վատ խաղ խաղացին իր գլխին: Ընտրությունից անմիջապես հետո նա արագ հեռացել է կուսակցության գրասենյակից։ Իհարկե, մեկ օր անց` հաջորդ օրը, կեսօրին Ալեն Սիմոնյանն իր էջում շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին, բայց նա դժվար թե չհասկանա, որ համալրում է Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործված ու դեն շպրտվածների շարքերը, որն արդեն ստվար թիվ է կազմում։

Մեր աղբյուրներն ասում են՝ այնպես չէ, որ ՔՊ-ում շատ գոհ են Ռուբեն Ռուբինյանի ընտրության փաստից, նա թիմում ոչ ճշտապահ, անհավասարակշիռ, անկառավարելի, չար մարդու համբավ ունի, եւ շատերը վստահ են, որ ԱԺ նախագահի ծանրաձողը շուտով նա գցելու է ոտքին` առաջին իսկ հարմար առիթով խորհրդարանի դահլիճում «դեբոշներ» են ծագելու, քննարկումները վերածվելու են «ռազբիրատների», չեն կարողանալու օրենքներ ընդունել, մանավանդ` ՔՊ-ի մանդատների քանակը նվազել է, եւ խորհրդարանի վարկանիշը հանրության աչքում էլ ավելի է նվազելու։ ՔՊ-ում կասկածներ ունեն, որ Ռուբինյանի ընտրությունը հրահանգված է դրսից, եւ դրանով է նաեւ բացատրվում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի արագ շնորհավորանքը, երբ ընդամենը կուսակցական օրգանը երաշխավորել է Ռուբինյանի թեկնածությունը: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունը կառավարվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, կառավարությունում Ալիեւի կամակատարն է իշխելու, խորհրդարանում՝ Թուրքիայի։

Իհարկե, այլ կարծիքներ էլ կան, որ Նիկոլ Փաշինյանը չէր հանդուրժելու Սիմոնյանին, որ վաղուց պարզ էր, որ Փաշինյանը չեզոքացնելու է Սիմոնյանին, քանի որ նրա թքելու պատմությունը եւ անձնական կյանքի վայրիվերումները նրան դուր չեն գալիս, եւ պատահական չէր, որ ՔՊ ցուցակը կազմելիս Ալեն Սիմոնյանը հայտնվել էր հետին հորիզոնականներում` նա 14-րդն էր, համեմատության համար նշենք, որ Ռուբինյանը՝ 7-րդ, իսկ Կոնջորյանը 11-րդն էին։ Բայց Ալեն Սիմոնյանն այս տարիներին լավ կապեր էր ստեղծել աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ, ներկայանալի տեսք ուներ եւ կարողանում էր տիրապետել խորհրդարանին, իսկ Քըլըչի գործընկերը, չնայած շատ լավ թուրքերեն է խոսում, բայց ԱԺ խոսնակ դառնալու համար երկար ճանապարհ ունի անցնելու: Մեծ հաշվով, Փաշինյանին ճանաչողներն ասում են, որ երբեք չի կարելի կանխատեսել, թե նա այդ օրն ինչ որոշում կկայացնի` դա կախված է այդ օրվա նրա տրամադրությունից, էմոցիոնալ բռնկումներից եւ կուլիսային շփումներից, որից հանրությունը տեղեկացված չէ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Փաշինյանին ձեռնտու են նոր ընտրությունների մասին լուրերը

«Հրապարակ». Փաշինյանին ձեռնտու են նոր ընտրությունների մասին լուրերը Sat, 27 Jun 2026 10:15:15 +0400 ՍԴ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով