Բաքուն պնդում է՝ 2020-ից ի վեր ավելի քան 2000 հայ զինծառայողի աճյուն է հանձնել Հայաստանին
Tue, 30 Jun 2026 14:00:00 +0400

«2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանը Հայաստանին է հանձնել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուն»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով «Ժամանակակից մոտեցումներ և համագործակցության ամրապնդում անհետ կորած անձանց հարցի լուծման գործում» միջազգային համաժողովում, հաղորդում է Trend-ը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողներն «այս որոնումները կատարել են դժվար եղանակային և ականապատման բարձր վտանգի պայմաններում»։
«Հետպատերազմական շրջանու կայուն խաղաղության հասնելու ամենակարևոր պայմաններից մեկը այս խնդրի լուծումն է: Զինված հակամարտությունների ժամանակ մարդկանց անհետացումը ողբերգություն է, որը խորը հետք է թողնում ոչ միայն առանձին ընտանիքների, այլև ամբողջ հասարակությունների հիշողության մեջ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 2025 թվականի մայիսի «Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» զեկույցում նույնպես միջազգային մարդասիրական իրավունքի խախտումը նշվել է որպես աշխարհի բազմաթիվ հակամարտություններում տեղի ունեցած հսկայական մարդկային կորուստների հիմնական պատճառներից մեկը: Այս իրականությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ անհետ կորած անձանց հարցը առաջնահերթություն է ոչ միայն ազգային, այլև համաշխարհային մարդասիրական օրակարգում», – ասել է Մամեդովը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր