Կողոպտել են աշխարհահռչակ օպերային երգչի տունը
Tue, 30 Jun 2026 20:30:49 +0400

Կողոպտել են աշխարհահռչակ իտալացի օպերային երգիչ, տենոր Անդրեա Բոչելիի առանձնատունը, որը գտնվում է Թիրենյան ծովի ափին՝ իտալական Տոսկանայում, Ֆորտե-դեյ-Մարմի առողջարանում։ «Il Tirreno» պարբերականի հաղորդմամբ՝ պատճառվել է 500 հազար եվրոյի վնաս։ Կողոպուտի ժամանակ տանը ոչ ոք չի եղել։ Իրավապահները նշում են, որ կողոպուտն իրականացվել է բանդայի կողմից։ Սեփականատերերը առանձնատունը ժամանակավորապես վարձով են տված եղել ամերիկացի տուրիստների ընտանիքի։ Գողերը տարել են թանկարժեք զարդեր, ժամացույցներ, ֆիրմային պայուսակներ եւ կանխիկ փող։ Հայտնի է դարձել նաեւ, որ տունը պահնորդական որեւէ կազմակերպության կողմից չի հսկվել, ազդանշանային համակարգ անցկացված չի եղել։ Պարբերականը նշում է, որ Բոչելիի ընտանիքին այդ շրջանում մի քանի թանկարժեք անշարժ գույք է պատկանում, որոնց մի մասը վարձակալությամբ է տրվում հարուստ տուրիստներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր