Կառավարությունը փորձում է եկամտի նոր աղբյուրներ գտնել եւ ավելի քիչ ռեսուրսներով ավելի շատ մարդկանց վերահսկել
Tue, 30 Jun 2026 20:45:43 +0400

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել բջջային հեռախոսների IMEI կոդերի գրանցման պարտադիր համակարգ ներդնելու օրենսդրական փաթեթին։ Ըստ այդմ, հայկական բջջային ցանցերում կաշխատեն միայն օրինական ներմուծված կամ պետական տուրքի միջոցով գրանցված սարքերը։ Նախատեսվում է, որ համակարգն ամբողջությամբ կգործարկվի, և չգրանցված հեռախոսները կարգելափակվեն։ Ֆիզիկական անձինք պարտավոր են գրանցել իրենց կողմից Հայաստան ներմուծված այն հեռախոսները, որոնք արտադրվել են գրանցման մեկնարկի կամ դրա նախորդ տարում։ IMEI կոդերի գրանցումը քաղաքացիների համար դառնալու է վճարովի՝ նախատեսվում է պետական տուրքի գանձում, իսկ շարժական կապի օպերատորները պարտավոր են լինելու կասեցնել կամ մերժել ծառայության մատուցումը՝ SIM քարտի ակտիվացումը, եթե հեռախոսի IMEI-ը բացակայում է միասնական պետական բազայից։
«Հրապարակի» հետ զրույցում անվտանգության և ռազմավարության հարցերով խորհրդատու, Ռուսաստանում և Արգենտինայում ԱՄն նախկին փոխհյուպատոս Միքայել Դարբինյանը նկատում է, որ 2022 թվականից ի վեր Հայաստանը դարձել է բջջային հեռախոսների տարանցիկ երկիր։ «Այդ թվականից սկսած՝ հեռախոսների ներմուծումներն ու վերաարտահանումները կազմել են ՀՀ արտաքին առևտրի մոտ 5%-ը։ Մինչդեռ նախորդ երեք տարիներին ներմուծումները կազմում էին ընդամենը 2-4%, իսկ վերաարտահանումները՝ մոտ 0,05%։ Սա ցույց է տալիս, որ ներմուծվող հեռախոսների զգալի մասը, ամենայն հավանականությամբ, վերաարտահանվում էր` առանց Հայաստանում օգտագործվելու կամ գրանցվելու։ Հետևաբար, IMEI գրանցումների մասին նման օրենքը այս խնդիրը չի լուծում, քանի որ այն անմիջականորեն կապված չէ վերաարտահանման հոսքերի հետ։ 2022-2024 թթ․ Հայաստանից հեռախոսների վերաարտահանումների շուրջ 90%-ն ուղղվել է դեպի Ռուսաստան։ 2025-ից սկսած տվյալները դեռ հասանելի չեն՝ ըստ Observatory of Economic Complexity։ Մինչև 2022-ը ուղղություններն ավելի դիվերսիֆիկացված էին դեպի ԵՄ, Ռուսաստան, ԱՄԷ, Իրան և այլ շուկաներ։ IMEI-ի մասին օրենքը, ամենայն հավանականությամբ, էապես չի ազդի այս առևտրային հոսքերի վրա, քանի որ եթե վերաարտահանվող հեռախոսները չեն օգտագործվում Հայաստանում, դրանց IMEI գրանցումը, ըստ էության, անհրաժեշտ չէ»,-ասաց անվտանգության մասնագետը:
Նա ավելի հավանական է համարում այն, որ կառավարությունը փորձում է եկամտի նոր աղբյուրներ գտնել։ Դրանցից մեկը կարող է լինել հեռախոսներից լրացուցիչ վճարների, հարկերի գանձումը։ Քանի որ մեծ քանակությամբ սարքեր են մտնում երկիր, նույնիսկ դրանց փոքր մասից գանձվող վճարները կարող են պետության համար լրացուցիչ եկամուտ ապահովել։ Սակայն խնդիրներ են առաջանում նաև անձնական կյանքի գաղտնիության իրավունքի իրացման մասով, մտահոգված է խորհրդատուն: Նա շեշտում է, որ պետությունը կարող է ավելի արագ և ավելի քիչ ռեսուրսներով հասանելիություն ստանալ ցանկացած անձի տվյալներին՝ հնարավորություն ունենալով պարզել նրա գտնվելու վայրը` թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, թե ում հետ է հաղորդակցվել, ինչ բովանդակությամբ և այլն: Արդյո՞ք գործ ունենք տոտալ վերահսկողության հետ։ «Այսօրվա պայմաններում, երբ ավտորիտար պրակտիկաները խորանում են, սա լիովին իրատեսական ռիսկ է։ Փաշինյանի ձեռքում կենտրոնացված են իշխանության գրեթե բոլոր լծակները, և նրա ցուցումով հետախուզական կամ իրավապահ մարմինները կարող են նման գործիքներն օգտագործել ընդդիմադիրներին, այլախոհներին վերահսկելու, չեզոքացնելու կամ ձերբակալելու համար։ Այս տվյալների համադրումը պետության համար շատ ավելի հեշտացնում է անձի մասին ամբողջական պատկեր ստանալու գործընթացը»,- ասաց վերջինս:
Մեր հարցին, արդյո՞ք սա նշանակում է, որ շարքային քաղաքացիները պիտի զգուշանան, թե ինչ են խոսելու իրենց տներում, ասաց, որ այս պրակտիկան կարող է նաև գաղտնալսումները դարձնել ավելի թիրախավորված՝ հատկապես այն անձանց նկատմամբ, որոնք նախկինում կառավարության ուշադրության կենտրոնում չէին` պարզապես ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով։ Այժմ տվյալների մեծ մասը կարող է կենտրոնացված լինել մեկ շտեմարանում։ Պետք չի լինի առանձին դիմել բջջային օպերատորներին, սպասել նրանց պատասխանին, հետո դիմել ԱԱԾ սահմանապահ զորքերին՝ անձի մուտք ու ելքի տվյալները պարզելու համար, կամ ՊԵԿ-ին՝ հարկային ու մաքսային հարցերով տեղեկություն ստանալու նպատակով՝ այդ ամենը կենտրոնացված է լինելու մեկ տեղում։
Իսկ հիմնական նպատակը այս նախագծի ո՞րն է հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Եթե նպատակը ըստ օրենքի իսկապես «չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառության» կանխումն է, կամ «հարկային մուտքերի կորուստների, շուկայի մրցակցության խաթարման և տեխնիկական ու անվտանգության ռիսկերի» նվազեցումը, ապա այս քայլը բավականին ուշացած է՝ մոտ 4 տարով։ Ավելին, օրենքը դեռ միայն մեկ տարի հետո է ամբողջությամբ գործելու։ Այդ պատճառով այս բացատրությունը դժվար է համարել լիովին իրատեսական։ Գուցե այն կարող է ներկայացվել որպես երկարաժամկետ լուծում, բայց այս իշխանության գործելակերպը հեռանկարային մոտեցման տպավորություն չի թողնում։ Ավելի իրատեսական և գործնական նպատակն է հասարակության նկատմամբ վերահսկողության ուժեղացումը՝ ավելի քիչ ռեսուրսներով ավելի շատ մարդկանց վերահսկելու հնարավորությունը»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր