Նիկոլն այդտեղ ни при чём

Նիկոլն այդտեղ ни при чём

Sat, 04 Jul 2026 18:45:26 +0400


Ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մաթեմատիկոս, երաժշտագետ, ֆիզիկոս, աստղագետ, երաժշտության տեսաբան Ռենե Դեկարտին է պատկանում հանրահայտ «Կասկածում եմ, ուրեմն՝ մտածում եմ, մտածում եմ, ուրեմն՝ գոյություն ունեմ» դատողությունը: Քանի որ ես ո՛չ ֆրանսիացի եմ եւ ո՛չ էլ այդչափ շնորհների տեր, ընդամենը կասեմ՝ չեմ հավատում: Բայց ոչ թե ընդհանրապես հավատ չունեմ, այլ չեմ հավատում կոնկրետ մի երեւույթի: Ինչ վերաբերում է հավատ ունենալուն, ապա խոստովանեմ. համարյա կես դար ապրելուց հետո հասկացա, որ հնարավոր չէ առանց Աստծո: Եվ ամեն Աստծո օր սկսում եմ Տերունական աղոթքը մտքումս արտասանելով (գրաբարով): Իսկ չեմ հավատում, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չեզոք դիրք է գրավել Սիմոնյան Ալենի պաշտոնավարման հարցում: Ո՞նց կարելի է «ուրախ ավտոբուսում» Ալենի հետ կողք-կողքի նստած «պեռաշկի» ու այլ բարիքներ վայելել, իսկ հետո հայտարարել, թե Ռոբինյանի թեկնածությունն ընդունվել է վարչության նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ, եւ ինքն այդտեղ ни при чём (այսինքն՝ մեղավոր չէ):

Դե, եթե ինքը մեղք չունի, Ալենն էլ խիստ վիրավորվելու հիմք ունի: Բայց ոչ այն աստիճան, որ թշնամանա նրա հետ: Ուղղակի նրա համարձակությունը բավարարեց այն բանին, որպեսզի դրժի սեփական խոստումը: Դա այնպիսի խոսք չէր, որպեսզի դրժումն էլ փոթորիկ հարուցեր առնվազն ՔՊ-ում: Ինչպես, ասենք, Սերժի խոստումը, որ փոթորիկ հարուցեց ողջ հանրապետությունում: Ալենն ընդամենը խոստացել էր, որ կվարվի այնպես, ինչպես կորոշի ՔՊ վարչությունը: Իսկ վարչությունը սկզբում որոշեց, որ Ալենը պետք է պատգամավորի թեկնածու գրանցվի: Նա համաձայնեց: Հետո նույն վարչությունը որոշեց, որ Ալենն այլեւս չպետք է լինի ԱԺ նախագահի ՔՊ-ական թեկնածու: Ու այստեղ տեղի ունեցավ անհավանականը. վիրավորված Ալենը մոռացավ, որ ինքը խոստացել էր լինել շարքային պատգամավոր, եթե այդպես որոշի վարչությունը: Ու խիստ վիրավորված՝ որոշեց հրաժարվել պատգամավորական մանդատից:

Սա արդեն համարձակության ավելի մեծ դոզա պահանջող վարքագիծ էր, ինչի առումով կարելի կլիներ նույնիսկ շնորհավորել նրան: Բայց քանի որ այն, այնուամենայնիվ, սահմանափակ էր, այդ որոշումը, իր ասելով, քննարկել է վարչապետի հետ ու, ենթադրաբար, ստացել է նրա համաձայնությունը: Որպես ասվածի հավաստում՝ ավելացրեց, որ քաղաքական առումով չի հեռանալու, միշտ կլինի նրա կողքին՝ կես կամ մեկ քայլ ետ: Իսկ որպեսզի նախկինում տրված խոստումը դրժելը հիմնավորվի, հիշեց, որ ինքը հանգստանալու կարիք ունի, ինչպես նաեւ՝ պետք է լուծի անձնական հարցեր: Հետաքրքիր է՝ բոլոր նրանք, ում բախտը չի բերում, պաշտոնազրկումը հիմնավորում են հանգստանալու կարիքով: Թեկուզ պաշտոնավարեն երկու կամ քսան տարի:

Հարց կառաջանա՝ իսկ ինչո՞ւ, այնուամենայնիվ, ՔՊ-ականները նախընտրեցին Ռուբինյան Ռուբենին: Հենց իրենք էին ասում, որ բռնկուն է, ես կավելացնեի՝ ոչ ավելի բռնկուն, քան իր առաջնորդը: Իսկ ԱԺ նախագահի պաշտոնում կսազեր մեկը, որն ավելի հանգիստ լիներ, քան Ալենը: Չնայած, հաշվի առնելով Նիկոլի՝ խիստ բռնկուն լինելու հանգամանքն ու ավելի մեծաթիվ ու ավելի ըմբոստ ընդդիմության առկայությունը խորհրդարանում, Նիկոլին ձեռք կտար հենց այդպիսի թեկնածուն: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ալենին Նիկոլը «ժերտվա է տվել» շատ ավելի լուրջ պատճառով: Այն է՝ ՌԴ ղեկավարության հետ լեզու գտնելու ակնկալիքով, հաշվի առնելով Ալենի «խիստ համարձակ» ելույթներն ընդդեմ ռուսների: Կամ էլ թուրքերի հետ բանակցող Ռուբենի կարգավիճակը բարձրացնելով՝ Նիկոլը հույս ունի դրդել թուրքերին, որ արագացնեն դիվանագիտական եւ այլ հարաբերությունների հաստատումը Հայաստանի հետ: Չնայած մեկը մյուսին չի խանգարում՝ գոյության իրավունք ունի թե՛ «պրոռուսական ժերտվան» եւ թե՛ թուրքերի խնդիրը: Մի խոսքով, Ալենի բախտը չբերեց, եւ դա նման էր անամպ երկնքում ամպերի որոտի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Դպրոցների կառավարումն անցնում է նախարարությանը

«Հրապարակ». Դպրոցների կառավարումն անցնում է նախարարությանը Fri, 03 Jul 2026 11:15:08 +0400 «Հանրակրթության մասին» օրենքում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով