Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Դրամի ամրապնդումը ոչ թե տոնելու, այլ լրջորեն ուսումնասիրելու երևույթ է

Դրամի ամրապնդումը ոչ թե տոնելու, այլ լրջորեն ուսումնասիրելու երևույթ է

Sat, 07 Nov 2026 19:45:04 +0400


Ո՞վ է շահում Հայաստանի արժութային «հրաշքից»: Հայկական դրամը շարունակում է ամրապնդվել։ Դոլարն ու եվրոն օր օրի էժանանում են, առաջին հայացքից սա պիտի ուրախացներ բոլորիս` ազգային արժույթն ուժեղանում է, ներմուծվող ապրանքները տեսականորեն պետք է էժանանան, արտարժույթով պարտքեր ունեցողներն ավելի քիչ դրամ պիտի վճարեն։ Ի՞նչ վատ բան կա սրա մեջ։

Բայց կանգ առնենք։ Տարօրինակ հակասություն չկա՞. եթե տնտեսությունն ամուր է, ինչո՞ւ սեփական արտադրությունը չի կարողանում բավարար չափով ապահովել ներքին շուկան, ինչո՞ւ գյուղացին իր բերքի իրացման խնդիր ունի, ինչո՞ւ արտահանման ծավալները նվազում են, իսկ ներմուծումը՝ աճում։ Ամենակարևորը՝ ինչո՞ւ է դրամն ուժեղանում մի երկրում, որի տնտեսական հզորության գլխավոր չափանիշը՝ սեփական արտադրանքի մրցունակությունը, դեռևս լուրջ հարցեր է առաջացնում։ Դրամն ուժեղանում է, բայց ինչի՞ հաշվին։
Մի փոքր ժամանակագրություն։ Դրամի ամրապնդումը երեկվա կամ վերջին վեց ամսվա երևույթ չէ։ Դրա հիմքերը ձևավորվել են 2022 -ից ի վեր, երբ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխվեցին բազմաթիվ ռուսաստանցիներ, ֆինանսական միջոցներ հոսեցին երկիր, ակտիվացան անշարժ գույքի շուկան, ծառայությունների ոլորտն ու բիզնեսը:

2018 թ. մեկ դոլարի միջին արժեքը 483 դրամ էր, 2021-ին՝ 503 դրամից ավելի, իսկ 2024-ին արդեն 393 դրամ։ 2026 թ. հունվարին այն շուրջ 380 դրամ էր, իսկ նոյեմբերի 4-ին Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքով՝ ընդամենը 357.5 դրամ։ Միայն այս տարվա սկզբից դոլարի նկատմամբ դրամն ամրապնդվել է ավելի քան հինգ տոկոսով։ Որտեղի՞ց է այդքան արտարժույթ հայտնվել ՀՀ-ում։ Առաջին հերթին՝ արտերկրից ստացվող դրամական փոխանցումներից։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2026 թ. առաջին կիսամյակում ֆիզիկական անձանց զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճել են 21.7 տոկոսով։ Հուլիսին դրանց աճը հասել է 40 տոկոսի, հիմնականում Ռուսաստանից եկող հոսքերի հաշվին։ Երկրորդ՝ զբոսաշրջությունից և ծառայությունների արտահանումից։ Օտարերկրացիները գալիս են Հայաստան, բնակարաններ վարձակալում, հյուրանոցներում մնում, սնվում, օգտվում ծառայություններից։ Նրանց բերած արտարժույթի մի մասը փոխանակվում է դրամի՝ ավելացնելով դրա նկատմամբ պահանջարկը։ Երրորդ՝ ներդրումներից, անշարժ գույքի գործարքներից և կապիտալի այլ ներհոսքից։ Այս ամենին գումարվում են ֆինանսական փոխանցումները, վարկերն ու այլ արտաքին ֆինանսական հոսքերը։ Արտարժույթը ՀՀ է մտնում, բայց դրա ամբողջ ծավալը մեր գործարանների, գյուղատնտեսության կամ հայկական արտադրանքի արտահանման արդյունք չէ։ Ահա այն տարբերությունը, որը չպետք է անտեսել. Մեր երկիրը արտարժույթ է ստանում՝ առանց համարժեքորեն ավելացնելով սեփական արտադրական կարողությունները։

Արդյո՞ք դրամի ամրապնդումն արհեստականորեն կազմակերպված գործընթաց է։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը դեռ մայիսին բացատրել է, որ դրամի ամրապնդման հիմքում հիմնականում ֆինանսական հոսքերի աճն է։ ԿԲ-ն միջամտում է արտարժույթի շուկային, երբ առաջանում է միակողմանի ճնշում։ Բայց պետք է տարբերել երկու բան։ Մի բան է շուկայական իրական հիմքերից անկախ փոխարժեքը արհեստականորեն փոխելը, մեկ այլ բան՝ արտարժույթ գնելով շուկայի կտրուկ տատանումները մեղմելը։ Այո, արտարժույթի ներհոսքը մեծ է, իսկ ԿԲ-ն դրա միայն մի մասն է կլանում՝ գնելով և պահուստներ կուտակելով, ավելցուկային առաջարկը շարունակում է ճնշում գործադրել դոլարի փոխարժեքի վրա։ Այստեղ արդեն օրինաչափ հարց է առաջանում. որքանո՞վ է ԿԲ-ն պարտավոր հաշվի առնել ոչ միայն գների ու ֆինանսական կայունության, այլև դրամի չափազանց ամրապնդման հետևանքով տեղական արտադրողների մրցունակությանը սպառնացող վտանգները։ Այս հակասությունն արդեն թվերով է արտահայտվում։ Ըստ Համաշխարհային Բանկի սեպտեմբերյան ամփոփման՝ 2026 թ. յոթ ամիսներին արտահանումը նվազել էր 7.9, իսկ ներմուծումն աճել՝ 7.7 տոկոսով։ Արտաքին առևտրի պակասուրդը հասել էր ՀՆԱ-ի 10 տոկոսին։ 9 ամիսների տվյալներն ավելի խոսուն են. արտահանումը նվազել է 8 տոկոսով (5.16 միլիարդ դոլար), ներմուծումն աճել է 9.5 տոկոսով՝ հասնելով 9.79 միլիարդ դոլարի։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքն էլ նույն ժամանակահատվածում նվազել է 4.8 տոկոսով։

Ընդհանուր պատկերը մտահոգիչ է։ Մեր արտաքին առևտրի հաշվեկշիռը բարելավման փոխարեն վատթարանում է, ներմուծումն արտահանման համեմատ առաջ է անցնում, իսկ դրամը …շարունակում է ամրապնդվել։ Սա նշանակում է, որ արժույթի ամրապնդումը հիմնականում բացատրվում է ոչ թե առևտրային հաշվեկշռի բարելավմամբ, այլ ծառայություններից, փոխանցումներից ու կապիտալի ներհոսքից գոյացող արտարժույթի առաջարկով։

Ո՞վ է շահում, ո՞վ է վճարում այս արժութային հրաշքի գինը։ Շահողների շարքում առաջինը ներմուծողներն են։ Նրանք արտասահմանից ապրանքը գնում են դոլարով, ՀՀ-ում վաճառում դրամով։ Երբ դոլարն էժանանում է, նրանց գնման ծախսերը դրամով նվազում են։ Բայց դա չի նշանակում, որ ապրանքը նույն չափով էժանանում է խանութներում (ՀՀ-ում նման բան երբեք չի լինում)։ Եթե ներմուծողը չի նվազեցնում վաճառքի գինը, փոխարժեքի տարբերությունից ստացած օգուտը կարող է մնալ նրա շահույթի մեջ։ Շահում են նաև արտարժույթով պարտք ունեցող քաղաքացիներն ու կազմակերպությունները։ Դոլարային պարտքը մարելու համար ավելի քիչ դրամ է անհրաժեշտ։ Նույնը վերաբերում է պետությանը՝ արտաքին պարտքի դրամային սպասարկման առումով։ Բայց մյուս կողմում տեղական արտադրողն է։ Պատկերացնենք՝ հայկական ձեռնարկությունն իր արտադրանքը արտահանում է 1000 դոլարով։ Եթե նախկինում դրա դիմաց ստանում էր 390 հազար դրամ, իսկ այժմ՝ 360 հազար, ապա նույն ապրանքի վաճառքից նրա դրամային եկամուտը նվազում է 30 հազարով։ Մինչդեռ աշխատավարձը, էլեկտրաէներգիան, հարկերը և արտադրական մյուս ծախսերը շարունակում են հաշվարկվել դրամով։ Իսկ ի՞նչ վիճակում է ներմուծողը։ Նրա արտասահմանյան ապրանքի գնման դրամային արժեքը նվազում է։ Այսպիսով, նույն շուկայում հայկական արտադրողը կարող է հայտնվել ավելի անբարենպաստ մրցակցային պայմաններում, քան պատրաստի ապրանք ներմուծողը։ Շարքային սպառողը շահո՞ւմ է։ Տեսականորեն՝ այո, որովհետև ուժեղ դրամը կարող է էժանացնել ներմուծվող ապրանքները։ Բայց եթե միջազգային գները բարձրանում են, ներքին ծախսերն աճում են, իսկ ներմուծողը փոխարժեքի օգուտը չի փոխանցում գնորդին, ՀՀ քաղաքացին այդ առավելությունն ընդհանրապես չի զգում։ Այսպես միևնույն արժութային գործընթացը մի խմբի համար շահույթ է, մյուսի համար՝ կորուստ, իսկ երրորդի համար՝ ընդամենը վիճակագրական ցուցանիշ։ Սակայն ամենամեծ վտանգը փոխարժեքը չէ, այլ տնտեսության կառուցվածքը։

ՀԲ-ի տվյալներով՝ 2026 թ. առաջին կիսամյակում տնտեսական աճը կազմել է 6 տոկոս, իսկ առաջին ինը ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը հասել է 6.9 տոկոսի։ Բայց տնտեսական աճն ու արտադրական տնտեսության հզորացումը նույն բանը չեն։ Եթե աճի հիմնական շարժիչներից են սպառումը, շինարարությունը, ծառայություններն ու ֆինանսական հոսքերը, ապա դեռ պետք է իմանանք՝ ի՞նչ ենք արտադրում, ի՞նչ ենք արտահանում և որքանո՞վ ենք սեփական արտադրանքով մրցակցում ներմուծվող ապրանքների հետ։ Մենք կարող ենք ունենալ ամրապնդվող դրամ, աճող առևտրաշրջանառություն, լեփ-լեցուն առևտրի կենտրոններ ու ծառայությունների ընդլայնվող ոլորտ, բայց՝ գյուղատնտեսության անկում, արտահանման նվազում, ներմուծումից կախվածության խորացում։ Իմ կարծիքով՝ ԿԲ-ն, կառավարությունը, տնտեսական քաղաքականություն մշակողները պարտավոր են մեզ բացատրել ոչ միայն, թե ինչու է դոլարն էժանանում, այլև՝ ինչ հետևանքներ ունի այդ գործընթացը հայկական արտադրության, արտահանման, գյուղատնտեսության և աշխատատեղերի համար։ Որովհետև դրամի արժեքը միայն այն չէ, թե մեկ դոլարի դիմաց քանի դրամ ենք վճարում։ Ազգային արժույթի իրական ուժն այն է, թե ինչքան արտադրանք կարող ենք ստեղծել, ինչքան կարող ենք արտահանել, որքանով կարող ենք ապահովել մեր ներքին շուկան և որքանով է մեր տնտեսությունն անկախ արտաքին ֆինանսական հոսքերի պատահական բարեհաճությունից։ Իսկ եթե վաղը դրսից եկող փողը պակասի ո՞րն է լինելու մեր տնտեսական հենարանը՝ սեփական արտադրությո՞ւնը, թե՞ հերթական փոխարժեքային անակնկալին սպասելը։

Հ.Գ. Դրամը կարող է ուժեղ լինել, բայց երկիրը դրանից ինքնաբերաբար ուժեղ չի դառնում։ Եվ եթե մեր արժութային «հրաշքի» հիմքում ավելի շատ դրսից եկող փողն է, քան ներսում ստեղծվող արժեքը, ապա այդ հրաշքով հպարտանալու փոխարեն արժե մտածել՝ որքանո՞վ է այն կայուն։ Դրամի ամրապնդումը ոչ թե ինքնաբերաբար տոնելու, այլ լուրջ ուսումնասիրելու երևույթ է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան Fri, 06 Nov 2026 23:15:43 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով