Ընդդիմություն, չփորձեք մեզ ախուրյանցի Անոյի տեղը դնել

Ընդդիմություն, չփորձեք մեզ ախուրյանցի Անոյի տեղը դնել

Sat, 04 Jul 2026 19:10:48 +0400


Նոր ընտրություններ չեն լինի. Սահմանադրական դատարանը 6 օր քննելով քաղաքական 7 ուժերի ներկայացրած դիմումները՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոշում կայացրեց մերժել դրանք։ Բարձր դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել հուլիսի 1-ին։ «Սահմանադրական դատարանը որոշեց Ազգային ժողովի 2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 259-Ա որոշումը թողնել ուժի մեջ»,-նշեց դատարանի նախագահ Արման Դիլանյանը որոշման հրապարակման ժամանակ։

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Նոր ուժ» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունները Սահմանադրական դատարանում վիճարկում են ԿԸՀ-ի հունիսի 14-ի՝ «ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշումը։ ՍԴ-ն գործի քննությունը սկսել էր հունիսի 26-ին և շարունակել շաբաթ-կիրակի օրերին ու ոչ աշխատանքային ժամերին։ Գործով զեկուցող էր նշանակված Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործում ներգրավվել էր որպես երրորդ կողմ, որպես պատասխանող կողմ էին հանդես էին եկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն, Ներքին գործերի նախարարությունը։

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում խոսելով ՍԴ-ի հրապարակած վճռի մասին, նկատում է․ «Անկեղծ ասած՝ զարմանում եմ՝ հաճախ կարդալով կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների մեկնաբանությունները։ Նոր կարդում էի, որ նրանցից մեկը ինչ-որ մաթեմատիկական հաշվարկներ էր անում, ինչ-որ իմպերատիվ վստահություն էր հայտնում, որ Սահմանադրական դատարանը չի կարող անտեսել պարզ մաթեմատիկան։ Ստացվում է, որ ոչ միայն քաղաքական դաշտն է ողբերգական վիճակի մեջ հայտնվել, այլև՝ իրավական։ Մարդիկ արդեն հրաժարվում են հաշվի առնել ռեալ պոլիտիկը, և իրենց թվում է, որ իրենք կարող են կտեր տալ այն ՍԴ անդամներին, որոնց նշանակել է Նիկոլը։ Ասում են՝ գիտեք ինչ, մենք առաջնորդվում ենք Ալֆայով և Օմեգայով։ Կարդում եմ նրանց մեկնաբանությունները ու շշմում, ինչպե՞ս կարելի է չտեսնել այս պարզ իրողությունները, և չհասկանալ, թե ինչ է կատարվում, ու ասել՝ ես իրավաբան եմ, ու ելնում եմ իրավաբանությունից։ Ես ոչ միայն կանխատեսում էի, որ ՍԴ-ն նման վճիռ է կայացնելու, այլև անգամ 0,1 տոկոս կասկած չունեի, որ Նիկոլի նշանակած ՍԴ կազմը այլ վճիռ չի կարող կայացնել։ Ինձ համար այս որոշումը կանխատեսելի էր, բայց վստահ եմ, որ այն կանխատեսելի էր նաև հենց նույն ընդդիմության համար, հակառակ պարագայում այս օրերին, երբ ՍԴ-ն չէր հրապարակել որոշումը, ընդդիմադիր ուժերը չէին զբաղվի մանդատներ վերցնելու գործընթացներով, ով է գնալու ԱԺ, ով չի գնալու և այլն։ Այս պատկերը պարզ էր բոլորի համար, և իշխանության համար, և ընդդիմության համար, և ժողովրդի համար»։

Հարցին՝ այս փուլում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ընդդիմությունը, Զոհրաբյանը ասաց․ «Ընդդիմությունն իրականում շատ վատ վիճակում է, ինչու, որովհետև չունի փողոցային պայքարի ռեսուրս, հիմա ժողովուրդը դուրս չի գա փողոց, և ինչ է մնում նրանց անել, մանդատները վերցնելուց բացի, սակայն ես կոչ եմ անում նրանց վերցնել մանդատները, ես դրան դեմ չեմ, սակայն խնդրում եմ մանդատները վերցնելու ծիսակարգը չներկայացնել մեզ, ինչու, որովհետև ընդդիմությանը ընտրել է հանրության ադեկվատ զանգվածը, որպես՝ անձնազոհություն, որպես զոհողություն, որ նրանք հեռացնեն Նիկոլին։ Ես ընդդիմությանը խնդրում եմ, որ ոչ մի պարագայում չփորձեն ախուրյանցի Անոյի տեղը դնել մեզ։ Ես չեմ տեսնում որևէ ճանապարհային քարտեզ, որով նրանք պատրաստվում են պայքարել ռեժիմի դեմ։ Հուսանք, որ ժամանակի ընթացքում ինչ-որ մի ճանապարհային քարտեզ կուրվագծվի։ Ի դեպ՝ հույս ունեմ, որ այլևս չեն ասի՝ գնալու ենք խորհրդարան Նիկոլի պորտը տեղը դնենք, սուր հարցեր տանք և այլն։ Մեզ ոչ սուր հարցեր տվողներ են պետք, ոչ էլ Նիկոլի պորտը տեղը դնողներ, ոչ էլ հերոսական գլադիատորական մարտեր են մեզ հարկավոր, ոչ, մենք իրենց այլ բանի համար ենք քվե տվել։ Հասկանում եմ, որ իրենց վիճակը վատ է, սակայն կոչ եմ անում մանդատները վերցնել առանց հերոսական ճառերի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փող է ուզում, շատ փող

Փող է ուզում, շատ փող Sat, 04 Jul 2026 18:15:45 +0400 Նիկոլ Փաշինյանը ընտրությունների վրա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով