Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

100 ոչխար ունի, ճակատին պեծիկ` էշ, իր համար ապրում է՝ «անջակը» դինջ

100 ոչխար ունի, ճակատին պեծիկ` էշ, իր համար ապրում է՝ «անջակը» դինջ

Wed, 08 Jul 2026 16:45:32 +0400


Երկու օր հյուրընկալվեցի Իջեւանի գյուղերում։ Դա բավական էր՝ համոզվելու, որ ընդդիմադիր ուժերը գրեթե չեն հետաքրքրվել, թե մարդիկ ինչ են մտածում գյուղերում, ինչ հոգսերով ու սպասումներով են ապրում։ Կարծես նրանց ձայներն այնքան էլ կարեւոր չեն եղել իրենց համար։ Իսկ գյուղացիները հաշվի են առել այն, ինչ տեսնում են իրենց աչքով՝ պետական բյուջեի հաշվին մի քիչ ճանապարհների ու կամուրջների շինարարություն, մի քանի տների կառուցման ծրագրեր, որոշակի պետական աջակցություն։ Թե ուր է գնում երկիրը, ինչ վտանգներ կարող են լինել վաղը, եւ ինչքանով է Հայաստանը հեռանում ժողովրդավարության ուղուց՝ այդ հարցերը նրանց առօրյա մտածումների կենտրոնում չեն։ Այս պայմաններում ընդդիմության պարտությունը գյուղերում, ըստ իս, դարձել է գրեթե անխուսափելի։

Անտառապատ բարձր լանջերին «թառած» Խաշթառակ գյուղն էր իմ առաջին կանգառը։ Գյուղը թաղված է խաղողի ու պտղատու այգիների մեջ։ Գիտեի, որ այստեղ են նկարահանվել հայկական կինոյի ամենահայտնի ֆիլմերից մեկի՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մի շարք տեսարաններ։ Գյուղի կենտրոնում հանդիպեցի Խաշթառակի բնակիչ Պավել Ափինյանին, խնդրեցի ցույց տալ ֆիլմում հայտնի դատավարության տեսարանի նկարահանման վայրը։ Պավելը ճանապարհը ցույց տվեց, հետո որոշեց «բացել» այցելուի աչքերը. «Մեր գյուղը պատմական վայր է։ Այստեղ են նկարահանվել նաեւ «Տղամարդիկ», «Ճանապարհ», «Ջրերը բարձրանում են», «Հուշարձան», «Նամակ» ֆիլմերը։ Մեր գյուղն անվանում են «հայկական Հոլիվուդ»։ Մեքենայով չեմ տանի՝ ճանապարհը հիմնանորոգվում է։ Եվ ոչ միայն այդ փողոցը։ Գյուղի մյուս փողոցներն էլ են փոխվում՝ թե՛ ասֆալտով, թե՛ տուֆ քարով։ Քայլիր, նայիր շուրջդ հիմա, եթե ոչ՝ վաղը չես տեսնի այն ճանապարհները, ինչպես որ կան նկարահանված ֆիլմերում։ Կտեսնես՝ ոնց է փոխվում մեր գյուղը։ Չի դադարում հետաքրքրասերների, զբոսաշրջիկների հոսքը։ Գյուղը փոխում է իր դեմքը։ Տեսա՞ք Աղստեւ գետի նոր կամուրջը։ Վարարած գետը սրբել-տարել էր մեր կամուրջը։ Շատ տառապեցինք, բայց այսօր նորն ունենք։ Խաշթառակի նոր տեսանելի փոփոխություններից մեկն էլ Սուրբ Դավիթ Մարգարե եկեղեցին է, որի բակում տեղադրված են նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ 2020 թ. պատերազմի զոհերի հիշատակի հուշակոթողները։ Եկեղեցու մոտ, բարձունքում, տեղադրված է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոսներին պատկերող արձանախումբը։ Այն ներկայացնում է հենց «ոչխարագողերի» դատավարության տեսարանը, որը նկարահանվել է նույն վայրում»։

Պավելը խոսեց նաեւ վերջին ընտրությունների մասին. «Փոփոխություններն ակնառու են, ահա ինչու գյուղը գրեթե մեկ մարդու նման ընտրեց Նիկոլ Փաշինյանին»։ Հունիսի 7-ի ընտրություններում Խաշթառակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 785 ձայն, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 54, «Հայաստան» դաշինքը՝ 27։ Խաշթառակը Տավուշի այն գյուղերից է, որտեղ վերջին տարիներին իշխանական ուժը շարունակաբար աշխատանքներ է իրականացրել, աջակցել մարդկանց։

Հաջորդ կանգառը սահմանամերձ Այգեհովիտ գյուղն էր: Այս գյուղն էլ է նույն տրամաբանությամբ ապրում։ Այստեղ մարդկանց համար ամենակարեւորը խաղաղությունն է, տան շինարարությունը, երեխաների ու թոռների ապագան, որը, իրենց կարծիքով, վտանգված չէ, չնայած գյուղի եզրով սահմանն է անցնում։ Մարդիկ գիտեն՝ ինչ է պատերազմը։ 1990-ին իրենք են որսորդական հրացաններով պաշտպանել գյուղը։ Հետո նորից պատերազմներ են տեսել։ Արդեն մի քանի տարի կրակոց չկա, եւ այդ խաղաղությունը գյուղի մարդկանց համար մեծ արժեք ունի։ Նորակառույց տան մոտ հանդիպեցի Արամ Ղեւոնդյանին։ Տուն հրավիրեց, ցույց տվեց նորակառույցը։ Մնացել էին միայն ներքին հարդարման աշխատանքները։ Արամը պատմեց իր ընտանիքի մասին։ Երկու տղային ամուսնացրել է, չորս թոռ ունի։ Մեծ օջախ են։ Տունը կառուցել են պետության օգնությամբ՝ ստանալով 16 միլիոն դրամ։ «Շատ տանջանք ենք տեսել։ Տրված օգնությունը, ճիշտ է, բավարար չէ, բայց եթե չլիներ, չէինք էլ համարձակվի նոր տուն կառուցել»։ Նրա համար այդ աջակցությունը պարզապես գումար չէր։ Դա հնարավորություն է՝ տուն ունենալու, ընտանիքը պահելու, մի քիչ ավելի վստահ նայելու վաղվան։

Նրան հիշեցրի, որ գյուղից ոչ հեռու՝ Կայան բնակավայրի մոտ, Իջեւան-Բերդ ավտոմայրուղու վրա Բարխուդարլու գյուղն է եղել։ Ասացի՝ այդ տարածքների հետ կապված իշխանությունն ընտրություններից առաջ ասել է, որ Ադրբեջանին է վերադարձնելու, չի՞ անհանգստացնում դա, որ կարող է նորից վտանգներ ծագեն: Արամի պատասխանը շատ պարզ է. «Վայ, ապրել ենք ու էլի կապրենք կողք-կողքի։ Առաջ ո՞նց էր, դոստեր ունեինք, գնում-գալիս էինք… Մի ղարաբաղցի մարդ է ապրում վերեւները։ Տուն կառուցեց, կառավարությունն անասուններ տվեց։ Հիմա 100 ոչխար ունի, ճակատին պեծիկ էշ էլ ունի։ Տես` մարդուն օգնում են։ Իր համար ապրում է «անջակը» դինջ»։ Եվ նորից վերադարձավ նույն մտքին՝ գյուղում հիմա խաղաղ է, մարդիկ ուզում են ապրել․ «Դրա համար էլ գնացինք ու միահամուռ Փաշինյանին ընտրեցինք»։

Իջեւանից Վանաձոր վերադառնալու ճանապարհին երթուղային տաքսու վարորդը եւ մի ուղեւոր զրուցում էին ռուս-ուկրաինական պատերազմի մասին։ Ուղեւորն այնքան պատկերավոր էր պատմում, որ պատերազմի մասին լսածս տեղեկությունները հանկարծ ստացան ուրիշ չափում։ Խոսում էր մարդկանց առօրյայի, խախտված կյանքի, վախի ու անորոշության մասին։ Պատմում էր ՌԴ-ում առաջացած բենզինի խնդիրների, հերթերի մասին, որոնք երբեմն կիլոմետրեր են ձգվում։ Ասում էր՝ մարդիկ կան, որոնք օգտվում են ստեղծված իրավիճակից․ հերթ են կանգնում, իսկ երբ հերթը հասնում է, իրենց տեղն ուրիշին են վաճառում՝ 20 հազար ռուբլով: Պատմում էր նաեւ զորակոչված մարդկանց մասին. «Սկզբում մեծ գումարներ են առաջարկում։ Մարդիկ գնում են՝ ընտանիքներին գումար ուղարկելու համար։ Հետո նրանց առաջնագիծ են ուղարկում։ Ընկերս իր մի ընկերոջ հետ չդիմացավ գայթակղությանը։ Տուն լավ փողեր ուղարկեցին։ Մի օր էլ երկուսով անհետացան։ Ըստ լուրերի՝ հարձակման էին ենթարկվել, կտոր-կտոր էին եղել։ Ամեն զոհի համար պետությունն ահռելի գումարներ է վճարում: Կան կանայք, որ իրենց ամուսիններին դրդում են՝ գնա, հայրենիք պահի, ստույգ իմանալով, որ մսաղացի մեջ են ուղարկում: Չէ, ապրելու տեղ չէ։ Գնում եմ Կրասնոդար, երեխաներին հավաքեմ բերեմ։ Լավ է, հայրական տունս փլված չէ։ Մի քիչ նորոգում է ուզում։ Վարպետներն անում են, ես էլ գնամ՝ իրենց բերեմ։ Մեծ հոսք է սպասվում դեպի Հայաստան՝ թե՛ հայերի, թե՛ ռուսների»: Դիլիջանում մեր զրուցակցին սպասում էր Ռուսաստան մեկնող յոթտեղանոց մեքենան։ Նա գնաց, որ ընտանիքը բերի։ Բարով գան, տա Աստված` իրենց հույսերն արդարանան, եւ նորից հետ գնալու անհրաժեշտություն չծագի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու

Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու Wed, 08 Jul 2026 09:38:09 +0400 Ասել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով