Վերականգնումը լինելու է բարդ ու երկարատև
Wed, 08 Jul 2026 22:15:42 +0400

Մենք իսկապես ապրում ենք աննորմալ իշխանության պայմաններում: Ու դա բազմիցս է հաստատվում: ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձի գործունեությունն ուղղված է ոչ թե երկրի զարգացմանը և անվտանգության ապահովմանը, այլ անձնական ինչ-ինչ խնդիրների լուծմանը: Դրա հերթական վկայությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քարուցված հերթական ու միաժամանակ անհեթեթ քրեական գործն է: Նախորդ օրը կարդալով քննչականի հաղորդագրությունը, անկեղծ ասած, բան չհասկացա: Սկզբում ենթադրեցի, որ ուշադիր չեմ ընթերցել, որոշեցի դա անել հաջորդ օրը թարմ ուղեղով և հնարավորինս ոչ էմոցիոնալ վիճակում: Այսօր լսում եմ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամինի խոսքն ու հասկանում, որ վերը նշված հաղորդագրությունը չհասկանալը ուղեղի նորմալ ռեակցիա էր աննորմալ տեղեկատվությանը:
Դատեք ինքներդ: Հաղորդագրությունում խոսվում էր 2022-2024 թվականների ընթացքում մի շարք անձանց կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով խարդախության մասին: Ինչն իբրև թե կազմակերպվել է Գագիկ Ծառուկյանի կողմից: Եվ քանի որ Նիկոլի օրոք քննչականների հաղորդագրություններում անպայման առկա է լինում «փողերի լվացում» արտահայտությունը, ապա դա ևս չեն մոռացել ներառել՝ հավելելով «խոշոր չափերով» բառակապակցությունը: Այն, ի դեպ, մեզանում դարձել է թրենդ, չնայած այստեղ թմրանյութերի շրջանառությունից ստացվող գումարների «լվացում», որքան ինձ հայտնի է (չնայած գուցե սխալվում եմ), չի կատարվում: Քանի որ ո՛չ թմրանյութ արտադրող ենք և ո՛չ էլ լուրջ սպառող՝ հաշվի առնելով շուկայի փոքր լինելը:
Ինչևէ, դեսպան Խալիլ Շիրղոլամինի խոսքից հասկանալի դարձավ, որ իրանական երկու-երեք գործարար ու Գագիկ Ծառուկյանը զբաղված են եղել հայ-իրանական համատեղ առևտրի կենտրոն հիմնելու գործով: Այն հիմնվել է, իսկ հետո այդ գործընթացում առաջացել են ինչ-ինչ տարաձայնություններ: Այսինքն, զուտ գործարարների միջև առաջացած հարցեր են. մի կողմը մեղադրում է մյուսին: Ու դա չէր կարող հանգեցնել նման բնույթի մեղադրանքներով քրեական գործի հարուցմանը: Դեսպանն անձամբ, իր ասելով, կապի մեջ է եղել երկու կողմի հետ: Եվ հույս է ունեցել, որ փոխադարձ զիջումների արդյունքում կողմերը կհասնեն համաձայնության: Նույնիսկ քրեական գործի հարուցումից հետո էլ հույս ունի, որ հնարավոր կլինի հասնել որևէ արդյունքի։
Դեսպանի խոսքն ապացուցում է, որ տարաձայնություններն իսկապես լուծելի կարող էին լինել: Իսկ հիմա հարցը. ասվածը վկայո՞ւմ է, արդյոք, որ մի կողմի նկատմամբ Հայաստանում պետք է քրեական գործ հարուցվեր խարդախության և փողերի լվացման առումով: Ու այդ գործի շրջանակներում «Մուլտի գրուպ» կոնցեռնի երևի բոլոր ընկերությունների աշխատանքները պետք է դադարեցվեին: Իհարկե, ոչ: Դա ընդամենը պատրվակ էր, որպեսզի վարչապետի աթոռից կառչած անձը կյանքի կոչեր իր կյանքի գլխավոր երազանքներից մեկը՝ Գաիկ Ծառուկյանին սնանկացնելն ու նրան ազատությունից զրկելը: Դա բռնապետության տիպիկ դրսևորում է, բայց Եվրամիության չինովնիկների աչքում տեղի ունեցածը, բնականաբար, ժողովրդավարության վկայությունն է: Ենթադրում եմ, որ դա հիմնավորում են մեր հետամնաց լինելու հանգամանքով:
Երբեք չեմ եղել Ծառուկյանի աջակիցը, ժամանակին նաև հոդվածներումս քննադատել եմ նրան: Սակայն այն, ինչ տեղի է ունենում 2018-ի իշխանափոխությունից այս կողմ, ստիպում է, որպեսզի բոլոր նորմալ մարդիկ որևէ ձևով աջակցություն հայտնեն նրան: Նորմալ ասելով նկատի ունեմ գրագետ, արդարամիտ ու հայրենասեր մարդկանց: Էլ չասած այն մարդկանց մասին, ովքեր դիմել են իրեն ու օգնություն են ստացել: Այս հարցում առկա է մեկ այլ բացասական երևույթ. Գագիկ Ծառուկյանին սնանկացնելու ու ազատությունից զրկելու նիկոլական վարքագիծը խեղճացնում և բարոյական տրամվաներ է հասցնում բազմաթիվ մարդկանց: Ովքեր 2018-ի հպարտ կոչեցյալ քաղաքացիներից վերածվել ու շարունակում են վերածվել արժանապատվությունից զուրկ արարածների: Իր անօրինական գործունեությամբ մեր երկրի վարչապետի պաշտոնին անարժան մեկը մեր ժողովրդին զրկում է նորմալ մարդկ կոչվելու իրավունքից: Դա չպետք է թույլ տալ, որովհետև վերականգնումը լինելու է բարդ ու երկարատև: Եթե, իհարկե, մենք պահպանենք մեր պետականությունը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր