Արցախի նախկին ղեկավարներն իրենց մեղավոր չեն ճանաչում․ ի՞նչ է եղել այսօր Բաքվում
Fri, 10 Jul 2026 21:30:03 +0400

Այսօր՝ հուլիսի 10-ին, Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել հայ գերիների բողոքների հարցով հերթական շինծու «դատական նիստը», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Խոսքը տրվել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին. նա իր ելույթը սկսել էր նախորդ «նիստում»:
Ղուկասյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Այնուհետև ելույթ է ունեցել Վասիլի Բեգլարյանի «պաշտպանը», որը «դատարանին» խնդրել է բեկանել 2026 թվականի փետրվարի 5-ի «դատավճիռը» և արդարացնել իր «պաշտպանյալին»։ Բեգլարյանը նույնպես հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Ելույթ է ունեցել նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի «փաստաբանը», որը նույնպես «դատարանին» խնդրել է բեկանել 2026 թվականի փետրվարի 5-ի «դատավճիռը» և արդարացնել իր «պաշտպանյալին»։ Սահակյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 14-ին:
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Մի քանի տարվա ազատազրկման դապարտվեցին Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող մեր ևս մի քանի հայրենակից։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր