Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ
Thu, 29 Oct 2026 00:05:13 +0400

Հայաստանն իր անկախության 35-ամյա պատմության ընթացքում ունեցել է չորս ղեկավար՝ Լևոն Տեր-Պետրոսյան (1991-1998 թթ.), Ռոբերտ Քոչարյան (1998-2008 թթ.), Սերժ Սարգսյան (2008-2018 թթ.) և Նիկոլ Փաշինյան (2018 թվականից մինչ օրս)։
Չորս ղեկավարների կառավարման տարիներն էլ բարդ են եղել։ Բոլորի օրոք էլ խնդիրներ են եղել անվտանգության, երկրում արդարություն հաստատելու, ժողովրդավարության սկզբունքներին հետևելու և ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման հարցերում։ Բոլորն էլ ունեցել են իրենց քաղաքական ծրագրերը, իշխանությունը պահպանելու ձգտումը և սեփական կամքը թելադրելու ցանկությունը։ Յուրաքանչյուրի կառավարման տարիներին էլ կարելի է գտնել քննադատության արժանի բազմաթիվ դրվագներ։
Բայց այս չորս ղեկավարների միջև կա մի էական տարբերություն։ Իմ գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի առանձնահատկությունն այն է, որ նրա քաղաքական վարքագծում այլևս անհնար է հստակ սահմաններ գտնել սկզբունքի և անսկզբունքայնության, բարոյականորեն ընդունելիի և անընդունելիի միջև։ Նրա համար կարմիր գծեր գոյություն չունեն, իսկ սկզբունքները փոխվում են՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։
Հաճախ, երբ խոսում ենք այսօրվա իրականության մասին, լսում ենք նույն արդարացումը․ Լևոնի օրոք էլ էր այդպես, Քոչարյանի օրոք էլ, Սերժի օրոք էլ։ Այո՛, նախկին իշխանությունների կառավարման տարիներին էլ եղել են լուրջ խնդիրներ, սխալներ ու քննադատության արժանի որոշումներ։ Բայց երեքից ոչ մեկը հարցերին չի մոտեցել այսքան անսկզբունք ու փոփոխական ձևով:
Նախկին ղեկավարների քաղաքական թիմերում էլ եղել են անհատներ, որոնք ունեցել են սեփական սկզբունքներ, որոշակի արժեհամակարգ և երկրի հանդեպ իրենց պարտավորությունների գիտակցում։ Նրանցից ոմանք հետևողական են եղել ոչ միայն իրենց քաղաքական դիրքորոշումներում, այլև սեփական հանրային հեղինակության պահպանման հարցում։
Նիկոլ Փաշինյանի դեպքում քաղաքական ամբողջ իրականությունը կենտրոնացել է միայն իր շուրջ։ Իսկ նրա քաղաքական թիմում անգամ երկրորդական դերերից այն կողմ հանրային քաղաքական կշիռ ունեցող անհատականություններ չկան, ինքն էլ լավ օրինակ չի թիմի համար։ Նրա հրապարակային վարքագիծն ու խոսելաոճը բազմաթիվ հարցեր են առաջացնում քաղաքական պատասխանատվության և հանրային բարեկրթության հետ կապված:
Բավական է համեմատել, թե ովքեր են եղել Ազգային ժողովի նախագահները նախկին իշխանությունների օրոք և ովքեր են այդ պաշտոնը զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։ Ներկաները չեն կարող անգամ ոտք գցել նախորդների բարեկրթության, քաղաքական կուրտուրայի և գիտելիքների հետ։
Եվ ահա այս ամենի արդյունքում ձևավորվել է մի հանրային-քաղաքական իրականություն, որն ավելի ու ավելի է նողկալի դառնում։ Այդ իրականության հիմնադիրն ու թեկադրողը Նիկոլ Փաշինյանն է, իսկ դրա համար միակ մեղավորը նա է։ Թեև կգործածեի նաև պատասխանատվություն բառը, բայց նրա դեպքում ակամա հարց է առաջանում՝ արդյո՞ք նա ընդհանրապես գիտակցում է այդ հասկացության բովանդակությունը։
Խնդիրը միայն այն չէ, որ Փաշինյանը սխալվում է։ Սխալվում են բոլորը։ Խնդիրն այն է, թե ինչպես է նա վերաբերվում իր սխալներին, տված խոստումներին և սեփական որոշումների հետևանքներին։
Անկախության 35 տարիները մեզ պետք է սովորեցնեին մի պարզ ճշմարտություն` իշխանությունները փոխվում են, ղեկավարները հեռանում են, բայց պետականությունն ու հանրային բարոյականության չափանիշները պետք է մնան։ Ոչ մի ղեկավար այնքան մեծ չէ, որ պետությունը նույնացվի իր անձի հետ, և ոչ մի քաղաքական նպատակ այնքան կարևոր չէ, որ դրա համար կարելի լինի հրաժարվել սկզբունքներից։ Մի բան, որը շատ լավ գիտակցում էին նախկին նախագահները։
Եվ մեր խնդիրը միայն այն չէ, թե ով է ղեկավարում երկիրը։ Խնդիրն այն է, թե ինչպիսի քաղաքական մշակույթ է ձևավորվում այդ ղեկավարության օրոք, ինչ արժեքներ են փոխանցվում հասարակությանը և ինչպիսի օրինակ են տեսնում հաջորդ սերունդները։
Եվ եթե նախկին իշխանությունների սխալները մեզ համար դասեր չեն դարձել, ապա ներկայիս իշխանության վարքագիծը չպետք է դառնա նոր սխալների արդարացման միջոց։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր