«Հրապարակ»․ Հայաստանը նորից կին քաղբանտարկյալ ունի

«Հրապարակ»․ Հայաստանը նորից կին քաղբանտարկյալ ունի

Sat, 11 Jul 2026 11:15:28 +0400


«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվեց` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի որոշմամբ: Նրան տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ՝ կանանց կալանավայր: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը)։ Սա Անդրանիկ Թեւանյանի մեղադրանքի շրջանակներում է: Մանուկյանի բնակարանում երկու անգամ խուզարկություն են կատարել։

Նիկոլ Փաշինյանն ակնհատորեն թիրախավորել է «Մայր Հայաստան» կուսակցությունը: Նախ, Անդրանիկ Թեւանյանին կալանավորեցին` նույն հոդվածով, դեռ այն ժամանակ գրել էինք, որ հաջորդ «զոհը» լինելու է Արեգնազ Մանուկյանը, որն իբր ԱԺ փակ նիստից տեղեկություններ է փոխանցել Թեւանյանին, վերջինս էլ այն փոխանցել է ռուսներին՝ դրա դիմաց 620 հազար դոլար փող ստանալով: Հետագայում, իհարկե, ասվեց, որ ոչ թե պետական գաղտնիք, «այլ տեղեկություններ են փոխանցվել»։

Իշխանությունները սիրում են ճամարտակել կանանց իրավունքների մասին, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության այս 8 տարիներին բազմաթիվ կին քաղբանտարկյալներ ունեցավ Հայաստանը: Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. ««Մայր Հայաստանը» ստեղծման օրվանից ի վեր, թե՛ փողոցային պայքարում, թե՛ ընտրական զարգացումների մեջ, թե՛ սոցիալական հարցերի մասին խոսելիս` կարմիր գծերի թանկացում եւ այլն, բազմավեկտոր եւ ինստիտուցիոնալ պայքար է մղել, ինչպես նաեւ` գաղափարական ընդդիմադիր ամենասուր ուժերից մեկն է եղել, որի առաջնորդը ԲՀԿ ցուցակով երկրորդ համար Անդրանիկ Թեւանյանն էր: Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն իշխանության կոկորդում մնացած ոսկոր է: Մենք նաեւ հաջողություններ արձանագրեցինք Գյումրու եւ Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում, հետեւաբար՝ այս իշխանության համար հենց «Մայր Հայաստանն» է թիրախ դարձել, էլ ո՞ր ուժը, եթե ոչ «Մայր Հայաստանը»: Իշխանությունը փորձում է կազմալուծել դիմադրության բոլոր օջախները: Գագիկ Ծառուկյանի հետ համատեղ, նույն ցուցակով մասնակցելը Փաշինյանի իշխանության համար խնդիրն առավել պրոբլեմատիկ դարձրեց: Ինչպես տեսանք` թիրախավորվեցին Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թեւանյանը, Արեգնազ Մանուկյանը: Իշխանությունների այս արձագանքը մեզ համար «օրինաչափ» է դարձել: Արեգնազ Մանուկյանը կին է, անչափահաս երեխայի մայր է, մենք՝ բոլորս, ականատես եղանք, թե ինչպես նրա բնակարանը խուզարկեցին: Բայց նա երկու հարցաքննություններին էլ ներկայացել է կամավոր, առանց ինչ-որ խնդրի, բայց կա հստակ միտում՝ անտեսել անչափահասի ծնող լինելու հանգամանքը: Իշխանությունը ռեպրեսիաների շքերթ է սկսել, այս ամենը դրա շարունակությունն է: Այս ամենը պետք է բոլոր իրավապաշտպանների, ինչպես նաեւ՝ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում հայտնվի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ է այս անգամ Ադրբեջանի տարածքով ուղարկվել Հայաստան

Ինչ է այս անգամ Ադրբեջանի տարածքով ուղարկվել Հայաստան Fri, 10 Jul 2026 18:30:52 +0400 Ռուսաստանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով