Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

«Հրապարակ». Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել

«Հրապարակ». Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել

Thu, 16 Jul 2026 12:15:24 +0400


Ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացի Վագիֆ Էմիզարի Գուսեինովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով») հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, նա, չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու, այսինքն՝ թմրամիջոց պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու թույլտվություն, քննությամբ դեռեւս ինքնությունը չպարզված անձից իր անձնական օգտագործման համար ձեռք է բերել եւ ապօրինի պահել է խոշոր չափերի՝ 0, 335 գրամ քաշով «a-PVP» կրճատ անվամբ տեսակի թմրամիջոց: Թմրանյութը հայտնաբերվել է 2026 թ․ ապրիլի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարված վերջինիս անձնական խուզարկությամբ:

Ադրբեջանցի Վագիֆ Գուսեինովը ծնվել է 1992-ին, Վրաստանի Հանրապետությունում, միջնակարգ կրթություն ունի, նախկինում դատված չի եղել, ՀՀ-ում չի աշխատել, ՀՀ-ում հաշվառում չունի, բնակվել է Երեւանի Մամիկոնյանց փողոցում: Նախնական դատալսումների ընթացքում նա ներկայացրել է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն՝ հայտնելով, որ իրեն պարզ է ներկայացված մեղադրանքը, ամբողջությամբ համաձայն է ներկայացված մեղադրանքի հետ, մինչեւ միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված վարույթ կիրառելու հետեւանքները եւ այլն: Հանրային մեղադրող Վ. Մովսիսյանը չի առարկել արագացված վարույթ կիրառելու դեմ:

2026թ․ հունիսի 2-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գ․ Պողոսյանը վճռել է Վագիֆ Գուսեինովին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 19-ապատիկի՝ 1 միլիոն 425 հազար ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաշվի առնելով Վ. Գուսեինովի 1 ամիս 27 օր ժամանակով փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ նրան ազատել նաեւ իր նկատմամբ տուգանքի ձեւով նշանակված պատիժը կրելուց: Վագիֆ Գուսեինովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխել եւ որպես այլընտրանքային խափանման միջոց՝ կիրառել բացակայելու արգելքը, որը թողնել անփոփոխ, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ վճռի դեմ մեղադրող Վ․ Մովսիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով մասնակի բեկանել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2026թ. հունիսի 2-ին կայացրած դատավճիռը, Վ․ Գուսեինովի նկատմամբ նշանակել պատիժ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար, վերջինիս նկատմամբ նշանակել պատիժ՝ 1 տարի ժամկետով ազատազրկում։ Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ քրեական վերաքննիչ դատարանում սույն գործով հուլիսի 13-ին նիստ է կայացել, հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 22-ին։

Դե, ազգությամբ ադրբեջանցի թմրանյութ օգտագործողը հո հայ ընդդիմադիր չէ՞, որ դատարանն ամիսներով նրան կալանքի տակ պահեր եւ վերջում խիստ պատիժ նշանակեր: Դատարանն առաջնորդվել է ՀՀ իշխանությունների` ադրբեջանցիների հանդեպ սիրո եւ հանդուրժողականության զգացումներով եւ մեղմ պատիժ է սահմանել, ավելի ճիշտ` ազատել է պատժից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵՄ ընդլայնման հարցերով միանգամից 4 կոնֆերանս տեղի կունենա

ԵՄ ընդլայնման հարցերով միանգամից 4 կոնֆերանս տեղի կունենա Tue, 14 Jul 2026 20:00:23 +0400 Եվրամիությունն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով