Ուրբաթ , 17 Հուլիսի 2026

«Հրապարակ». Հայաստանին դրանից ո՛չ տաք, ո՛չ էլ սառը

«Հրապարակ». Հայաստանին դրանից ո՛չ տաք, ո՛չ էլ սառը

Fri, 17 Jul 2026 12:15:13 +0400


Իսրայելի կառավարությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչեց եւ ուղարկեց օրենսդիր մարմնի՝ Կնեսետի քննարկմանը: Սակայն, ինչպեսեւ ակնկալում էին հայկական շրջանակներում, այն Կնեսետի կողմից չքննարկվեց, գործընթացը սառեցվեց: Փոխարենը Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զգացմունքային քայլ է եղել, որը պայմանավորված էր Թուրքիայի հետ լարված փոխհարաբերություններով: Բացի այդ, պարզվեց, որ Կնեսետը գնում է արձակուրդ եւ աշխատանքի կվերադառնա հոկտեմբերի վերջին: Այստեղ, իհարկե, իր դերակատարումն ունեցավ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որն Իսրայելի կառավարության նշված քայլը հրաժարվեց մեկնաբանել՝ պատճառաբանելով, թե դա ցեղասպանության զենքայնացման է հանգեցնելու, ինչը ցանկալի չէ։ Պարզ ասած՝ ՀՀ իշխանությունը հորդորեց մոտ չգնալ այդ թեմային։ «Հրապարակը» քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ փորձեց հասկանալ, թե ինչու Իսրայելը ճանապարհի կեսից հետքայլ արեց:

– Իսրայելն ի՞նչ քարտ խաղարկեց եւ ինչպե՞ս փորձեց օգտագործել Հայոց ցեղասպանության հարցը:

– Կարծում եմ, դա ակնհայտ է, եւ հարցի մեջ արդեն պատասխանը կա, դա Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունի: Իսրայելը հիմա փորձում է այդ պատմական փաստն օգտագործել որպես Թուրքիայի դեմ ճնշման լծակ, ինչպես ժամանակին արել են Արեւմուտքը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը: Մի խոսքով, ամեն մեկը Հայոց ցեղասպանության փաստը փորձում է օգտագործել որպես լրացուցիչ ճնշման միջոց Թուրքիայի դեմ, ինչպես՝ ոչ միայն նաեւ քրդերի հարցը, հույների հարցը, պոնտական հույների ցեղասպանության հարցը եւ այլն: Դա այդ հարցերից մեկն է, եւ չեմ կարծում, թե դրանից մեր հասարակությունը պիտի ոգեւորվի կամ հիասթափվի:

– Որքանո՞վ է բարոյական, երբ ցեղասպանություն վերապրած ազգն առաջին ցեղասպանություն տեսած ազգի ցավոտ հարցը փորձում է խաղարկել:

– Իսկ Դուք կարծում էիք, որ արտաքին քաղաքականությունը պիտի բարոյակա՞ն լինի, բնականաբար՝ բարոյականությունն ու արտաքին քաղաքականությունն իրար հետ շատ քիչ աղերսներ ունեն, եւ, իհարկե, դա բարոյական չէ սովորական մարդկային ընկալումներում, բայց շատ ընդունված է միջազգային հարաբերություններում:

– Ի վերջո, Իսրայելը ստացա՞վ այն արդյունքը, ինչն ակնկալում էր:

– Չեմ կարծում։ Դա կարող է եւ փոքր հարց լինել, որտեղ լինում է ինչ-որ ճնշում, լինում է պատասխան քայլ, հետո երկխոսություն է լինում, ինչ-որ մեկն ինչ-որ բան է զիջում, ամեն մեկը փորձում է ինչ-որ բան շահել այդ միջադեպից, օրինակ, Ադրբեջանը փորձեց դա ներկայացնել այնպես, թե իբր իրենք օգնեցին, որ ցեղասպանության ճանաչման բանաձեւը Կնեսետում չընդունվի: Այսինքն, կա փաստ, եւ բոլորը փորձում են դրանից առավել դիվիդենտներ քաղել: Հայաստանին դրանից ո՛չ տաք էր, ո՛չ ցուրտ՝ այսպես ասենք:

– Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ ներկայացնելու մասով Նիկոլ Փաշինյանի արձագանքն ինչի՞ մասին էր վկայում:

– Ենթադրում եմ՝ նկատի ուներ այն, որ փորձում են դա օգտագործել որպես ազդեցության միջոց, զենք՝ միմյանց դեմ քաղաքական հարցերում, այսինքն՝ որ դա գործիք է:

– Բայց որպես ՀՀ վարչապետ, արդյո՞ք դա ադեկվատ պատասխան էր:

– Ես չեմ կարծում, թե կառավարության ղեկավարը պիտի նման հայտարարություն աներ: Նման կարծիք կարող էին հայտնել քաղաքագետները, ավելի փոքր կալիբրի պաշտոնյաները։ Ամեն դեպքում, կառավարության ղեկավարը պիտի ձեռնպահ մնար այդպիսի հայտարարություններ անելուց, որովհետեւ այնտեղ այդքան բաց չէ ամեն ինչ, եւ բաներ կան, որ պետք չէ ասել: Կոնկրետ Իսրայելի դեպքում սա առաջին դեպքը չէ. հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ, դրանից հետո էլ, երբ որ Իսրայելն օգնություն առաջարկեց Հայաստանին, էլի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ, կոպիտ, կառավարության ղեկավարին ոչ հարիր բառապաշարով մոտավորապես ասաց, որ Իսրայելը թող իր այդ օգնությունը վերցնի եւ գրողի ծոցը գնա՝ մոտավոր բովանդակությունն եմ ասում: Կան բաներ, որ էմոցիոնալ տեսանկյունից գուցե ճիշտ են, բայց չի կարելի, որ պետության ղեկավարը, կառավարության ղեկավարը բարձրաձայն նման հայտարարություններ անի:

– Որովհետեւ նման հայտարարություններից բխող հետեւանքներն ավելի ձեռնտու են Թուրքիային եւ Ադրբեջանի՞ն:

– Որովհետեւ հարկ եղած դեպքում նրանք կարող են կառավարության ղեկավարի այդ խոսքերն օգտագործել հենց մեր պետության դեմ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի կոդ, ու ձուկը լողալով Եվրոպա կհասնի

Մի կոդ, ու ձուկը լողալով Եվրոպա կհասնի Thu, 16 Jul 2026 16:15:46 +0400 Կառավարության նիստերն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով