71 տարեկան ակադեմիկոսը ո՞նց չխելագարվի, ո՞նց ընդունի, որ իրավունքը կարելի է ծաղրել
Sat, 18 Jul 2026 22:07:06 +0400

Պատկերացրեք՝ դուք Գագիկ Ղազինյանն եք։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, ՀՀ վաստակավոր իրավաբան։ Մի ամբողջ կյանք եք նվիրել իրավաբանությանը, համալսարանին, պետությանը։ Փայլուն կրթություն եք տվել ոչ միայն ձեր երկու տղաներին, այլ հազարավոր ուրիշների։ Այս երկրի փաստաբանների, դատավորների, դատախազների, իրավաբանների ճնշող մեծամասնությունը ձեր ղեկավարած ֆակուլտետի շրջանավարտներն են։
Հետո գալիս է մի իշխանություն, որի անդամները լավագույն դեպքում թուրքական համալսարաններում են սովորել, իսկ մեծամասամբ անգամ բարձրագույն կրթություն չունեն։ Ու ձեր տղաներից մեկին, առանց հիմքի ու ապացույցի, տանում են նստացնում։ Քրեական գործ, որը ոչ միայն իրավական փաստարկ չունի, այլ իրավունքի հետ աղերս անգամ չունի։
Այնքան անհեթեթ, որ ձեր իսկ ֆակուլտետն ավարտած դատավորները մեկը մյուսի հետևից ինքնաբացարկ են հայտնում։ Միայն Գավառի համալսարանի շրջանավարտ դատավորն է համաձայնվում կալանքի հարց քննել։
Ասեք՝ 71 տարեկան ակադեմիկոսը ո՞նց չխելագարվի։ Մարդ, որի համար իրավաբանությունն ու օրենքը արժեք են եղել, ո՞նց ընդունի, որ իրավունքը կարելի է այս աստիճան ծաղրել։
Ինչպե՞ս իրեն համոզի, որ իր կյանքի գործը զուր չի եղել, երբ իրավունքը փոխարինվում է քաղաքական նպատակահարմարությամբ, իսկ օրենքը՝ կամայականությամբ։
Եվ խնդիրը միայն Գագիկ Ղազինյանը չէ։
Այսօր երկրում նման մարդիկ շատ են։ Ամեն ոլորտում։ Մարդիկ, որոնք տասնամյակներով ստեղծել են արժեք, կրթել են, կառուցել են ինստիտուտներ, հավատացել են պետությանը։ Իսկ հիմա ստիպված են ամեն օր տեսնել, թե ինչպես է անգիտությունն ու ինքնավստահ տգիտությունը փորձում ոչնչացնել այն ամենը, ինչ իրենք ստեղծել են։
Սա արդեն միայն մեկ մարդու կամ մեկ ընտանիքի պատմությունը չէ։ Սա պետության, հեղինակության և արժեհամակարգի նկատմամբ վերաբերմունք է։
ՀԳ․ Իմ ուսանողական տարիների ամենավառ հիշողություններից մեկը 2000 թվականի սեպտեմբերի 1-ին, լսարան մտած Գագիկ Ղազինյանի խոսքն էր՝ կրթության, իրավունքի և գիտելիքը պատասխանատվությամբ կիրառելու մասին։
Շատ եմ ափսոսում, որ Իրավաբանական ֆակուլտետն ավարտած ոչ բոլոր ուսանողներն են այդ օրը ուշադիր լսել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր