Զինվորների մահվան գործերը կոծկողները շատ ավելի բարձր պաշտոնների են նշանակվում
Thu, 23 Jul 2026 15:15:50 +0400

Բանակում անհասկանալի հանգամանքներում մահերի առկայության փաստը շարունակում է Հայաստանի Հանրապետության լրջագույն խնդիրներից մեկը մնալ: Փաստացի ստացվում է, որ իշխանությունները ոչ միայն չեն կարողանում լուծել երկրի անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրները, այլեւ անգամ ի զորու չեն բանակում այնպիսի կարգուկանոն հաստատել, որ սպանությունների եւ ինքնասպանությունների թիվը որոշ չափով կրճատվի, թմրանյութեր բանակում չօգտագործեն, խաղադրույքներ չանեն, հիվանդ երիտասարդներին բանակ չզորակոչեն եւ այլն:
Ըստ վիճակագրական տվյալների` բանակում մահերի թիվը խաղաղ պայմաններում վերջին տարիներին ոչ միայն չի պակասել, այլեւ ավելացել է: Դեռևս պաշտոնական աղբյուրները չեն հրապարակել վիճակագրություն այն մասին, թե բանակում 2026 թվականի այս յոթ ամիսներին քանի մահվան դեպք է արձանագրվել, սակայն մամուլում առկա հրապարակումների համաձայն՝ միայն վերջին յոթ ամիսներին հայկական բանակում արձանագրվել է ավելի քան 20 զինծառայողի մահվան դեպք՝ ոչ պատերազմական պայմաններում: Օրեր առաջ 20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու դեպքից հետո համացանցում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դեմ բողոքի ալիք է հասունանում, մարդիկ գրում են, որ Պապիկյանը պետք է հրաժարական տա:
Քաղաքական գործիչ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Ես չեմ հիշում նախարարների, ովքեր նման սարսափելի նախադեպերից հետո հրաժարական տային, և ենթարկվեին պատասխանատվության, և սա նաև պատճառն է այն բանի, որ խաղաղ պայմաններում մահացած զինվորների գործերը արագ քննության չեն ենթարկվում: Որևէ մեկը այս ընթացքում զինվորին մահվան հասցնելու համար չի ենթարկվել պատասխանատվության: Ամեն անգամ զինվորի մահը կամ ինքնասպանություն է որակվում, կամ էլ ինչ-որ մի շարքային սերժանտ է պատժվում, ու վերջ: Բայց այս ամենը շատ ավելի խորքային խնդիր է, և վատ ավանդույթների առիթ է դարձել, իսկ այդ ամենի համար առաջին պատասխանատուն օրվա իշխանությունն է: Զինվորների մահվան գործեր կան, որ քննվում են 20 տարուց ավել: Ի դեպ, այն անձինք, ովքեր զինվորների մահվան գործերը կոծկում են, շատ ավելի բարձր պաշտոնների են նշանակվում, սակայն այդ մարդիկ հանցագործներ են, և այս ամենը հուշում է, որ դու կարող ես տառացիորեն ամեն ինչ անել, և եթե լոյալ ես իշխանություններին, կարող ես անգամ բարձր պաշտոններ ստանալ: Յուրաքանչյուր զինվորի մահ հետևանքն է այն բանի, որ ոչ մի քայլ այս տարիներին չարվեց այս լրջագույն խնդրին լուծում տալու համար: Ցավոք մեր երկրում զինվորը ընկալվում է բացառապես որպես ռեսուրս: Կա իքս քանակությամբ տանկ, զենք, զինտեխնիկա, և զինվոր, այսպես են մտածում օրվա իշխանությունները: Զինվորի կյանքը որպես մարդ, որպես քաղաքացի, լավ գոնե որպես հարկատու կարևոր չէ այս մարդկանց համար: Ցավում եմ, բայց նման խնդիրները շարունակական են լինելու, և հանգեցնելու են անվտանգային կոլապսի: Կասկածներ ունեմ, որ իշխանությունների կողմից այս ամենը հատուկ է արվում բանակի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման նպատակով: Որքան էլ, որ խոսում են բանակը զինելուց, այս մարդիկ բանակը ոչնչացնելու հրահանգ ունեն դրսից, որպեսզի ամեն բան Ալիևի սրտով լինի»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր