Բա էդ ձեթոտ պեռաշկու յուղը չէ՞ր հոսում, որ մատներդ էլ հետն էիր ուտում․․․
Sat, 01 Aug 2026 15:45:26 +0400

Սովորաբար ապրանք վաճառողը փորձում է համոզել, որ իր ապրանքը լավագույնն է։ Գովազդի դասական բանաձևը պարզ է՝ «գնեք, փորձեք, չեք փոշմանի»։ Բայց երբ Ռուսաստանը փակեց հայկական ձկան ճանապարհը, բոլորը սպասում էին, որ իշխանությունը պիտի ասի․ «Մեր ապրանքը որակյալ է, ինչո՞ւ եք պիտակավորում, եկեք փաստերով խոսենք»։
Բայց այս պատմության մեջ կարծես նոր ժանր առաջացավ․ ապրանքի տերը ապրանք գնողին ասում է՝ «զգույշ եղեք․ «Ես, օրինակ, վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում…»։ Դա էլ քիչ է, բացատրում է․ «ձկան հետ առնչվում ես, տեսնում ես ճարպերը սենց հոսում են վրայից, ինչ-որ, տարօրինակ և անտրամաբանական»: Դժբախտ ու դժգույն ձուկ, դեռ ջրում էր լողում, բայց արդեն հասցրել էր հայտնվել քաղաքական քննարկումների կենտրոնում։ Սա նույնն է, երբ խանութի տերը կանգնի դռան մոտ ու հաճախորդին ասի․ «Մտեք, բայց իմ ապրանքը մի վերցրեք, պիտանի չէ»։ Սա արդեն ոչ թե սովորական մարքեթինգ է, այլ հակագովազդի հայկական տարբերակ։ Նման դեպքում գնորդը կասի․ «Եթե լավ չէր, ինչո՞ւ մինչև հիմա վաճառվում էր»։
Եվ ահա ամենահետաքրքիր մասը։ Փոխանակ ազգային արտադրանքը պաշտպանելու, նրա որակի մասին կասկած է հնչեցնում։ Այն ապրանքի մասին, որը տարիներ շարունակ մարդիկ գնել են, օգտագործել և վստահել։ Եթե սովորական քաղաքացին հրապարակային կերպով արատավորի որևէ արտադրողի ապրանքատեսակը, արտադրողը դատական կարգով կպաշտպանի իր ապրանքի հեղինակությունը, կնվազեցնի կորստի չափը։ Բայց երբ նման խոսք է հնչում պետական ամենաբարձր մակարդակից, հարցն արդեն ուրիշ է դառնում․ իսկ ո՞վ է այդ դեպքում պատասխանատու՝ ապրանքի հեղինակության, վերահսկողության և տարիների ընթացքում եղած լռության համար։ Իսկ հիմա պատկերացրեք՝ Պուտինն ինքն իրեն ո՜նց կխնդա․ «Մի րոպե, բա էն ձեթոտ պեռաշկու յուղը չէ՞ր հոսում։ Էդ ո՞նց էիր ուտում, մատներդ էլ՝ հետը։ Հետո էլ ասում՝ համով էր»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր