Կիրակի , 2 Օգոստոսի 2026

Նիկոլի հերթական վախը

Նիկոլի հերթական վախը

Sun, 02 Aug 2026 18:00:57 +0400


Եվ այսպես, այսօր տեղի ունեցավ ՀՀ Ազգային Ժողովի 9-րդ գումարման 1-ին նստաշրջանի բացումը: Քվազիիրական Հայաստանի առաջին դրսևորումը Վեհափառ Հայրապետի բացակայությունն էր և օրհնության չեղարկումը: Բայց չերևաց նաև նրան փոխարինողը, ինչը կարծես թե փորձում էին կյանքի կոչել: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ երբեմնի «դուխով» Նիկոլը վախեցել է, որ ընդդիմադիր պատգամավորները կարող են լքել դահլիճը՝ եթե հրավիրվեր որևէ տիրադավ «սրբազան»: Իսկ նման սկանդալ նորընտիր ԱԺ-ի հենց բացման օրը նրան, բնականաբար, պետք չէր: Ու տեղի ունեցավ թե՛ ԱԺ կանոնակարգի և թե՛ Ազգային Ժողովում հաստատված ավանդույթի խախտում:

Անցնենք ԱԺ նախագահի ՔՊ-ական թեկնածու Ռուբեն Ռուբինյանի ինքնատիպ մտքերին՝ ընդդիմադիր պատգամավորների հարցերին կամ ելույթներին ի պատասխան: Ինչը, ընթերցողի թույլտվությամբ, անենք առանց պահպանելու հերթականությունը: Քանի որ դրանք մեկը մյուսի հետ կապ չունեն և կարող են ընկալվել որպես առանձին մտքի գոհարներ: Մեզ մնում է ընդամենը դրանք հենց սկզբից արձանագրելը: Որպեսզի հաջորդ հինգ տարվա կտրվածքով մենք հիշենք, թե ում հետ գործ ունենք: Եթե, իհարկե, Ազգային ժողովի ՔՊ-ական ղեկավարությունն այդքան գոյատևի: Ու չփոխարինվի հայ ժողովրդի իրական ընտրյալներով:
Ինչևէ, փորձելով արդարացնել իրեն ԱԺ նախագահ նշանակող անձի ստելը, վերջինս «քաղաքակիրթ» ձևակերպումների կարճ տեղեկատվություն տրամադրեց ընդդիմադիրներին: Ասաց, որ շատ ավելի բարեկիրթ կհնչի ստելը ներկայացնել որպես «ոչ ճիշտ» կամ «իրականությանը չհամապատասխանող» միտք: Ինչպես երևում է, առաջնորդը հորդորել էր նրան առաջին օրվա համար լինել առավելագույնս բարեկիրթ: Որի դեպքում «եթե մենք սահմանադրական մեծամասնություն չստանանք, ապա սեպտեմբերին ավերիչ պատերազմ կլինի» նիկոլական հայտարարության սուտ լինելը նա պետք է վերափոխեր վերը նշված ձևակերպումներով: Ինչն, իհարկե, չի նշանակում ստի չեզոքացում, այլ ընդամենը այն, որ Ռուբինյանը չցանկացավ խոստովանել, որ իր ղեկավարը ստել է: Ստել է՝ նախընտրական քարոզչության ընթացքում կիսագրագետ մարդկանց մանիպուլյացնելով:

Անսալով առաջնորդի հրահանգին՝ Ռուբինյանը որոշել է ընդդիմադիրներին, որպես հանցագործների, վերաբերվելու փոխարեն, ինչպես ոչ վաղ անցյալում էր հայտարարել, ընկալել որպես գործընկերներ: Ու նախկինում խոստացված վենդետան էլ իրականացնել իրավական ճանապարհով: Չեմ կարող չխնդրել, որպեսզի մեկն ու մեկը հայտնի ԱԺ նախագահի թեկնածուին, որ վենդետան ու իրավական ուղին միմյանց բացառող միջոցներ են: Վենդետան առաջանում է հենց այն ժամանակ, երբ բացակայում է իրավական ճանապարհը: Ինչ մնում է բարեկրթվելուն, ապա դրան խիստ կասկածում եմ՝ հիշելով ժողովրդական «Կարմիր կովը կաշին չի փոխում» ասացվածքը:

ՀՀ ԱԺ նախագահի ՔՊ-ական թեկնածուն այսօր արտահայտեց մեկ այլ, ավելի ինքնատիպ միտք: Նրա ասելով, 2018-ից սկսած խորհրդարանը դարձել է անհանդուրժողականության վայր, որովհետև ընդդիմությունը չի ընդունել ժողովրդի ընտրությունը։ (Ներողություն եմ խնդրում, եթե իրեն եմ վերագրում դրա հեղինակությունը): Ու այս դեպքում, հետևելով իր ղեկավարի օրինակին, ինքն է փորձում մանիպուլյացնել ժողովրդին: Ընդդիմությունը ստիպված է եղել անընդհատ ընդունել ժողովրդի ընտրությունը։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2018 թվականի մայիսյան օրերին: Երբ մեկ տասնյակից էլ պակաս պատգամավոր ունեցող խմբակցության ղեկավարին ընտրեցին վարչապետ: Նրան ընտրեցին չցանկանալով՝ տեղի տալով ժողովրդական զանգվածների փողոցային ընտրությանը։ Ինչն էլ դարձավ ճակատագրական ընտրություն:

Ընդդիմությունը ոչ թե չի ընդունում ժողովրդի ընտրությունը, այլ չի ընդունում գործող իշխանության վերարտադրությունը: Որովհետև դա կատարվել է բացահայտ ու ծայրահեղ ընտրակեղծիքների միջոցով: Սեպտեմբերին ծագելիք պատերազմի սպառնալիքով ժողովրդին վախեցնելով՝ նրա ձեռքից իշխանությունը խլելով: Եվ վերջապես ժողովրդավարության բաստիոն հաստատելու խոստումով իշխանության գալով՝ երկրում բռնապետություն հաստատելով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպիսի՞ անուն կարելի է դնել տվյալ դեպքում

Ինչպիսի՞ անուն կարելի է դնել տվյալ դեպքում Sat, 01 Aug 2026 17:45:58 +0400 Ենթադրում էի, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով