Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ դնում…
Wed, 05 Aug 2026 01:25:34 +0400

Ես մարդկայնորեն հասկանում եմ այն տղաներին ու աղջիկներին, որոնք 18-ից հետո պաշտոններ են ստացել կամ պատգամավոր դարձել և դրա արդյունքում ոչ միայն սկսել են թանկ հագուստ կրել ու որակյալ սնունդ ընդունել, այլև լավացել է նրանց մաշկի գույնը, աչքերը սկսել են փայլել, ձայնը սկսել է ավելի ինքնավստահ հնչել, ինտելիգենտ տեսք են ստացել (դա դժվար չէ արձանագրել, եթե համեմատեք նրանց до и после լուսանկարները):
Բնական է, որ ոչ մեկը չի ուզենա վերադառնալ նախկին չարքաշ կյանքին, երբ ստիպված էին իրենք իրենց հացը վաստակել, այլ ոչ թե բյուջեից անաշխատ թվանոց աշխատավարձեր ստանալ: Իսկ որպեսզի պահպանեն այդ կարգավիճակն ու շարունակեն անդարդ ապրել, պետք է ոչ թե ծառայեն ժողովրդին, որի վճարած հարկերից սնվում են, ոչ թե պետությանը, որի պաշտոնյան են իրենք, այլ իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ դնում…
Եվ դա է պատճառը, որ 3 օր է խորհրդարանի դահլիճում ամեն ինչի մասին խոսում են, բացի երկրի խնդիրները:
Ահա այս մեկը հեգնում է ընդդիմադիր խմբակցության առաջնորդին, թե` ի՞նչ եղան անձնագրերդ ու 4 պետության քաղաքացիություններդ, կարո՞ղ է հիմա էլ Ռուսաստանի ընտրություններին մասնակցես: Մյուսը հարցնում է` կառավարության նիստեր էլ չե՞ք անում: Հաջորդը հարց է տալիս` իսկ քանի՞ քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետությունը: Կարծես թե իրենք այդ ծեծված թվից բացի որևէ այլ տարածք ու սահման կարող են հիշատակել: Անգամ Տիգրանաշենի մասին հարցին այդպես էլ չպատասխանեցին…
Այս մյուսի հռետորաբանությունն էլ իրեն տարել հասցրել է պատմական անցյալ` թշնամու շահերի պաշտպանությամբ այնքան է տարվել, որ պատրաստ է անգամ մեր պատմությունը խեղաթյուրել` հօգուտ վրացիների, թե` Լոռին ու Տաշիրը վրացական են եղել:
Պարզ է, որ ոչ չափի զգացում ունեն, ոչ իրենց պաշտոնից բխող պատասխանատվության գիտակցում, ոչ իրենց խոսքը կշռելու ունակություն: Բան ա` ասում են էլի, կանցնի` կանցնի, չի անցնի` չի անցնի…«չիլնի` չիլնի»…
Որ էդքան բան ասել են ու չի եղել, էդքան խոստում տվել են ու դրժել, էդքան վնաս հասցրել հայ ժողովրդին` ի՞նչ է եղել…ոչ մի բան…Կարողացել են, չէ՞ զոռբայությամբ ու ապօրինություններով էս անգամ էլ իշխանություն զավթել: Ահա այսօր անգամ Ուզբեկստանի ու Չինաստանի ղեկավարները շնորհավորեցին Փաշինյանին` ընտրվելու կապակցությամբ…
Բայց եկեք էլի լսենք մազերը ֆենած, սիրուն մակիյաժ արած, թանկ կոստյումներ հագած այս տղաներին ու աղջիկներին: Ուրեմն փոխանակ ընդդիմադիրներն ամեն օր իրենց ասեն` ձեր քթից ենք բերելու, շարունակ հիշեցնելու ենք, որ ձեր իշխանության ժամանակ հազարներով հայ երիտասարդներ են զոհվել, հազարավոր ընտանիքներ դժբախտացել, հազարավոր մանուկներ որբացել, իրենք են սպառնում` «ձեր քթից ենք բերելու 300 հազար ադրբեջանցիներին, հատ հատ ու յուրաքանչյուրիցդ»:
Ուրեմն այդքան արյուն ու արցունք բերած իշխանության ներկայացուցիչներն են պահանջում ընդդիմադիր ուժից` ներողություն խնդրել իրենց անդամներից մեկի մի անզգույշ արտահայտության համար, թե` թշնամու առաջ ականազերծում անող, մեր պետության դարպասները բացող սակրավորները ողջ չպիտի նման…
Մեկը պարբերականն է շփոթում շրջաբերականի հետ, մյուսը հայտարարում է` «այո, քաղաքական վենդետա լինելու է»: Իսկ վենդետան պատիժը չի, արդարադատությունը չի, այլ «արյան վրեժն» է, որը կիրառվել է միջնադարում և ոչ մի կապ չունի իրավական գործընթացների ու արդարության հետ, դա թշնամիներին ոչնչացնելու պրոցեսն է` առանց դատ ու դատաստանի` արյունահեղության ճանապարհով: Հետո պարզվում է` ոչ միայն վենդետա, այլև «սուս» բառն էլ է պատգամավորին անհայտ, ասում է` թուրքերեն բառ է, մի օգտագործեք: Իսկ 10 հազար դոլար աշխատավարձը` ժամանակին սուրճ հյուրասիրելու փող չունեցող այս տղաների համար արդեն ցածր աշխատավարձ է…
Եվ ամեն ինչ կրկին հանգում է փողին, շահին, պետության հաշվին լավ ապրելու ցանկությանը, որի համար հարկավոր է թշնամու շահերը սպասարկել, առաջնորդի հակահայկական հայտարարություններն արդարացնել և ընդդիմությանը ճզմել, որ հազիվ հասցնեն հարվածները հետ մղել, ժամանակ չունենան, չհամարձակվեն ժողովրդին հանել փողոց, կազմակերպել, տանել պայքարի…
Որ այս անթասիբ, անհեռանկար, դատապարտված ընթացքը շարունակվի…
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր