Տուգանքով միս չի արտադրվում, կողպեքով գյուղացու հոգսը չի նվազում
Wed, 28 Oct 2026 14:15:00 +0400

Օրերս Վանաձորի կենտրոնական շուկայում մսի վաճառասեղանները դատարկ էին, դռները՝ կողպված, իսկ մսավաճառները կարծես անհետացել էին։
Ոչ մի կտոր միս, նույնիսկ՝ մի ոսկոր։ Անծանոթ մարդը կարող էր եւ մտածել՝ կա-չկա՝ էս քաղաքի բնակիչները բուսակերության անցնելու որոշում են կայացրել։ Բայց մսավաճառները չէին անհետացել։ Նրանց գտա կրպակներից ոչ հեռու՝ գլխահակ ու մտահոգ։ Պարզվեց՝ ստուգումներ են։ Ոմանց «վրա» անօրինական վաճառքի համար արդեն ակտեր էին կազմվել, որովհետեւ գյուղացիներից տավարի ու խոզի միս էին ընդունել, իսկ անասունները մորթվել էին ոչ թե սպանդանոցում, այլ՝ սեփական բակերում։
Օրենքը խախտվե՞լ է։ Այո՛, եթե մորթն ու մսի իրացումն իրականացվել են սահմանված պահանջների խախտմամբ։ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը հստակ ասում է. «Կենդանիների սպանդն իրականացվում է սպանդանոցներում»։ Իսկ կառավարության 2024 թ. փետրվարի 23-ի թիվ 257-Ն որոշմամբ սահմանված է ոչ սպանդանոցային մորթից ստացված կենդանական ծագման հումքի եւ մթերքի առգրավման ու ոչնչացման կարգը։
Մսի անվտանգությունը կատակ չէ։ Գնորդը պետք է վստահ լինի, որ իր սեղանին դրված միսը վտանգավոր չէ սննդի մեջ կիրառելու համար։ Գյուղացու կարիքը չի կարող փոխարինել անասնաբուժական վերահսկողությանը։ Բայց մի հարց կա՝ օրենքի պահանջն առաջադրելուց առաջ պետությունն արե՞լ է ամեն ինչ, որ մարդը կարողանա այն կատարել։ Դա ինձ պարզ օրինակով բացատրեցին Դսեղ գյուղի բնակիչները։ Պատկերացրեք՝ գյուղացին մի գոճի ունի։ Երեխային դպրոց ուղարկելու, հիվանդ կնոջ բուժման կամ տան հրատապ ծախսերի համար փող է պետք։ Պետք է մորթի, վաճառի, ընտանիքի հոգսը թեթեւացնի։ Բայց սպանդանոցը հեռու է, տեղափոխումը՝ վճարովի, մորթն էլ իր գինն ունի։ Փոքր տնտեսության համար այդ ծախսերը կարող են զրոյացնել սպասվող եկամտի զգալի մասը։ Եվ գյուղացին ընտրություն է անում ոչ թե լավ ու վատի, այլ՝ օրենքի պահանջի եւ իր օրվա հացի միջեւ։
Հասկանալի՞ է նրա վիճակը։ Այո՛։ Արդարացնո՞ւմ է դա օրենքի խախտումը։ Ո՛չ։ Բայց այդ հակասությունը լուծելու համար տուգանք նշանակելը բավարար չէ։ Պետությունը չի կարող գյուղացուց պահանջել օրինական ճանապարհով գնալ, եթե չի պարզել՝ այդ ճանապարհը որքանով է հասանելի գյուղացուն։ Որտե՞ղ են գործող սպանդանոցները, ի՞նչ արժե դրանց ծառայությունը, ինչպե՞ս է գյուղացին անասունը հասցնելու այնտեղ, ինչպե՞ս է միսը տեղափոխելու՝ պահպանելով անվտանգության պահանջները։ Եթե այս հարցերը պատասխան չունեն, ստուգումը կարող է արձանագրել խախտումը, բայց չի վերացնի այն ծնող պատճառները։
Ի՞նչն է խանգարում կազմակերպել անասունի տեղափոխման մատչելի ծառայություններ, փոքր տնտեսությունների համար նվազեցնել սպանդանոցային ծախսերի բեռը, իսկ անհրաժեշտ վայրերում զարգացնել համապատասխան ենթակառուցվածքները։ Ինչո՞ւ պետությունը պետք է հայտնվի միայն այն պահին, երբ խախտումն արդեն կատարվել է, ոչ թե ավելի վաղ՝ գյուղացուն օրինական ճանապարհ առաջարկելու համար։
Ահա Վանաձորի դատարկ վաճառասեղանների իրական պատճառը։ Տեսուչը գալիս է, ակտ է կազմում, կրպակը փակվում է։ Հաշվետվության մեջ գուցե ամեն ինչ կարգին է՝ խախտումը հայտնաբերվել է։ Բայց գյուղացու հոգսը մնաց, մսավաճառը զրկվեց ապրանքից, գնորդը՝ ընտրությունից։ Իսկ հաջորդ անգամ ի՞նչ է փոխվելու, եթե օրինական ճանապարհը շարունակի մնալ դժվարամատչելի։
Պետությունը պարտավոր է պաշտպանել սպառողին, բայց նաեւ պայմաններ ստեղծել, որ գյուղացին կարողանա օրինական արտադրել ու վաճառել։ Դրանք հակադիր նպատակներ չեն, ընդհակառակը՝ մեկը մյուսով է պայմանավորված։ Ուստի հարցը ոչ թե ստուգել, թե չստուգելն է։ Ստուգել՝ անպայման։ Բայց դրան զուգահեռ լուծել նաեւ այն խնդիրները, որոնց պատճառով խախտումը կրկնվում է։ Հրապարակել սպանդանոցների ցանկն ու ծառայությունների գները, ուսումնասիրել դրանց հասանելիությունը գյուղերում, կազմակերպել տեղափոխումը եւ անհրաժեշտության դեպքում աջակցել փոքր տնտեսություններին։
Իսկ պատասխանատու այրերին մի պարզ հարց՝ եթե օրենքը պահանջում է սպանդանոց, պետությունն ի՞նչ է առաջարկում այն գյուղացուն, որի գյուղից մինչեւ մոտակա սպանդանոց ընկած ճանապարհը երկար է, իսկ ծախսը՝ իր հնարավորություններից վեր։ Գյուղացուց օրենքի կատարում պահանջելը պետության իրավունքն է։ Այդ օրենքը կատարելու իրական հնարավորություն ստեղծելը՝ պետության պարտականությունը։ Քանի դեռ սպանդանոցը չի մոտեցել գյուղացուն, գյուղացին ստիպված է լինելու շրջանցել այն։ Իսկ Վանաձորի շուկայում կախված դատարկությունը ոչ թե մսավաճառների անօրինականության, այլ պետական անհեռատեսության ու անձեռնհասության «փայլուն» վկայությունն է։
Պետությունն օրենքը պետք է դարձնի իրագործելի, հակառակ դեպքում Վանաձորի շուկայում միսը կարող է նորից անհետանալ, վաճառասեղանները՝ դատարկվել, իսկ թղթի վրա կունենանք օրենք, որն ընդամենը մարդկանց տուգանելու հնարավորություն է ստեղծում, այլ ոչ թե սննդի անվտանգությանը նպաստում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր