Ազգային ինքնությունը մեծածախ ապրանք չէ
Wed, 18 Nov 2026 18:45:32 +0400

Ավարտելով Ֆրենսիս Ֆուկույամայի՝ երկու ամիս առաջ ԱՄՆ-ում լույս տեսած «Վերջին մարդու թագավորությունում․ հուշեր» (In the Realm of the Last Man: A Memoir) գրքի ընթերցումը՝ վերհիշեցի այն խոր տպավորությունը, որ ժամանակին ինձ վրա թողել էր նրա «Պատմության ավարտը եւ վերջին մարդը» (The End of History and the Last Man) դարակազմիկ աշխատությունը։ Հրատարակված դեռ 1992 թվականին՝ այն մինչ օրս բուռն բանավեճեր է հարուցում քաղաքագիտական շրջանակներում։ Անկախության հռչակագիրն ընդունած խորհրդարանի երիտասարդ պատգամավորիս համար գրքում արծարծված խնդիրներն անմիջականորեն առնչվում էին մեր երկրի ուղու ընտրությանը։ Այն ժամանակ շատ հարցեր ինձ համար անպատասխան մնացին, իսկ կարդացածի շուրջ մտորումները նորերն առաջացրին։ Ֆուկույամայի հետագա աշխատությունները բացահայտեցին նրա որոշ հայացքների էվոլյուցիան։ Նրա իսկ խոստովանությունների հիման վրա առանձնացնենք 5 էական փոփոխություն։
Կասկածներ առ ազատական ժողովրդավարության պատմական անխուսափելիությունը։
Քաղաքական այս համակարգի առավելությունների հարցում համոզվածությունն ավելի ու ավելի հստակ է տարանջատվում այն վստահությունից, թե պատմությունն անպայման հանգեցնելու է դրան։
Պետականաշինության դժվարությունների վերագնահատում։
Ֆուկույաման ընդունում է, որ 1990-ականների սկզբին թերագնահատում էր գործունակ պետական ինստիտուտների ստեղծման բարդությունը։ Կայուն ազատական-ժողովրդավարական կարգը պահանջում է երեք հիմնարար տարրերի համադրություն՝ գործունակ պետություն, իրավունքի գերակայություն եւ ժողովրդավարական հաշվետվողականություն։ Նույնիսկ ազատ ընտրություններն ինքնին չեն ապահովում այդ համադրությունը։
ԱՄՆ-ի ամենազորության մասին պատկերացումների վերանայում։
Նա ընդունեց, որ Իրաք ներխուժումը սխալ էր, իսկ հետպատերազմյան փորձը ցույց տվեց, որ բռնապետական վարչակարգը տապալելու կարողությունը դեռեւս բավարար չէ կենսունակ քաղաքական կարգ ստեղծելու համար։ Դա նեոպահպանողական շրջանակից նրա հեռանալու պատճառ դարձավ։
Շուկայի ինքնակարգավորման հանդեպ հավատից հրաժարում։
2008թ. ֆինանսական ճգնաժամը նրա համար եւս մեկ շրջադարձային պահ դարձավ՝ ցույց տալով, որ ազատ շուկան ինքնին չի կարող կայունություն երաշխավորել։ Ֆուկույաման սկսեց ավելի ակտիվորեն հանդես գալ սոցիալական պաշտպանության, ֆինանսական ոլորտի կարգավորման եւ եկամուտների վերաբաշխման օգտին, հատկապես՝ ԱՄՆ-ում։ Միաժամանակ նա ընդգծում է, որ երբեք չի մերժել սոցիալ-ժողովրդավարությունը․ վերանայել է պետության կարգավորիչ գործառույթի բովանդակության եւ սահմանների մասին իր պատկերացումը։
Քաղաքական անկման հայեցակարգի մշակում։
Դեռեւս իր առաջին գրքում Ֆուկույաման մատնանշում էր ազատական ժողովրդավարությանը սպառնացող ներքին վտանգները, թեեւ, իր իսկ խոստովանությամբ, այդ ժամանակ չուներ դրա քայքայման մեխանիզմների համապարփակ բացատրություն։ Հետագայում քաղաքական անկումը դարձավ նրա հետազոտությունների կարեւոր ուղղություններից մեկը, իսկ ԱՄՆ-ում ժողովրդավարական ինստիտուտների վատթարացող վիճակը հայտնվեց նրա ուսումնասիրությունների կենտրոնում։
Հայացքների այս փոփոխություններին զուգընթաց՝ Ֆուկույաման ավելի մեծ տեղ է հատկացնում ազգային ինքնության հարցին՝ պետականաշինության եւ միջազգային հարաբերությունների իր վերլուծություններում։ Այդ խնդրին նա 2018 թվականին նվիրել է առանձին գիրք՝ «Ինքնություն» (Identity), եւ վերստին անդրադառնում է իր վերջին աշխատությունում։
Շատ երկրներում քաղաքական հակամարտություններ են ծավալվում այն հարցերի շուրջ, թե ինչն է մարդկանց միավորում որպես ազգ, ինչպես մեկնաբանել ընդհանուր անցյալը եւ որ արժեքները պահպանել։ Հայաստանում հասարակական լարվածությունը խորացնում են ազգային ինքնագիտակցության ավանդական հիմքերի վերանայումը պարտադրելու իշխանության փորձերը։ Այս համատեքստում Ֆուկույամայի մտորումներն առանձնահատուկ նշանակություն են ստանում՝ մղելով մեզ՝ քննարկելու ոչ միայն փոփոխությունների բնույթը, այլեւ դրանք իրականացնելու իրավունքի սահմանները։ Որքանո՞վ է կառավարությունն իրավասու՝ վերակառուցելու ազգային ինքնությունը, եւ ինչպիսի՞ վտանգների հետ կարող է առերեսվել հասարակությունը, երբ փորձ է արվում դիրեկտիվ եղանակով վերանայել նրա միասնության բուն հիմքերը։
«Ինքնություն» գրքում Ֆուկույաման քաղաքացիական ինքնությունը դիտարկում է որպես ազատական ժողովրդավարության հենասյուներից մեկը։ Այդ ինքնության հիմքն իրավահավասարության, իրավունքի գերակայության եւ սահմանադրական կարգի հանդեպ հավատարմությունն է։ Այս սկզբունքները կարող են միավորել տարբեր ծագում եւ համոզմունքներ ունեցող մարդկանց։ Նման ընդհանրությունն ամրապնդում է քաղաքացիների միջեւ վստահությունն ու համերաշխությունը եւ նրանց մղում գործելու նաեւ հանուն ընդհանուր բարիքի։ Հեղինակի կարծիքով՝ ԱՄՆ-ում այդ ինքնությունը դրսեւորվում է 1776 թ. Անկախության հռչակագրում ամրագրված իդեալներին եւ Սահմանադրությամբ ձեւակերպված սկզբունքներին հավատարմությամբ։
Միաժամանակ Ֆուկույաման նախազգուշացնում է, որ համընդհանուր քաղաքական սկզբունքներին հավատարիմ լինելը բավարար չէ հանրային համերաշխության համար. անհրաժեշտ է նաեւ մարդկանց միավորող հուզական բաղադրիչ, որը սնուցում են պատմությունը, ազգային եկեղեցին ու մշակույթը՝ ազգային ինքնության կարեւորագույն տարրերը։ Թեեւ նման ընդհանրության որոշ ձեւեր կարող են հանգեցնել այլ ծագում ունեցող մարդկանց նկատմամբ խտրականության դրսեւորումների, դա չի վերացնում հանրային համերաշխությունն ամրապնդելու դրա ներուժը։ Այսպես, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի արդիականացման հաջողությունը հեղինակը մասամբ կապում է այն հանգամանքի հետ, որ այդ հասարակությունները հենվում էին ոչ միայն պետականության ավանդույթների, այլեւ արդեն ձեւավորված ազգային ինքնության վրա։
Ֆուկույաման հանգում է հետեւյալ եզրակացության․ ժողովրդի մեծամասնության հավատարմությունն իր պատմությանը ամրապնդում է ժողովրդավարական պետությունը եւ լիովին համատեղելի է քաղաքացիների իրավահավասարության հետ։ Ազգային ինքնության ոլորտում սոցիալական ինժեներիան վտանգավոր է․ ազգային ինքնությունն իշխանության մտահղացմամբ վերակառուցելու փորձը կթուլացնի պատմականորեն ձեւավորված կապերը, նախքան դրանց համարժեք նոր կապերի ձեւավորումը։
Դիտարկվող գրքում Ֆուկույաման վերադառնում է հասարակական համերաշխության խնդրին եւ դրա պատմական ու մշակութային հիմքերին։ Հայաստանի համար այս մտորումները նախազգուշացման նշանակություն ունեն․ ներկայիս իշխանության քաղաքականության դեմ հանրային լայն դիմադրությունը նախեւառաջ պայմանավորված է ազգային ինքնության վերանայման բովանդակությամբ ու ծավալով։ Թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում աղավաղելով մեր ազգային ինքնությունը եւ այն ներկայացնելով որպես ապագայի խոչընդոտ՝ իշխանավորները խարխլում են ազգային պետության հիմնասյուներից մեկը։
Անկախության ձեռքբերումն ու դրան հաջորդած ռազմական հաղթանակներն ամրապնդեցին մեր ազգային արժանապատվության զգացումն ու սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մեր կարողության հանդեպ հավատը։ Ռազմական պարտությունն ու Արցախի կորուստը մեզ այսօր ստիպում են վերաիմաստավորել ինքներս մեզ եւ մեր տեղն աշխարհում։ Որքան խորն են անխուսափելի փոփոխությունները, այնքան համոզիչ պետք է լինի դրանց հիմնավորումը, լայն՝ դրանց քննարկմանը հասարակության մասնակցությունը, եւ ամուր՝ դրանց իրականացման շուրջ հանրային համաձայնությունը։
Սակայն վերաիմաստավորման անհրաժեշտությունն ինքնին օրվա իշխանությանը չի տալիս ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը պարտադրաբար վերաձեւելու իրավունք, առավել եւս՝ արտաքին ճնշման ներքո։ Վերապրած աղետը ՀՀ ներկայիս կառավարությանը չի օժտել ազգային ինքնության մեծածախ վաճառքի մանդատով։
Արմեն Մարտիրոսյան
ՀՀ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի պատգամավոր (1990-99թթ․)
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր