Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

«Հրապարակ». ՔՊ-ականները եւս մեկ անգամ ցույց տվեցին իրենց անմարդկային նկարագիրը

«Հրապարակ». ՔՊ-ականները եւս մեկ անգամ ցույց տվեցին իրենց անմարդկային նկարագիրը

Wed, 05 Aug 2026 09:15:10 +0400


«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է:

– Անկախությունից ի վեր առաջին անգամ Ազգային ժողովն իր աշխատանքները սկսեց առանց Վեհափառի օրհնության։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հրավեր չէր ուղարկվել, իսկ ՔՊ-ական ուսապարկերը հայտարարում են, որ իրենք Գարեգին Բ-ին չեն համարում վեհափառ, իսկ, օրինակ, Կնյազ Հասանովն ասում է, որ Վեհափառին որեւէ մեկը չի արգելել՝ գալ խորհրդարան, նա կարող էր գալ իր նախաձեռնությամբ: Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:

– Խիստ անընդունելի է ինձ համար, ես, բնականաբար, բացասական եմ վերաբերվում այս երեւույթին: Սա հակաեկեղեցական արշավի շարունակությունն է: Պարզ է, որ այս իշխանությունը չի հանդարտվելու, չի հանգստանալու, եւ այս քայլով հերթական անգամ փաստեցին, որ ամեն բան անելու են՝ Հայ առաքելական եկեղեցուն վնաս հասցնելու համար: Եկեղեցու բնականոն գործունեությունն ամեն գնով փորձելու են խաթարել: Վեհափառը պետք է մասնակցեր ԱԺ անդրանիկ նիստին եւ պետք է տար իր օրհնությունը, սակայն, փաստորեն, կատարվեց հերթական ապօրինի եւ անբարո քայլը: Թեպետ իշխանությունը վաղուց է կարմիր գծեր հատել, եւ այս ամենն ինձ համար նորություն չէր: Ամեն դեպքում, տեղի ունեցածը խայտառակություն է, սա առաջին հերթին վնասեց մեր երկրի միջազգային հեղինակությանը: Միջազգային մամուլը եւս անդրադարձել է այս խայտառակությանը, ուստի սա բացասական իմաստով ազդելու է մեր պետության հեղինակության վրա: Եկեղեցին այս փորձությանն էլ կդիմանա, պատվով կհաղթահարի այս փորձությունը նույնպես, սակայն ՔՊ-ականները եւս մեկ անգամ ցույց տվեցին իրենց անմարդկային նկարագիրը:

– Չնայած այս ամենին, իշխանական պատգամավորները ընդդիմադիրներին համերաշխության եւ բարեկրթության սահմաններում մնալու կոչերով հանդես եկան: Ի՞նչ եք կարծում` ի՞նչ համերաշխության մասին կարող է խոսք լինել այս պայմաններում:

– Համերաշխության մասին ինչպե՞ս կարելի է խոսել, եթե հենց անդրանիկ նիստին հենց իշխանական թիմն անցավ բարեկրթության սահմանները, իսկ ԱԺ նիստը մեկնարկեց առանց Վեհափառի օրհնության: Նման մթնոլորտում ի՞նչ համերաշխության մասին կարող է խոսվել: Իշխանավորների մոտեցումը հակասում է իրենց խոսքերին, մեղմ ասած: Իրենց ասածի լրիվ հակառակն են անում: Խոսում են համերաշխությունից, սակայն սադրում են, պառակտում են, բաժանարար գծերը խորացնում են, ատելության խոսք են տարածում: ԱԺ անդրանիկ նիստին դրեցին հենց այս ամենի հիմքը, եւ այդ ամենի ֆոնին խոսել համերաշխության մասին, մեղմ ասած, անլուրջ է:

– 9-րդ գումարման Ազգային ժողովի մասին կարծիքները տարբեր են: Կան տեսակետներ, որ այն նախորդ ԱԺ-ից ավելի թույլ է, անփորձ կադրերը շատ են այս անգամ, սակայն կան նաեւ տեսակետներ, որ այժմյան կազմն ավելի խայտաբղետ է, ավելի ուժեղ է:

– Ուժեղ եւ թույլ լինելը ցույց կտա ժամանակը, դեռ վաղ է ինչ-որ բան ասելը: Դեռ նոր է խորհրդարանը ձեւավորվել, սակայն ամենակարեւորն այն է, որ խորհրդարանն իսկապես ծառայի ժողովրդի շահերին: Պատգամավորները պարտավոր են այդ սկզբունքով առաջնորդվել: ԱԺ-ն անձնական հաշիվներ պարզելու վայր չէ, ոչ էլ իրար վիրավորելու վայր է: Մանավանդ՝ վերջին տարիներին մարդկանց սոցիալական վիճակն ավելի է վատացել, գյուղացիները, տնտեսվարողները վերջին սահմանափակումներից հետո կանգնել են լրջագույն խնդիրների առաջ, խնդիրները չափազանց շատ են, մի խոսքով` անվտանգային խնդիրներից մինչեւ սոցիալ-տնտեսականը` աշխատելու լիքը տեղ կա: Գիշեր-ցերեկ պետք է աշխատեն, որպեսզի այդ խնդիրները լուծեն: Սա պետք է լինի ԱԺ-ի առաքելությունը: Կգնան ճիշտ ճանապարհով` շատ ավելի լավ, չեն գնա՝ ուրեմն այն կլինի ի վնաս մեր ժողովրդի: Հատկապես ես հիմա խոսում եմ ընդդիմադիր սեգմենտի մասին, իշխանությունների պարագայում ամեն ինչ պարզ է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ձեր նպատակը նորի ստեղծումը չէ, այլ ուրիշի ստեղծածը խլելը», «Մի քիչ էլ քո կողի օլիգարխներից վերադարձրա». քոմենթներ

«Ձեր նպատակը նորի ստեղծումը չէ, այլ ուրիշի ստեղծածը խլելը», «Մի քիչ էլ քո կողի օլիգարխներից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով