Մեկ-մեկ Վիքիպեդիա կարդացեք. ինչ է վենդետան
Thu, 06 Aug 2026 17:45:06 +0400

Երկու օր է՝ լսում եմ Ազգային ժողովի քննարկումները եւ զարմանում, թե այդքան թերի կրթություն ունեցող մարդիկ ինչպես են հասել պատգամավորի մակարդակին: Լավ, մեր երկրում գրագետ, կարդացած, լավ կրթություն ստացած մարդիկ չկա՞ն, թե՞ գրագետներին առաջ չեն քաշում, որ հանկարծ չըմբոստանան առաջնորդների դեմ, պրոբլեմներ չստեղծեն նրանց համար: Ամեն մեկի խոսքից հետո կարելի է մի դիսերտացիա գրել` մտքի, փաստական տվյալների, քերականական ու շարադրանքի սխալների մասին: Սրանց երեւի արժե նորից ուղարկել համալսարան` կրթություն ստանալու:
Ինձ համար ամենազարմանալին Ազգային ժողովի նախագահ նշանակված Ռուբեն Ռուբինյանի սխալներն են` ինքն էլ ԱԺ նախկին փոխնախագահի որդի է, իբրեւ թե լավ կրթություն է ստացել արտասահմաններում:
Լսում եմ` ասում է. «Քաղաքական վենդետա լինելու է»։ Այն տոնով է ասում, ինչպես կասեր` բարեկեցություն, խաղաղություն, առաջընթաց է լինելու, Արցախն ենք հետ բերելու, դրսի հայերն են հետ գալու հայրենիք: Բայց այդ արտահայտությունն անում է` նկատի ունենալով, որ արդարություն, արդարադատություն է լինելու, հանցագործները պատժվելու են: Իրեն թվում է, թե եթե «վենդետա» բառից առաջ ասաց «քաղաքական», ուրեմն իմաստը փոխվեց: Ես չծուլացա` Ռուբինյանի նման, մտա համացանց ու հանեցի մի քանի բացատրություն, թե ինչ է վենդետան, որ երկրներում է եղել, ինչպես են դրա դեմ պայքարել: Դե, եթե մարդիկ գիտելիքի պակաս ունեն, մենք պետք է լրացնենք այդ բացը:
Խնդրեմ` Ռուբեն Ռուբինյան, գիտեմ, որ շատ զբաղված ես, կարդա, որ հետագայում տերմինները սխալ չգործածես ու ծիծաղելի դրության մեջ չհայտնվես:
Վիքիպեդիան ասում է. «Վենդետան սպանված հարազատի փոխարեն արյան վրեժ լուծելու իրավունքն է (իբրեւ սովորութային իրավունք՝ այն գոյություն է ունեցել հին ժողովուրդների մեջ, այժմ էլ գոյություն ունի Կորսիկական կղզիների ու Սարդինայի բնակչության որոշ մասի մոտ):
Արյան վրեժ (նաեւ՝ վենդետա, իտալերեն` vendetta՝ «վրիժառություն» բառից), վրեժի հնագույն սկզբունք, ըստ որի՝ սպանություն կատարած անձը կամ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկը (տոհմ, ցեղ, կլան, խմբավորումներ) անպայման ենթակա է մահվան՝ հատուցման կարգով։ Արյան վրեժն իրականացվում է տուժած ընտանիքի, տոհմի, ցեղի, կլանի, խմբավորման անդամներից որեւէ մեկի կողմից»։
«Արյունն արյունով լվանալու» սովորույթը հաճախ տարածվում էր ոչ միայն հանցավորի, այլեւ նրա տոհմակիցների վրա։ Այստեղ մարդն ընկալվում է որպես տոհմի («արյան») միավորման մաս, եւ անձնական պատվի գաղափարը զուգորդվում է ամբողջ արյունակցական միության պատվի ընկալման հետ։
Արյան վրեժի սովորույթը մի համակարգ է, որի մեջ պետությունը կա՛մ գոյություն չունի, կա՛մ ի վիճակի չէ ապահովել օրենքի գերակայությունը (պետության կողմից բռնության մենաշնորհի իրավունքի բացակայություն)։ Նման իրավիճակում տուժողի ընտանիքը պատժում է հանցագործի ընտանիքին՝ ընտանեկան պատիվը վերականգնելու համար։ Ոչ միայն կենսաբանական հարազատները, այլեւ ամբողջ կլանը կամ խումբը կարող են հանդես գալ որպես ընտանիք։ Արյան վրեժն ի հայտ է եկել պարզունակ հասարակության մեջ, որտեղ իրավական կարգավորման այլ միջոցներ չեն եղել։ Արյան վրեժի սովորույթի հիմքում եղել են տնտեսական (տոհմի անդամի սպանությունը նյութապես վնաս է հասցրել տոհմին, այդ պատճառով նա պետք է սպաներ վնաս հասցնողին կամ դրա փոխարեն ստանար փոխհատուցում) եւ կրոնական (իբր հանդերձյալ աշխարհում սպանվողը հանգիստ չի գտնի, քանի դեռ նրա տոհմակիցները վրեժխնդիր չեն եղել) գործոններ։
Արյան վրեժն արտացոլում է հանցագործության համար պատիժ կրելու սկզբունքը, որը Հին Կտակարանում ձեւակերպված է որպես «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»։ Սա համապատասխանում է մարդու կողմից արդարության ամենապարզ ընկալմանը։ Ընտանիքի (ցեղի) վրա պատասխանատվություն դնելը մի կողմից վրեժն ավելի իրագործելի է դարձնում, մյուս կողմից՝ մարդասպանն իր ընտանիքի համար պատասխանատու է դառնում, քանի որ, եթե նա խուսափի վրեժխնդրությունից, ապա դա նրա փոխարեն ընտանիքի մյուս անդամը կիրականացնի։
Արյան վրեժը հղի է վտանգավոր հետեւանքներով։ Արյան վրեժը հաճախ ավելի դաժան է լինում, քան դրան նախորդած հանցագործությունը, որը հանգեցնում է պատասխան վրեժխնդրության, եւ, ի վերջո, այն վերածվում է երկար արյունալի հակամարտությունների, որոնք հաճախ հանգեցնում են երկու հակամարտող խմբերի հուսալքմանը կամ դրանցից մեկի լիակատար ոչնչացմանը։ Կան դեպքեր, երբ կլանները միմյանցից վրեժ են լուծում տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար, ինչի արդյունքում միմյանց ամբողջությամբ ոչնչացնում են։ Այս ամենի արդյունքում հին ժողովուրդներն արդեն մշակել էին եւ ունեին հստակ սովորույթներ, որոնք թույլ էին տալիս դադարեցնել կամ կանխել արյան վրեժը։ Այսպես, քոչվոր արաբների մոտ չկանխամտածված սպանության համար տոհմը կարող էր բավական մեծ փրկագին ստանալ, որ վենդետայի կարիք չծագեր։
Վենդետայի սովորույթը լայն տարածում ուներ միջնադարյան Եվրոպայում, Հին Ռուսիայում, միջնադարյան Իտալիայում, սկանդինավյան երկրներում, գերմանական ժողովուրդների շրջանում։ Այսօր արյան վրեժի սկզբունքը կիրառվում է Միջին Արեւելքի երկրներում, որոշ կովկասյան ժողովուրդների մոտ, Ալբանիայում եւ ինչ-որ չափով` Հարավային Իտալիայում` Կորսիկա, Սիցիլիա։
Մեր ժողովրդի մեջ երբեք չի եղել վենդետայի սովորույթը, մենք արյունախում, արյուն թափող ժողովուրդ չենք, առավել եւս՝ հայը հայի նկատմամբ: Իսկ եթե երբեմն ծագել է, ապա դա միայն մաֆիոզ շրջանակներում եւ այն դեպքերում, երբ իրավապահները հրաժարվել են կատարել իրենց պարտականությունները: Այնպես որ, պարոն Ռուբինյան, «վենդետա» եզրույթը մի օգտագործեք, մի լեգիտիմացրեք արյան վրեժը եւ մի կարծեք, թե այն կարող է արդարադատության իրականացման իմաստ ունենալ, առավել եւս՝ կիրառվել քաղաքական հակառակորդների նկատմամբ:
Արեգ Մարգարյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր