Տնտեսության դիվերսիֆիկացման ոչ մի ծրագիր էլ չկա՞
Thu, 13 Aug 2026 14:25:01 +0400

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման խնդրին՝ ընդունելով, որ այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը մինչ այժմ ակնկալվող արդյունքը չեն տվել։
Նրա խոսքով՝ արդեն շուրջ ութ տարի իշխանությունը խոսում է տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին, սակայն գործնականում այդ նպատակին ուղղված ծրագրերը չեն գործում։ Փաշինյանը պատճառը կապել է նաև այն հանգամանքի հետ, որ տնտեսության մասնակիցները հաճախ անհրաժեշտություն չեն տեսնում փոփոխություններ կատարելու, անկախ նրանից, թե քաղաքական մակարդակում որքան ակտիվ է այդ թեման քննարկվում։
Վարչապետը կարևորել է պետության և տնտեսության՝ փոփոխվող պայմաններին արագ հարմարվելու կարողությունը։ Նրա գնահատմամբ՝ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները ինքնին չեն կարող միայն դրական կամ բացասական բնութագրվել․ դրանց ազդեցությունը մեծապես կախված է նրանից, թե տվյալ պետությունն ինչպես է կարողանում արձագանքել նոր իրավիճակներին։
Փաշինյանը նշել է, որ թույլ ադապտացիոն հնարավորությունների պայմաններում նույնիսկ դրական փոփոխությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Նրա համոզմամբ՝ հենց փոփոխություններին հարմարվելու կարողությունն է ապահովում որակական առաջընթաց։
Վարչապետն անդրադարձել է նաև տնտեսական և ազգային անվտանգության տեսանկյունից կախվածությունների խնդրին։ Նրա խոսքով՝ անկախությունը պետք է ենթադրի ոչ թե մեկ աղբյուրից կախվածությունը բազմաթիվ աղբյուրներից կախվածությամբ փոխարինելը, այլ կախվածությունների իրական նվազեցում։
Փաշինյանը նշել է, որ որևէ գործընկերոջ կամ առանձին սուբյեկտի հետ հարաբերություններում գերիշխող կամ մենաշնորհային դիրքի ձևավորումը կարող է վերածվել անվտանգության սպառնալիքի։ Նրա խոսքով՝ նման ռիսկերը պետք է պետական մակարդակով կառավարվեն։
Անդրադառնալով արտահանման ոլորտում գործող սահմանափակումներին՝ վարչապետը դրանք չդիտարկեց որպես տնտեսական ճգնաժամ։ Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը կարող է օգտագործվել որպես հնարավորություն՝ տնտեսության կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու և այն ավելի ճկուն դարձնելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր