Հինգշաբթի , 30 Ապրիլի 2026

Ընդդիմության հաղթանակը կասկածի ենթակա չի լինելու

Ընդդիմության հաղթանակը կասկածի ենթակա չի լինելու

Thu, 30 Apr 2026 20:15:17 +0400


Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, ընդդիմությունը ներկայացնող եռյակը կհավաքի 30,2 տոկոս ձայն: Խոսքը, բնականաբար, «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է: Նիկոլի ղեկավարած Քաղպայմանագիրը կհավաքի ընդամենը են 26,7 տոկոս: Այդ պարագայում վճռական է լինելու 4,2 տոկոսով «Միասնության թևեր»-ի դիրքորոշումը: Եթե Նիկոլին ընդդիմադիր Թաթոյանը մնա չեզոք՝ չաջակցելով գործող իշխանությանը կամ ընդդիմությանը, դա կբերի ընդդիմության հաղթանակին: Սակայն եթե Արևմուտքը ստիպի նրան բռնել Նիկոլի կողմը, ապա ընդդիմությունը կպարտվի: Դա, իհարկե, կլինի ճակատագրի դաժան հարվածը մեր պետությանը: 2015-ին սահմանադրություն վերաձևող Սերժ Սարգսյանը պետք է որ իմանար եվրոպական պառլամենտարիզմի այդ չարագուշակի երևույթի մասին:

Ինչևէ, որպեսզի միասնական ընդդիմության ճակատագիրը կախված չլինի իրենից դուրս ուժի տատանումներից, պետք է քայլեր կատարվեն հենց հիմա: Պետք է հանդիպում կազմակերպվի եռյակի անդամների միջև ու նրանք պայմանագիր ստորագրեն առաջիկա հինգ տարվա համագործակցության վերաբերյալ: Որպեսզի յուրաքանչյուրն իմանա, թե ինչ է տալիս ու ինչ է ձեռք բերում միասնության արդյունքում: Իհարկե, վատ չէր լինի, եթե դրան միանար Արման Թաթոյանը: Բայց վերջինս հստակ հայտարարել է, որ վերջնական որոշումը կկայացվի ընտրությունների ադյունքների ամփոփումից հետո: Դա նշանակում է, որ մինչև քվեարկության օրը ստորագրվելիք եռյակ պայմանագիրը պետք է բաց լինի քվեարկությունից հետո նոր անդամ կամ անդամներ ներառելու առումով: Բնականաբար, ներգրավման համապատասխան մեխանիզմներ մշակելով: Դա կհանգեցներ նաև անտարբեր կամ տատանվող զանգվածի ձայների մոբիլիզացմանը հօգուտ ընդդիմության: Ու այդ դեպքում ընդդիմության հաղթանակը կասկածի ենթակա չի լինելու:

Ընդդիմության հաղթանակը կասկածի ենթակա չի լինելու նույնիսկ այն դեպքում, եթե մինչև քվեարկությունը կալանավորվեն «Ուժեղ Հայաստան»-ի բոլոր ակտիվիստները: Որովհետև դա ավելի է բարձրացնելու «Ուժեղ Հայաստան»-ի հեղինակությունը: Ընդդիմության հաղթանակը կասկածի ենթակա չի լինելու՝ եթե Եվրամիությունը ոչ թե մեկուկես տասնյակ միլիոնի (խոսվում է թե՛ 15 և թե՛ 14 միլիոնի մասին) փոխարեն գործող իշխանությանը նվիրի 140-150 միլիոն եվրո: Ու նիկոլենք բարեգործության անվան ներքո բռերով փող բաժանեն ընտրողներին: Հիշեցնեմ, որ իշխանության հետ փոխկապակցված անձանց, ասենք, Հակոբյան Աննայի, բարեգործությունն իրավապահ համակարգի կողմից որպես այդպիսին չի դիտվում: Թե որպես ինչ է դիտվում՝ չեմ կարող ասել: Այդ հարցի պատասխանը լրագրողները նախորդ օրը կփորձեին ստանալ գլխավոր դատախազից: Եթե վերջինս բնակվեր ու գործունեություն ծավալեր ոչ թե նիկոլական բնույթի, այլ իրական ժողովրդավարական պետությունում: Ու ոչ թե լրագրող տեսնելուց փախչեր, այլ կանգներ ու հանգամանալից պատասխաներ լրագրողների հարցերին: Ճիշտ այնպես, ինչպես ընդունված է իրական ժողովրդավարական երկրներում:

Շարունակենք: Ընդդիմության հաղթանակը կասկածի ենթակա չի լինելու՝ եթե նույնիսկ Նիկոլին պաշտպանի նրան անընդհատ ձեռ առնող արևելյան բռնապետը: Ու այդ նպատակով նրա բանակը փորձի կրակոցներ արձակել կամ նույնիսկ առաջ գալ հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում: Նիկոլից ազատվելուց հետո, ի վերջո, այդ բանակը դուրս է շպրտվելու հայաստանյան տարածքից: Իսկ այնուհետև դրվելու է արցախցիների վերադարձի հարցը: Ընդդիմության հաղթանակը կասկածի ենթակա չի լինելու, քանի որ նրանք, ովքեր 2021-ին վախենում էին նորից խաբվելուց կամ անտարբեր էին իրենց հայրենիքի ճակատագրի նկատմամբ, այս անգամ հասկանում են, որ Նիկոլի վերարտադրությունը հավասարազար է Հայաստանի պետականության կործանմանը: Ու դա անմիջապես վերաբերելու է հենց իրենց ու իրենց ընտանիքների անդամներին: Ընդդիմության հաղթանակը կասկածի ենթակա չի լինելու՝ եթե նույնիսկ Նիկոլը գնա լայնածավալ ընտրախախտումների: Որովհետև այդ դեպքում մարդիկ դուրս կգան փողոց՝ պաշտպանելու իրենց քվեները: Ինչպես մի ժամանակ մարդկանց հորդորում էր ընդդիմադիր Նիկոլը: Ու եթե այդ անգամ էլ վարչապետ Նիկոլը դիմի բռնությունների, ապա դա կլինի իր իշխանության վերջը:

ՀԳ. Հոդվածում մեջբերված տվյալներն առնված են «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կողմից անցկացված վերջին հեռախոսային հարցումից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը

Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը Thu, 30 Apr 2026 14:29:51 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով