Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Խոստովանություն կա՝ մեղադրյալ չկա. հանցագործությո՞ւն, թե՞ ինքնապաշտպանություն

«Հրապարակ». Խոստովանություն կա՝ մեղադրյալ չկա. հանցագործությո՞ւն, թե՞ ինքնապաշտպանություն

Thu, 20 Aug 2026 12:15:50 +0400


Օգոստոսի 10-ին Շենգավիթ համայնքի Գորգիսյանի անվան այգում զարհուրելի դեպք էր տեղի ունեցել: 29-ամյա երիտասարդը, պայմանագրային զինծառայող, կոչումով՝ սերժանտ, փողոցային շուն էր դանակահարել:

Երկու տեղից՝ որովայնի եւ մեջքի շրջանում խոր վերքեր ստացած կենդանուն մի կերպ հաջողվել էր փրկել կենդանասերների ջանքերով: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները թարմ հետքերով պարզել էին դանակով այգում պտտվող անձի ինքնությունը, ձերբակալել եւ տեղափոխել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ՔԿ-ում էլ վարույթ էր նախաձեռնվել թափառական շանը դանակահարելու փաստով:

Տեղեկություն ստացանք, սակայն, որ գործով մեղադրյալ չկա: Այսինքն՝ կա ականատես վկա, որը տեսել է եւ ցուցմունք է տվել առ այն, թե ինչպես է տվյալ անձը դանակահարել կենդանուն, ընդ որում՝ երկու անգամ: «Մի անգամ հարվածել է, հետո գնացել է, մի քանի րոպեից կրկին հետ է եկել ու էլի հարվածել է»,- «Հրապարակին» հայտնեց ականատեսը: Նաեւ կա դանակահարող անձի խոստովանությունը, սակայն նրան մեղադրանք չի առաջադրվում: Ինչո՞ւ։ Քննչական կոմիտեից մեր հարցին չպատասխանեցին, սակայն հաստատեցին մեզ հայտնի տեղեկությունները:

«ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, եւ այս փուլում որեւէ անձի մեղավորության վերաբերյալ վերջնական գնահատական չի կարող տրվել։ Վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի պարզելու, կողմերի ներկայացրած վարկածները ստուգելու եւ դրանց համապատասխան իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- հաղորդեց Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Եղիազարյանը։

Այգու հարակից շենքերի բնակիչներից տեղեկացանք, որ դանակահարողն ու նրա ընտանիքն ամենուր լուրեր են տարածում, թե շունն իրենց կծել է, եւ դանակահարությունն անհրաժեշտ ինքնապաշտպանություն էր: Սակայն գործում կան նաեւ վկայություններ, որ շունը երբեւիցե ագրեսիվ վարք չի ցուցաբերել, եղել է ամենախելոք շներից եւ անգամ նրան անասնաբուժական կլինիկա տեղափոխելու ժամանակ ենթարկվել է ու չի հարձակվել տեղափոխողների վրա, թեեւ ոռնացել է ցավերից: Դատելով այս պահին առկա տեղեկություններից, այս գործը եւս կարժանանա կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի տասնյակ այլ գործերի տխուր ճակատագրին, երբ իրավապահները նախընտրում են չպատժել հանցագործներին՝ դրանով խրախուսելով հանցագործությունը:
Գորգիսյանի անվան այգում տեղի ունեցած միջադեպն այլ կողմ էլ ունի: Այս այգում երբեւիցե պարեկային հսկողություն չի իրականացվում: Ականատեսների վկայությամբ, սա առաջին հանցավոր միջադեպը չէ այստեղ, երբ վնասել են մարդկանց եւ կենդանիներին: Նշենք, որ գործով հսկող դատախազը Տիգրան Պետրոսյանն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ոռոգման ջրի խնդիր չկա, սակայն այգիներ չեն հիմնում, հող չեն մշակում

«Հրապարակ». Ոռոգման ջրի խնդիր չկա, սակայն այգիներ չեն հիմնում, հող չեն մշակում Tue, 20 Oct …