Հոլոքոստի մասնագետին բերել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտի
Sat, 22 Aug 2026 23:30:15 +0400

Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մեջ երբեմն ամենաուշագրավը ոչ թե այն է, ինչ նա ասում է, այլ այն հակասությունները, որը ստացվում է նրա տարբեր քայլերի արդյունքում։
Օգոստոսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ։ ԱԳՆ-ի կայքում տեղադրված պաշտոնական կենսագրության համաձայն՝ Ավետիսյանը արևելագետ է, ունի հրեական քաղաքակրթությունների մագիստրոսի աստիճան, ոը Հայդելբերգի համալսարանում է ստացել, 2015 թվականին ուսանել է Երուսաղեմի Յադ Վաշեմի Հոլոքոստի ուսումնասիրության միջազգային դպրոցում, իսկ հետագայում Քեմբրիջում ստացել է Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների դոկտորի աստիճան։ Նրա գործունեության զգալի մասը կապված է հրեա-արաբական ձեռագրերի, եբրայերենի և հրեական քաղաքակրթությունների ուսումնասիրության հետ։
Այսինքն, նորանշանակ փոխնախարարը մասնագիտացած է Հոլոքոստի և հրեական պատմության թեմաներով: Բայց այստեղ առաջանում է շատ ավելի հետաքրքիր հարց։
Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարող համակարգի վերին օղակում հայտնվում է Հոլոքոստի մասնագետը, այն ժամանակ, երբ նույն իշխանությունը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ:
2025 թվականի մարտին Նիկոլ Փաշինյանը բավական հստակ ձևակերպեց կառավարության դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Եվ մենք դեռ պետք է պարզենք, թե ով և երբ է Հայոց ցեղասպանության թեման բերել առաջին պլան: Սա պատահական հայտարարություն չէ։ Այն արտացոլում է իշխանության կողմից վերջին տարիներին առաջ մղվող այն մոտեցումը, ըստ որի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը պետք է կառուցվի ընթացիկ պետական շահերի, անվտանգության և հարաբերությունների կարգավորման շուրջ, իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր չէ, վնասում է մեզ և «իրական Հայաստանին»:
Նկատենք նաև, որ Անի Ավետիսյանի կենսագրության մեջ մի քանի տարին բաց է թողնված` հայտնի չէ, թե ինչով է զվաղվել մոտ 4 տարի ապագա փոխնախարարը: Նրա նշանակման մասին տեղեկության մեկնաբանությունների բաժնում օգտատերերից մեկը գրել էր, որ վերջինս տաքսի ծառայությունում դիսպետչեր է աշխատել: Եթե դա այդպես է, ապա արձանագրենք, որ ուշագրավ թռիչք է արել երիտասարդ կինը` Հոլոքոստի մասնագետի կարգավիճակից մինչև Հայոց ցեղասպանությունը ժխտող կառավարություն, տաքսի ծառայության դիսպետչերից մինչև փոխնախարարի պաշտոն:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր