Մի խումբ անպատկառներ ծվեն-ծվեն են անում իր հայրենիքը․․․ ու աչքերդ բացվում են, ամաչում ես հոռետեսությանդ համար…
Sun, 23 Aug 2026 23:03:11 +0400

Մի տեսակ ինքնահոսի մատնված ապրում ես` հույսդ կտրած, որ բան կփոխվի, հիասթափված ազգիցդ, որ սենց անփառունակ կյանքով է ապրում` հաշտված, որ մի խումբ անպատկառներ ծվեն-ծվեն են անում իր հայրենիքը, մի երկու ֆեյքի քոմենթից էլ կարծել ես, թե ամբողջ ազգդ անհայրենիք զոմբիներից է կազմված, և անգամ երբեմն սկսել ես կասկածել` կարո՞ղ է ես եմ սխալվում, մեկ էլ… խաղաղ երկնքում ամպրոպի նման մի պատահական հանդիպում փոխում է ամեն ինչ:
Մի պարզ, հայ մարդու ես հանդիպում, ով կրթություն էլ չունի, բայց մի 20 րոպե լսում ես նրան ու աչքերդ բացվում են, հոգիդ փառավորում է, ամաչում ես հոռետեսությանդ համար…
Շատ ափսոսում եմ, որ չձայնագրեցի Հայ մարդու մենախոսությունը, որ համոզվեք, թե ինչ խելացի, գրագետ, հայրենիքի հանդեպ սեր ու գորովանք ունեցող մարդիկ կան մեր երկրում, ինչքան ճիշտ են մեկնաբանում ամեն ինչ, ինչ ադեկվատ պահանջներ ունեն իշխանությունից ու ընդդիմությունից, ինչքան անչար են, անգամ թշնամու հանդեպ` մարդկային:
Մարդու մենախոսությունը, որը ձեզ կներկայացնեմ, «Ախր ինքն ո՞վ է…» խորագրի տակ կարելի էր հրապարակել: Այս հարց- հառաչանքը մարդն անընդհատ կրկնում էր, զայրանալով ու վրդովվելով, ափերից դուրս գալով, բայց ոչ մի տգեղ խոսք, հայհոյանք չգործածելով:
Ասում էր` լսեցի, որ Տիգրանաշենը Քյարքի է անվանում և ուզում է հանձնել…ախր դու ո՞ վ ես, որ մեր հողը հանձնես, ո՞վ է քեզ էդ իրավունքը տվել: Մարդիկ ամեն մետր հողի համար կռիվ են տալիս, սա եկել` հանձնում է ու հանձնում…
Ասում էր` հասկացանք պարտություն, պատերազմ, ամեն ինչ հասկացանք, բայց սա պարտության հետ կապ չունի…Հիտլերն էլ էր պարտվել` իր կյանքին վերջ տվեց, պարտվածն իրավունք ունի՞ իշխանությունը պահի…չես կարողանում երկիր կառավարել, թող գնա, ախպեր ջան, ի՞նչ ես ուզում մեզնից, թող ուրիշները գան` մի բան անեն: Ախր դու ո՞վ ես, որ Արցախ հանձնես, Արցախը քո՞նն էր, դու Արցա՞խ ես պահել, որ վերցրիր հանձնեցիր…
Ասում էր` 6 տարի ոչ ուրախություն ունենք, ոչ Նոր տարի` Նոր տարվա գիշերը պատարագի եմ գնում, հետո Եռաբլուր եմ բարձրանում…ախր դու ո՞վ ես, որ եկար մեր կյանքը, մեր տոները խլեցիր մեզնից…
Ասում էր` 8 տարի «նախկին հա նախկին», հերիք չի՞, թող ապրենք: Լսում եմ Ազգային ժողովի նիստերը, էդ «լածիրակները» ո՞նց են իրենց հոր թայ մարդկանց վիրավորում, տարիներ առաջ դրանց նմաններին շանսատակ էինք անում` ո՞վ կթողներ տենց լկտիանային…Ծառուկյանի մի եղունգը չարժեցող մարդիկ էսօր Ծառուկյան են հայհոյում…ախր դուք ո՞վ եք…
Ասում էր` ես շատ մարդկանց հետ եմ շփվում, ընտրություններից առաջ օրական առնվազն մի 10-15 հոգու հետ խոսել եմ` աշխատանքիս բերումով, 90 %-ը սրան դեմ էին, համոզված էինք, որ ընտրություններով գնալու է, ո՞նց սենց անխիղճ ձևով կեղծեցին…
Ասում էր` հիմա, որ Տիգրանաշենը տվեց ի՞նչ ենք անելու, այսինքն, էլ Եղեգնաձոր չենք կարո՞ղ գնալ, այսինքն, Սյունիքը հանձնեց, էլի…այսինքն, մեր երկիրը հիմա Ադրբեջանից են կառավարում, բա մեր ժողովուրդը դա չի տեսնու՞մ, չի հասկանու՞մ…բա գերիների հարցն ի՞նչ է լինելու…
Ասում էր` ես անընդհատ փորձում եմ հասկանալ` ինչի՞ ա սենց անում, ո՞րն ա իրա նպատակը: Փորձում եմ արդարացնել էս մի արածը, էն մի ասածը, բայց ոչ մի արդարացում չեմ կարողանում գտնել…խնդրում եմ` հարցրեք Նիկոլին, ինչի՞ է որոշել մեր երկիրը վերացնի…ախր ինքն ո՞վ է, որ մի ամբողջ երկիր վերացնի…
Ես լսում էի ու մտքումս շնորհակալություն հայտնում Մարդուն, ում անունն անգամ չհարցրի, լսում էի ու մտովի ներողություն խնդրում մեր ժողովրդից, որի մասին վատ եմ մտածել: Որովհետև սա է հայի իրական տեսակը և նրանք իրականում շատ են, իսկ անհայրենիք, անուղեղ, շահամոլ ու չար զանգվածը, որն արդարացնում է այս իշխանությունների ամեն քայլն, իրականում, քիչ է: Եղածն էլ այս իշխանությունների խորամանկ ու նենգ հնարքներով ստեղծած, ուռճացրած, ֆեյսբուքի ու ֆեյքերի միջոցով գեներացված տպավորություն է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր