Ալիևը շնորհավորել է և խոստացել շարունակել աջակցությունն Ուկրաինային
Mon, 24 Aug 2026 14:00:32 +0400

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն՝ Ուկրաինայի անկախության 35-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա գոհունակություն է հայտնել Բաքվի և Կիևի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններից, ռազմավարական գործընկերությունից, քաղաքական երկխոսության ներկա մակարդակից․
«Ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսության առկայությունը բարենպաստ հիմք է ստեղծում մեր համագործակցությունը խորացնելու համար տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ առևտրի, տնտեսության, հումանիտար հարցերի, գյուղատնտեսության, ներդրումների և այլ ոլորտներում։ Մենք կշարունակենք մարդասիրական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի բարեկամ ժողովրդին։
Հավատում եմ, որ մեր ժողովուրդների շահերից ելնելով՝ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել ադրբեջանա-ուկրաինական բարեկամական կապերի ամրապնդման համար», – ասվում է Ադրբեջանի պետության ղեկավարի պաշտոնական կայքում հրապարակված նամակում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր