Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Հայ գերիների հարցի լուծումը նախապայման է. Ֆրանսիացի նախարար

Հայ գերիների հարցի լուծումը նախապայման է. Ֆրանսիացի նախարար

Thu, 12 Nov 2026 13:54:50 +0400


«Չլուծված մարդասիրական հարցերը պետք է քննարկվեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Գերիների հարցի լուծումը նախապայման է»,-այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին առևտրի և ներդրումային գրավչության հարցերով լիազոր-նախարար Նիկոլա Ֆորիսյեն՝ պատասխանելով Սենատի անդամ Մարի-Առլետ Կարլոտիի՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին հարցին: Քննարկումից կարճ տեսանյութ է հրապարակվել սոցիալական ցանցերում:
Մարսելից ընտրված սենատոր Կարլոտիին հարցը վերաբերել է բռնի տեղահանված արցախցիերին Ֆրանսիայի կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությանը և Բաքվում ապօրինի պահվող հայերի ճակատագրին:

«Այս տարվա փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը դատապարտել է 15 հայերի, որոնցից հինգին՝ ցմահ ազատազրկման։ Մի քանի օր անց Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Amnesty International-ը դատապարտել է արդար դատաքննության երաշխիքների լուրջ խախտումները, իսկ Human Rights Watch-ը՝ բժշկական օգնության հասանելիության և ընտանիքների հետ կապի սահմանափակումները։ Ի՞նչ նախաձեռնությամբ եք հանդես գալիս եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի խաղաղության գործընթացը ներառի գերիների ազատ արձակման և տեղահանվածների ազատ ընտրության, մասնավորապես՝ վերադարձի իրավունքի ապահովման հարցերը», -հարցրել է սենտորը:

«Չլուծված մարդասիրական հարցերը պետք է քննարկվեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Մենք ողջունել ենք այս տարվա հունվարի 14-ին չորս գերիների վերադարձը Հայաստան և կոչ ենք անում ազատ արձակել կամայականորեն կալանավորված բոլոր անձանց։ Հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման հնարավորություն է ստեղծում։ Մենք խրախուսում ենք երկու կողմերին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։ Գերիների հարցի լուծումը նախապայման է»,- ի պատասխան հայտարարել է նախարար Ֆորիսյեն։

Նա նաև ավելացրել է, որ Ֆրանսիան հստակ դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և ափսոսանք հայտնել տարածաշրջանի հայ բնակչության գրեթե ամբողջական հեռանալու կապակցությամբ։
«Մենք ամենամեծ մարդասիրական աջակցությունն ենք ցուցաբերել տեղահանվածների ընդունման հարցում։ Հատկացվող միջոցները կհարմարեցվեն առկա կարիքներին՝ մարդասիրական և արդյունավետ աջակցություն ապահովելու նպատակով։ Ֆրանսիան կարևորում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ին սահմանած ժամանակավոր միջոցների կատարումը։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց բնակության վայրեր, պետք է հնարավորություն ունենան դա անել ազատ և անվտանգ պայմաններում»,-ավելացրել է նախարարը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ-ն և Ուկրաինան պայմանավորվել են գերիների նոր լայնածավալ փոխանակման մասին

ՌԴ-ն և Ուկրաինան պայմանավորվել են գերիների նոր լայնածավալ փոխանակման մասին Wed, 11 Nov 2026 18:30:13 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով