Քոչարյանների ընտանիքը Պուտինի հետ «քաղաքական առեւտուր» անելու առիթ է
Thu, 27 Aug 2026 14:15:33 +0400

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ գործող իշխանությունների կողմից իրականացվող գործողություններն ու հետապնդումները Հայաստանի հանրային-քաղաքական քննարկումների դիսկուրսում հիմնականում ներկայացվում են ներքաղաքական լույսի ներքո։ Սակայն, իմ կարծիքով, կա եւս մեկ ասպեկտ, որը չպետք է աչքաթող արվի եւ ոչ մի դեպքում։ Խոսքը հարցի արտաքին քաղաքական կամ գեոպոլիտիկ ասպեկտի մասին է, հատկապես՝ Հայաստան-Ռուսաստան ներկայիս լարված հարաբերությունների ֆոնին։ Ինձ համար, օրինակ, այս ձերբակալությունն օրինաչափ էր ու սպասելի։ Հարցն այն չէ, թե Դմիտրի Մեդվեդեւն ում կսմթեց, ու ով դրանից դիվոտեց։ Ոչ էլ այն, թե Լեւոն Քոչարյանն ինչ հայտարարություն արեց, ու դրանից հետո ինչ եղավ։ Դրանք ու այդօրինակ դրվագները, իհարկե, ազդեցություն ունեցան կամ գոնե եղան պատրվակ, սակայն կարեւորն այստեղ այլ է։
Հայաստանի գործող իշխանությունների եւ անձամբ հատկապես Նիկոլ Փաշինյանի համար Ռոբերտ Քոչարյանի եւ, առհասարակ, Քոչարյանների ընտանիքի դեմ գործողությունները թերեւս նպատակ ունեն ՌԴ-ի հետ «քաղաքական առեւտուր» սկսելուն։ Նիկոլ Փաշինյանը գիտի, եւ դա մեծ գաղտնիք էլ չէ, որ երկրորդ նախագահ Քոչարյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ունեն ընկերական լավ հարաբերություններ։ Նաեւ գաղտնիք չէ, որ Քոչարյանն ընդունված մարդ է ռուսական միջավայրում, ռուսական էլիտաների մոտ։ Հարվածը Քոչարյանին կամ Քոչարյանների ընտանիքին, ուզենք թե չուզենք, նշանակում է հարված Հայաստանում գտնվող ռուսամետ հատվածին, ինչ-որ իմաստով՝ Ռուսաստանին։ Նիկոլ Փաշինյանը լավ է հասկանում այս ամենը։ Մյուս կողմից՝ նրան օդ ու ջրի պես պետք է Ռուսաստանի հետ պայմանավորվելը։ Առաջիկա նոյեմբերին՝ ՀԱՊԿ, դեկտեմբերին էլ՝ ԵԱՏՄ գագաթնաժողովն է։ Երկուսն էլ անցկացվելու են Ռուսաստանում․ մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանի իշխանությունները չեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ վերջին ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Ասել է թե՝ չեն ճանաչել Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի վարչապետ։
Հայաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ դաժան սանկցիաներ են կիրառվում, սպառնում են նորերով։ Ու երկկողմ հարաբերությունների հետագա սրացումը նկատի ունենալով, չի բացառվում, որ հատկապես պետերբուրգյան գագաթնաժողովի ժամանակ լինեն շատ տհաճ անակնկալներ Նիկոլ Փաշինյանի համար։ Ու մինչ դա, հատկապես նկատի ունենալով, որ ԵԱՏՄ առաջնորդների նախազգուշացումը Երեւանին ուժի մեջ է, Փաշինյանը փորձելու է ամեն գնով հասնել նրան, որ Ռուսաստանի հետ պայմանավորվի։ Իհարկե, նա կարող է Միշուստինի հետ հանդիպելու համար «երեսի զոռով» գնալ, ինչ-որ միջոցառումների մասնակցել։ Բայց լավ է հասկանում, որ Միշուստինը հարց լուծող չէ, եւ Մոսկվայում հարց լուծողը մեկ հոգի է, ու դա Պուտինն է։ Դրա համար էլ Փաշինյանը որոշել է իր «խելքի կտրածի չափով» հիմքեր ստեղծել՝ Մոսկվայի հետ «քաղաքական առեւտուր» անելու համար՝ հարձակվելով երկրորդ նախագահ Քոչարյանի եւ նրա ընտանիքի վրա՝ իր ուժային-իրավապահ «գվարդիաներով»։ Գուցե Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումներն էլ են այս կոնտեքստում իրականացվում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր