Այսօրվա «հետդարձը» ուրիշ բան է` սա հին վերքերը քչփորելով, նոր վերքերը կոծկելու համար է արվում
Sun, 30 Aug 2026 09:00:09 +0400

Դուք նկատեցի՞ք ինչպես Հայաստանի երրորդ հանրապետությունը ժխտող, «չորրորդ հանրապետություն» կառուցող և առաջիկա 5 տարվա իբրև թե զարգացման ծրագիր կազմող մարդը մեզ նորից հետ տարավ 2018 թ., նույնիսկ ավելի հետ` 90-ականներ և անգամ սովետական տարիներ…
Հիմա մենք ոչ թե քննարկում ենք այսօրվա իրավիճակը, մեր երկրի առջև այսօր կանգնած խնդիրները, այլ նորից վերադարձել ենք 18 թվի նարատիվներին` թալան, թալանի վերադարձ, նախկիններ, 20-30 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններ, դրանց մեղավորների փնտրտուք…Քոչարյանը կնստի, թե Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանի ունեցվածքը կխլեն, թե Գագիկ Բեգլարյանինը…
Անգամ 2020-23 թվականներին տեղի ունեցած աղետն ենք մոռացել և ոչ թե դրա մեղավորներին ենք փնտրում (որը շատ ավելի բնական կլիներ), այլ 2008 թ. մարտի 1-ին, 27 տարի առաջ` 99 թվի հոկտեմբերի 27-ին կատարվածի: Քննարկում ենք 1990-91 թվերի իրադարձությունները…Անկախության հռչակագիր, Ալաթիի համաձայնագիր, պրիվատիզացիա…սա է Փաշինյանի «իրական Հայաստանը»:
Իսկ իշխանության ձեռագիրը ոչ թե 90-ականների, այլ ավելի ու ավելի շատ սովետական վատ շրջանների ձեռագրին է նմանվում` ռեպրեսիաներ, երկրում զորանոցային հնազանդություն, խոսքի ազատության սահմանափակումներ, այլախոհների ու հոգևորականների կալանքներ, մեկ միասնական կարծիքի տիրապետություն, դատարանների ու դատախազության կախվածություն «Պոլիտբյուրոյից», վերևից իջեցված դատավճիռներ, պաշտոն ստանալ համար պարտադիր պետք է լինես Կոմկուսի (ՔՊ-ի) անդամ, Կենտկոմի նիստերի (ՔՊ վարչության) համր հեռարձակումներ, խորհրդարանում 60 պատգամավոր քվեարկում են մեկ մարդու` իսկական «կոմունիստների» նման…
Բայց նույնիսկ սովետի ժամանակ Կոմկուսի կենտկոմն այսքան բացահայտ ու լկտի ձևով հրահանգներ չէր իջեցնում իրավապահներին, պաշտոնական աշխատավարձից դուրս պարգևավճարներ չէին բաժանում իրենց, ինչ անում էին` թաքուն էին անում, գոնե ֆորմալ պահում էին օրենքի տառը:
Իրավական բեսպրեդելի, ծեծ ու ջարդերի, սպանությունների քանակով, կապիտալի վերաբաշխմամբ էլ 2026-ը նմանվել է 90-ականներին: Իսկ այ մասնավորից գույք խլելու, գործող արտադրությունները պետականացնելու փորձերն արդեն սովետական իրականությունից են վերցված: Այնպես որ «առաջ պոռալով հետ-հետ կերթանք»: Տեսնենք` մինչև ուր…
Ես դեմ չեմ, իհարկե, պատմությունը հիշելուն, պատմական դասերը սերտելուն ու հետևություններ անելուն (մանավանդ առաջին մասնագիտությամբ պատմաբան եմ): Ավելին` ժամանակին դեմ էի սովետական անցյալը ջնջելու հեղափոխական էնտուզիազմին, օրինակ` իմ հայրենի Կիրովականը` Վանաձոր, Մարքսի փողոցը` Խորենացի, Կրուպսկայայի դպրոցը Նիկոլ Աղբալյան դարձնելուն: Կարծում էի, որ դա մեր պատմությունն է և հնի հետքերն այդպես հապճեպ ջնջելը քո պատմությունից հրաժարվելու, կատարվածը խմբագրելու է շատ նման:
Բայց այսօրվա «հետդարձը» ուրիշ բան է` սա հին վերքերը քչփորելով, նոր վերքերը կոծկելու համար է արվում: Անցյալի վատ հուշերը շահարկելով` այսօրվա վատը մթագնելու, մարդկանց հոգնած ուղեղը բռնաբարելու համար, որ իրականությունը չտեսնեն, չհասկանան` ինչ է կատարվում, շարունակ վերադառնան անցյալին և այսօրվա սխալների ու վատի համար մեղադրեն 20-30 -40 տարի առաջ պաշտոնավարած նախագահներին, պաշտոնյաներին…
Նկարում` ՀխՍՀ գերագույն խորհրդի վերջին նիստերից մեկն է: Մեզ թվում էր` մեկ մարդու նման վերևից իջած հրահանգով քվեարկելու ժամանակներն այլևս երբեք չեն վերադառնալու…ավաղ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր