Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ո՞ւր անհետացան «արցախցի ահաբեկիչները»

«Հրապարակ»․ Ո՞ւր անհետացան «արցախցի ահաբեկիչները»

Tue, 01 Sep 2026 10:15:36 +0400


2026 թվականի մայիսին՝ նախընտրական բուռն շրջանում, համացանցում տարածվեց սկանդալային մի տեսանյութ, որը քաղաքական աղմուկ ու կոշտ քննադատություն առաջացրեց: Տեսանյութում երեւում էին 5 դիմակավորված, ինքնաձիգներով զինված անձ, որոնք Արցախի բարբառով, հայհոյախառն դիմում էին Փաշինյանին. «Նիկոլ, դու պատասխան ես տալու, մենք գիտում ենք՝ դու շտեղով ես ման գյամ… մենք քեզ ճարելու ենք…», «Նիկոլ, քեզ ջրելու ենք» եւ այլն: Սա ընկալվեց որպես սպանության սպառնալիք: Տեսանյութի հերոսները Փաշինյանին մեղադրում էին Արցախը հանձնելու եւ Ստեփանակերտի հրապարակում ժամանակին սուտ խոսելու մեջ: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ եղավ այդ տեսանյութի եւ հարուցված քրեական վարույթի հետ:

Տեսանյութը հայտնվելու պահին Փաշինյանը, ինչպես հիշում ենք, Արաբկիրում նախընտրական քարոզարշավ էր անում եւ իր ելույթում վրդովված անդրադարձավ նշված տեսանյութին` ընտրողներին ասելով, թե իրավապահները կգտնեն այդ տեսանյութի հեղինակներին, եւ ինքն անձամբ «չոքըցնելու է» նրանց: Ձեռքի հետ էլ թիրախավորեց Արցախի նախկին ռազմաքաղաքական էլիտային, թե «ռազմի դաշտից փախել են, եկել այստեղ՝ դիմակներով զենք են ցույց տալիս»։ Մարդիկ սկսեցին խոսել այն մասին, որ տեսանյութը հենց իշխանական խողովակներով է պատրաստվել եւ նետվել ասպարեզ` որոշակի դիվիդենտներ շահելու համար:

Փաշինյանի ելույթի հաջորդ իսկ օրը՝ վաղ առավոտյան, իրավապահները խուզարկություններ կատարեցին Երեւանի մեկ տասնյակից ավելի հասցեներում, հիմնականում՝ արցախցիների բնակարաններում, իսկ Քննչական կոմիտեն վարույթ նախաձեռնեց մի քանի ծանր հոդվածով՝ «Սպանության նախապատրաստում», «Զենքի ապօրինի շրջանառություն», «Համակարգչային հանցագործություն»: Ըստ ՔԿ-ի՝ տեսանյութը տարածողներն ապօրինի մուտք էին գործել համակարգչային ցանցեր՝ ուղիղ հեռարձակում ապահովելու համար։

Մի քանի օրից վարչապետը նորից հայտարարեց, թե օպերատիվ տվյալներ կան, որ դիմակավորված անձանց ինքնությունը պարզվել է, եւ որ նրանք Հայաստանում չեն: Սրանով նա փաստացի ազատեց Քննչական կոմիտեին ֆեյք նյուզի «տակից դուրս գալու» անհարմարությունից եւ ամրապնդեց ամենուր հնչող կասկածները, որ այդ նյութը բեմադրված է` նախընտրական փուլում հակաարցախյան տրամադրություններ բորբոքելու միտումով:
Անցել է 4 ամիս, եւ մինչ օրս ո՛չ Քննչական կոմիտեն, ո՛չ դատախազությունը պաշտոնապես չեն հայտարարել, թե տեսանյութի հեղինակներն ովքեր են, չգիտենք՝ ինչ գործողություններ են կատարվել նրանց նկատմամբ: Նման բեմադրված միջադեպերով, որպես կանոն, լռության են մատնում, որ մի օր ծածուկ կարճեն հարուցված վարույթը, քանի որ ոչ ոք այլեւս այն չի հիշում: Այդ շոուն պահի տակ էր անհրաժեշտ` որպես նախընտրական քարոզչության մաս, այժմ այլեւս դրա մասին ոչ ոք չի հիշում: Իրավապահներն էլ հերթական անգամ սպասարկեցին քաղաքական շոու՝ «չոքըցնելու» սպառնալիքներով ու կայծակնային, անպտուղ խուզարկություններով համեմված: Հենց ընտրություններն անցան, թեման օդում կախված մնաց, իսկ «ամենակարող» ուժայինները պարզապես լռեցին՝ քաղաքական պատվերն ավարտված է, թեման կորցրել է արդիականությունը:

Թեմայի շուրջ հավելյալ մանրամասեր չհայտնելով՝ դատախազությունից մեզ տեղեկացրին միայն, որ նախաքննությունն այդ գործով շարունակվում է, կա մեկ մեղադրյալ, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բոթ․«Բա իմացա՞ր, Փաշինյան ջան, Պուծինը շնորհավորել է Ռոբի ծնունդը»

Բոթ․«Բա իմացա՞ր, Փաշինյան ջան, Պուծինը շնորհավորել է Ռոբի ծնունդը» Mon, 31 Aug 2026 14:15:47 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով