Դատաբժշկական նոր փորձաքննություն է նշանակվել․ դատախազությունն անցել է գործի
Tue, 01 Sep 2026 12:29:45 +0400

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործին՝ նշելով, որ դատավորը գործընթացն այնքան է ձգձգել, որ թոշակի է անցել, ինչի հետևանքով իրավական գործընթացը կարող է զրոյանալ։ Փաշինյանը նաև ասել էր․ «Գնացեք, իր և իր ընտանիքի ամբողջ ունեցվածքը նայեք»։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Փաշինյանի հայտարարությունից հետո Գլխավոր դատախազությունն անցել է գործի։ Նշանակվել է դատաբժշկական նոր փորձաքննություն, որի արդյունքներով, ըստ տեղեկությունների, հաստատվել է, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը բավարար է, և նա կարող է գտնվել կալանքի տակ։ Մեզ հասած տեղեկություններով՝ Խաչատրյանի նկատմամբ կիրառված գրավը փոխելու և որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։
Գլխավոր դատախազությունից «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին․
«Դատաբժշկական հանձնաժողովային նոր փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գ.Խ.-ն կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ.Խ.-ի ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ.Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից): Համապատասխան ցուցման առկայության դեպքում, վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում: Ընդ որում, վիրահատության կատարման համար ներկայում ՀՀ-ում առկա են հնարավոր գործիքակազմերը, տեխնիկական միջոցները և մասնագետները՝ ովքեր կարող են կատարել և կատարում են այդպիսի վիրահատական միջամտություններ»։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Հայաստանի նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Պաշտպանական կողմը դա պայմանավորել էր նրա առողջական վիճակով և դատական նիստերին ներկայանալու անհնարինությամբ։
Խաչատրյանը մեղադրվում էր պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը 34 մլն դրամի վնաս պատճառելու մեջ։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր