Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Ինչու են Երեւանի փողոցներն այսօր դատարկ. հայացք Ֆրանսիայից

«Հրապարակ». Ինչու են Երեւանի փողոցներն այսօր դատարկ. հայացք Ֆրանսիայից

Fri, 06 Nov 2026 12:15:24 +0400


Երեկ մենք հրապարակել էինք տնտեսագիտության դոկտոր, բնապահպանական քաղաքականության եւ բնական պաշարների կառավարման մասնագետ, ֆրանսահայ Անկինե Կիրակոզյանի հարցազրույցի առաջին մասը։ Նրան խնդրել էինք անդրադառնալ Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ բողոքի ակցիաներին։

– Ֆրանսիայում անհանգիստ է, իսկ Հայաստանում խաղաղ է, չնայած մենք Արցախ ենք կորցրել, զոհեր ենք տվել, եւ մեզ հիմա պարտադրում են սահմանադրություն փոխել` Ալիեւի թելադրանքով, բայց պայքար չկա, փողոցները դատարկ են։ Դուք այս պասիվության, անտարբերության, հայաստանցի հայի՝ իր ճակատագրի հետ հաշտվածությունն ինչո՞վ եք բացատրում, ինչպե՞ս է երեւում հայկական իրականությունը հեռվից:

– Ես Ձեզ կպատասխանեմ մի հիշողությամբ։ Իմ վերջին այցը Հայաստան եղել է 2021 թվականի օգոստոսին։ Եկել էի իմ լավագույն ընկերուհու՝ ֆրանսուհու հետ, որպեսզի նրան ծանոթացնեմ իմ նախնիների հայրենիքին, որով անսահման հպարտ եմ։ Դա 44-օրյա պատերազմից եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարից 9 ամիս անց էր։ Հազարավոր երիտասարդ տղամարդիկ զոհվել էին, հարյուրավոր ծանր վիրավորներ դեռ բուժում էին ստանում, իսկ հայ ռազմագերիները շարունակում էին պահվել Բաքվում։ Մայիս ամսից ադրբեջանական զորքերը հատել էին սահմանը եւ ներխուժել բուն Հայաստանի տարածք՝ տեղակայվելով Սյունիքում եւ Գեղարքունիքում։ Կտրտված եւ զգալիորեն փոքրացած Արցախը դեռ գոյատեւում էր միայն ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ։ Եվ այս ամենը տեղի էր ունենում Covid-ի համավարակի պայմաններում։

Ես նախապես պատրաստել էի ընկերուհուս։ Ասել էի նրան․ «Դու կտեսնես վիրավոր, սգի մեջ գտնվող Հայաստան»։ Ֆրանսիայում մենք մեր օրերն անցկացնում էինք ֆրանսիական եւ միջազգային մամուլն ուսումնասիրելով եւ պատերազմը, ռազմագերիներին, վիրավորներին ու աշխարհաքաղաքական իրավիճակը քննարկելով։ Սակայն, երբ տեղ հասանք, գրեթե անմիջապես հայտնաբերեցինք մի Երեւան, որը կարծես ապրում էր իր բնականոն կյանքով։ Հանրապետության հրապարակում ոչ մի պաստառ։ Լեփ-լեցուն բացօթյա սրճարաններ։ Բացի Եռաբլուրից, որտեղ երիտասարդ զինվորների շիրիմները ձգվում էին այնքան հեռու, որքան աչքդ կարող էր տեսնել, ոչ մի տեղ չէր երեւում այն ամենի հետքը, ինչ տեղի էր ունեցել ընդամենը մի քանի ամիս առաջ։ Ես զարմացած էի։ Ընկերուհիս, որը կրթված կին է եւ հետեւում է միջազգային իրադարձություններին, ինձնից ավելի շփոթված էր։ Դրանից ընդամենը երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը, չնայած պարտությանը, վերընտրվել էր՝ ստանալով ձայների 53,9 տոկոսը։

Այո՛, ես դրա բացատրությունն ունեմ։ Հավանաբար, այն բոլորին դուր չի գա, բայց կարծում եմ, որ անկեղծ է։ Առաջին պատճառն առօրյա կյանքի ճնշումն է։ Երբ հասարակությունը դուրս է գալիս ճգնաժամի, պատերազմի եւ անորոշության տարիներից, բնական է, որ առօրյա հոգսերն ու հրատապ խնդիրներն առաջնային տեղ են զբաղեցնում։ Մարդկանց տրվող հարցը պարզ է․ արդյո՞ք իմ վիճակը բարելավվում է։ Եվ բնակչության մի մասի համար մակրոտնտեսական այդ բարելավումն առօրյա կյանքում վերածվում է կայունության կամ առաջընթացի զգացողության։ Տնտեսական աճի թվերն այդ տպավորությունն ամրապնդում են, թեեւ, ինչպես արդեն նշել եմ, այդ աճը մեծապես պայմանավորված է արտաքին եւ ժամանակավոր հանգամանքներով։

Սա կոչվում է ներկայի նախապատվություն․ անմիջական եւ տեսանելի օգուտն ավելի մեծ կշիռ է ստանում, քան ապագա կորուստը, նույնիսկ եթե այդ կորուստը հսկայական է։ Սա ճիշտ այն խնդիրն է, ինչին բախվում ենք կլիմայի փոփոխության հարցում․ բոլորը գիտեն, որ անգործության գինը չափազանց մեծ է լինելու, բայց քանի որ դրա հետեւանքները դեռ հեռու են թվում, ոչ ոք չի շտապում գործել։ Քրիստիան Գոլիեն այս միտքը շատ դիպուկ ամփոփել է իր գրքի վերնագրում՝ «Կլիման՝ ամսվա վերջը հաղթահարելուց հետո»։ Նախ հոգում ենք ամսվա վերջը հասնելու մասին։ Պետության ինքնիշխանության հարցն էլ նույնկերպ է գործում․ դրա կորուստը նկատում ենք միայն այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ է լինում։

Երկրորդ պատճառը եվրոպական խոստումն է։ Նիկոլ Փաշինյանը հայերին խոստացել է մերձեցում Եվրոպայի հետ եւ գուցե նույնիսկ անդամակցություն Եվրամիությանը։ Սակայն այն, ինչի մասին նրանք ավելի քիչ են խոսում, այն է, որ սա երկարատեւ գործընթաց է, որը բազմաթիվ թեկնածու երկրների փորձից ելնելով՝ առնվազն մեկ տասնամյակ է պահանջում, ընդ որում՝ առանց վերջնական հաջողության որեւէ երաշխիքի։ Անձամբ ես չեմ հավատում, որ այդ գործընթացը կհասնի իր նպատակին։ Բայց երբեմն հեռավոր ապագայի խոստումն արդեն բավական է, որպեսզի մարդիկ դիմանան այսօրվա զոհողություններին։

Երրորդ պատճառը այլընտրանքի բացակայությունն է։ Ցավոք, ընդդիմությանը չհաջողվեց առաջադրել այնպիսի առաջնորդի, որը չէր մերժվի բնակչության զգալի մասի կողմից։ Եվ այդ պայմաններում հայերն ընտրեցին այն, ինչն իրենց կարծիքով ամենանվազ վատ տարբերակն էր։ Դա չի նշանակում, որ նրանք անպայման հավանություն են տալիս կառավարության քաղաքականությանը։ Դա նաեւ նշանակում է, որ նրանց մի մասն այլեւս չի հավատում իրեն առաջարկվող այլընտրանքներին։

Հունիսի 7-ին «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 49,7 տոկոսը, իսկ ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,9 տոկոս։ Այլ կերպ ասած՝ գրանցված ընտրողների տասից ավելի քան չորսը չի գնացել քվեարկության։ Այս թիվը հիշեցնում է, որ ընտրությունների արդյունքն ինքնին բավարար չէ ամբողջ հայ հասարակության տրամադրությունները գնահատելու համար։
Վերջապես, կա եւս մեկ բացատրություն, որը տնտեսագետ Ալբերտ Հիրշմանը շատ դիպուկ ներկայացրել է դեռեւս 1970 թվականին։ Երբ իրավիճակը վատթարանում է, մարդն ունի երկու ընտրություն՝ բողոքել կամ հեռանալ։ Երբ հեռանալն ավելի հեշտ եւ պակաս ծախսատար է, քան բողոքելը, հաճախ հենց ամենաակտիվ եւ նախաձեռնող մարդիկ են հեռանում, այսինքն՝ նրանք, ովքեր կարող էին լինել փողոցում եւ պայքարել։ Արտագաղթը դատարկում է հրապարակները դեռեւս այն ժամանակ, երբ իշխանությունը նույնիսկ ստիպված չի լինում դիմել բռնաճնշումների։ Դրան գումարեք այն, ինչ Մանկուր Օլսոնն անվանում էր կոլեկտիվ գործողության տրամաբանություն, երբ յուրաքանչյուրը սպասում է, որ մյուսները կսկսեն մոբիլիզացվել, ինչպես նաեւ 2020 եւ 2023 թվականներից հետո կուտակված հսկայական հոգնածությունը, եւ կհասկանաք, թե ինչու են փողոցներն այսօր այդքան հանդարտ։

Բայց ես մերժում եմ այն գաղափարը, թե հայ ժողովուրդն իր բնույթով հաշտվողական է եւ դատապարտված է համակերպվելու։ Հայերը բազմիցս ապացուցել են, որ կարող են համախմբվել եւ պայքարել․ 2015 թվականին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, 2018 թվականին՝ Ամուլսարի լեռը պաշտպանելու համար, նույն 2018 թվականին՝ իշխանափոխության հասնելու նպատակով, իսկ 2024 թվականին՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ։ Այս շարժումները միավորող հանգամանքն այն էր, որ դրանք վերաբերում էին շատ կոնկրետ խնդիրների՝ էլեկտրաէներգիայի վճարին, լեռանը, Տավուշի մեկ գյուղին։ Մարդիկ համախմբվում եւ պայքարում են այն բանի համար, ինչին կարող են դիպչել, ինչն իրենց համար շոշափելի է։

Մեր պատասխանատվությունն է՝ թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում՝ Սահմանադրության եւ մեր պատանդների ճակատագրի հարցերը դարձնել նույնքան շոշափելի, որքան էլեկտրաէներգիայի վճարը։ Եվ պայքարը դեռեւս ավարտված չէ․ «Քաղաքացիական պայմանագիրը» չունի այն անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնությունը, որը թույլ կտար նոր սահմանադրությունը հանրաքվեի դնել։ Եթե փողոցներն այսօր հանդարտ են, ապա խորհրդարանը դեռ կարող է ասել «ոչ»։

Արեգ Մարգարյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Դատավորը ծառայակցին անզգուշորեն սպանածին ազատել է

«Հրապարակ»․ Դատավորը ծառայակցին անզգուշորեն սպանածին ազատել է Fri, 06 Nov 2026 11:45:37 +0400 Մհեր Ռոբերտի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով