Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ի՞նչ է նշանակում, երբ պատերազմը որպես թուր ճոճում են ժողովրդի գլխավերեւում

«Հրապարակ»․ Ի՞նչ է նշանակում, երբ պատերազմը որպես թուր ճոճում են ժողովրդի գլխավերեւում

Wed, 02 Sep 2026 12:45:46 +0400


Հարցազրույց բանաստեղծուհի Հռիփսիմէի հետ

– Դուք այն սերնդի բանաստեղծներից եք, որ արժանապատվորեն է կրում Արցախյան ազատամարտի գաղափարը, մեր հաղթանակներն ու արժեքները: Իսկ այսօր Արցախում գեթ մեկ հայ չի մնացել, եւ թշնամին բռնազավթել է Հայաստանից զգալի տարածքներ: Այդ ցավի մասին է, որ ուզում եմ, որ խոսի հայ բանաստեղծը: Ցավ… գուցե մե՞ղմ եմ ձեւակերպել:

– Կա ցավ, որ արնահոսում է եւ կեղեւ չի տալիս։ Ես` պոետիկ Հռիփսիմէս, կարծես զինվորագրվեցի այդ պատերազմի ոլորապտույտներում եւ մինչ օրս զարմացած եմ, թե ինչպես ծնվեց իմ «44 օր» գիրքը, որտեղ մեր նահատակների սարսափած հայացքներն ինձ ուղեկցում են մինչ օրս, երբ լսում եմ «պատերազմ» բառը։ 400 էջանոց այդ ժողովածուն չունի ցավի սփոփանք։ Այն տրոփող զարկերակ է, որը լավ գիտի սրտի ճամփան։ Երազների գլխատման ու կանաչը հնձող մահվան գերանդին պիտի միշտ հիշեցնի չարաբաստիկ մի ժամանակաշրջան, որը պատմության ճակատին պիտի գրի` 20 թվական, սեպտեմբեր։ Մահասարսուռ այդ ճամփան ինձ համար հոգեքննություն էր։ Դեռ թանաքս չչորացած` իմ աղջիկ Արփին լքեց մարդուկներով լի այս մոլորակը, եւ ես հիշեցի բոլոր որդեկորույս մայրերի սեւազգեստ երթեւեկն ու հասկացա, որ իմ մեծ ցավի մեջ միայնակ չեմ…
Ականջներիս մեջ դեռ հնչում է «Արցախ» բառը, երբ մենք Ազատության հրապարակում պայքարում էինք` լայն ճակատներս քամուն տված, որ մերը լինի։ Փոշիացավ նաեւ այդ գաղափարախոսությունը, եւ դարձանք կորուստներով հարուստ ժողովուրդ։ Ավելին, կորցրինք պայքարի ոգին եւ հարմարավետության հագուստներով փորձեցինք անցյալը տեղափոխել բազկաթոռային բախտախնդրության տարածք։ Արցախի կորուստը պարտության դատավճիռ է։ Զարմանալին այն է, որ ազգային մեր բռունցքները պաշտոնաթող եղան։ Չկա այն պաթոսը, որ հավաքական միասնության ու հայրենական նվիրումի շնորհն էր։ Չարենցյան ոգեկոչումներն այլեւս կենսաթրթիռ չեն։ Մեղա, մեղա, մեղա պիտի ասեմ` կորցրել ենք ներուժի արդիականությունը։ Մեր փակուղին սկսվում է այդտեղից, եւ դժվար է ասել՝ այս նահանջների թունելի վերջում լույս կա՞։

– 2020թ. պատերազմից հետո մեր կառավարությունը շարունակում է Հայաստանից տարածքներ զիջել` ասելով, թե Ադրբեջանի հողերն է վերադարձնում: Վերջերս էլ վարչապետը շեշտեց, որ «Քյարքին» Ադրբեջանի տարածք է: Տիգրանաշենը եւ Տավուշից էլի գյուղեր հնազանդ հանձնելով` պատրաստ լինենք հաջո՞րդ զիջումներին, դե՝ մի «ձյունոտ սարի» համար հո չե՞նք կռվելու կամ` Սեւ լճի 30 տոկոսի:

– Երբեմն ինձ թվում է, որ համատարած թմբիրի մեջ ենք բոլորս։ Կա քաղաքական մի մագիա, որն անտարբերության շիճուկ է ներարկում մեր ոգեղենության առողջ ավիշների մեջ, եւ ստվերը հաղթում է լույսին։ Ամեն անգամ ես ցնցում եմ ապրում, երբ լսում եմ մեր կարեւորագույն տարածքների օտարման մասին։ Ի՞նչ է նշանակում՝ երբ պատերազմը որպես թուր ճոճում են ժողովրդի գլխավերեւում։ Միանձնյա որոշումների այս ցավալի իրողությունը տանում է մեզ պետականության կորստի, եւ այս թնջուկի ծայրը վաղուց չի երեւում։

– Թալանը ետ բերելու, նախկին նախագահ ու պաշտոնյա պատժելու ժողովրդական էյֆորիայի մեջ ենք երկիրը հանձնում թշնամուն, որպեսզի ընդդիմացողներ չլինե՞ն, եւ ժողովուրդը չգիտակցի՞, թե ինչ է կատարվում այդ ծխածածկույթի տակ:

– Բարեկամ իմ, ուժեղների այս որսը թույլերի ինքնապաշտպանության վիճակներից է։ Ձերբակալությունների այս անհատականությունների որսը, Եկեղեցու դեմ պայքարը, ոչ արհեստավարժների կառավարումը հենց այս ամենի վկայությունն են։ Ուզում եմ լավատես լինել նաեւ, որ ցեցակիր, ատելության պարանը միշտ չէ, որ փրկության երաշխիք է։ Հավատացած եմ, որ անարդարությունների այս ֆոնին կհայտնվի մեկը, որը մեր ազգային գաղափարախոսությունը կդարձնի դրոշ, եւ հուսակոտոր ժողովուրդը կհավաքի իր կորուսյալ հավատի փշրանքներն ու կգնա նրա ետեւից։ Հանկարծ անգամ փոքրիկ խճաքարով չխփեք իմ փուխր լավատեսությանը, նա անթիվ ճաքեր ունի։

– Հալածվում է Հայ եկեղեցին, դատվում են կաթողիկոսը եւ սրբազանները, ուրացվում են ցեղասպանությունը, Արարատ լեռը, պատմությունն ու պատմականը, արգելված է բարձրաձայնել «Արցախ» տեղանունը, թուրքական անուններով են նշվում հայկական գյուղերը, եւ այդպես շարունակ: Մենք ուրացման, պղծման, ինքնասպանության ժամանա՞կ ենք ապրում:

– Այդ բոլորը դրված է մեր ամենօրյա սկուտեղին, եւ հացը դառնում է դառնալեղի, ներսում՝ խմորի տհաճ բուրմունքը։ Մեր նշխարը վաղուց է դարձել թեժախորով հաց։

– Դուք հավատո՞ւմ եք Փաշինյանին, որ խաղաղություն է բերում, պետությունն է ամրացնում եւ Հայաստանն է փրկում սատանաներից` ըստ իր պատկերացրած:

– Իհարկե, չեմ հավատում։ Բայց ինչո՞ւ էր ինձ թվում, որ իմ պոետ ընկերն ինձ մշակութային հարցեր կտար, երբ այս իրավիճակի ճիշտ հասցեն այդ ոլորտն է։ Մեզանում հայրենասիրության պակասից, ներուժի վստահությունից անապատանում է երկիրը, որտեղ փուշն ու տատասկն ապրում են ծաղիկների կողքին, եւ մոլախոտը փաթաթվում է նրանց նրբին վզիկներին եւ սպանում նրան գույները։ Երբ մշակույթը դուրս է մնում որպես օրվա պահանջ, հոգին կոշտանում է անթթվայնությունից։ Պակասում է շնչելի թթվածինը։ Հիշո՞ւմ ես, տաղանդավոր բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանն ասում էր` մենք հին գվարդիայի տղերք ենք, որ մենք զարթոնք ենք ապրել։ Հիմա չկան նրանք, եւ գրքային այս անծայրության մեջ արժեքների համակարգը ոչնչացավ՝ տեղը զիջելով պատվոգրերին եւ մրցանակներին։ Հենց այստեղից է սկսվում մեր պարտությունը։ Պայքարի ոգին վերակենդանացման բաժին տեղափոխվեց, եւ ո՞վ իմանա՝ կապաքինվի՞… Ցավում եմ, բայց հայելու դարձերեսին մենք չենք տեսնում ազգային մեր դեմքը։ Պատից կախված հրացանը չի կրակում․ այստեղ է մեր ողբերգությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուս-ուկրաինականից մինչև ԱՄՆ-Իրան պատերազմ․ Թուրքիայի կառավարության նիստի օրակարգը

Ռուս-ուկրաինականից մինչև ԱՄՆ-Իրան պատերազմ․ Թուրքիայի կառավարության նիստի օրակարգը Mon, 07 Sep 2026 17:00:34 +0400 Թուրքիայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով