Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանը տանում է նոր վտանգավոր հետևանքների
Wed, 02 Sep 2026 13:41:23 +0400

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կայացած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը՝ քննադատելով Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը։
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվում է նոր և ոչ պակաս վտանգավոր գործընթացների մեջ, որոնց ծանր հետևանքների պատասխանատվությունն ու բեռը կրելու են պետությունն ու հայ ժողովուրդը։
Սաղաթելյանի խոսքով՝ վարչապետի հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտության մասին իրականում չեն համապատասխանում իշխանությունների գործնական քայլերին։ Նրա համոզմամբ՝ գործող իշխանությունները փորձում են հարաբերություններ հաստատել Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական դիրքորոշում ունեցող երկրների հետ՝ միաժամանակ բարդացնելով հարաբերությունները ավանդական գործընկերների հետ։
«Հայաստան» խմբակցության պատգամավորն ընդգծել է, որ նման քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը կորցնի իր գործընկերներին՝ առանց նախկին հակառակորդների հետ իրական բարեկամական հարաբերություններ ձևավորելու։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր