Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

Մարազմատիկ իրականություն

Մարազմատիկ իրականություն

Wed, 02 Sep 2026 20:45:48 +0400


Նախկինների օրոք Հայաստանը գտնվում էր խորհրդային ավտորիտարիզմից ժողովրդավարության անցման փուլում: Նախկինն արդեն գոյություն չուներ, բայց նորն էլ գտնվում էր ձևավորման փուլում: Անցումն էլ տանջալից էր, քանի որ տեղի էր ունենում դերակատարների՝ խորհրդային մտածողության պայմաններում: Հնին սովոր մարդկանց արևմտյան խորհրդատուներն ասում էին, թե մեր նշած ուղղությամբ շարժվեք, ու ամեն ինչ լավ կլինի: Նրանք էլ շարժվում էին այնքանով, որքանով դա թույլ էր տալիս իրականությունը: Իսկ այն խորհրդատուները պատկերացնում էին դասագրքային տեսակետով՝ առանց հաշվի առնելու ազգային առանձնահատկությունները: Ու այդ պատճառով էլ տեղի էին ունենում աննորմալ իրադարձություններ: Ընտրությունների օրերին, ասենք, ընդդիմադիր ակտվիստների ծեծ ու ջարդ, քվեարկության օրը քվեաթեթիկների լցոնում կամ նույնիսկ քվեատուփի գողություն և այլն:

Արտաքին քաղաքականության հարցում ևս ամեն ինչ հստակ ու հասկանալի չէր: Եվ հատկապես ՀՀ երրորդ նախագահի օրոք: Անվտանգության ու տնտեսական առումներով ավտորիտար Ռուսաստանի «պոչից կպած»՝ ձգտում էինք դեպի Եվրամիություն: Եվ եթե քաղաքացիական հասարակության ձգտումների տեսանկյունից դա նորմալ էր, ապա առնվազն անհասկանալի էր գործող իշխանության առումով: Հատկապես նախագահական կառավարման փոխարինումը խորհրդարանականով: Այն էլ գտնվելով եվրասիական ՀԱՊԿ, ԵԱՏՄ կառույցներում, որտեղ հստակ տարբերակված էր նախագահի և վարչապետի ինստիտուտների դերակատարումը: Էլ չասած երկրում տիրող «բեսպրեդելի» մասին, ինչն էլ հանգեցրեց 2008 և 2018 թվականների փողոցային իրադարձություններին: Եվ եթե առաջինն անհաջողություն կրեց, ապա երկրորդը, ի դժբախտություն մեզ, պսակվեց հաջողությամբ:
Եվ արդեն 9-րդ տարին է, ինչ փորձում ենք դուրս գալ այդ հաջողությամբ գեներացված աննորմալ իրավիճակից ու չենք կարողանում: Աննորմալ իրավիճակն էլ առկա է բոլոր ուղղություններով, ինչը մինչև 2018-ի իշխանափոխությունը դժվար թե պատկերացնեինք: Որովհետև հնարավոր չէր պատկերացնել, որ օրինական ընտրությունների համար պայքարելով՝ 2026-ին հայտնվելու ենք, ասենք, 2008 և 2013 թվականների արանքում: Այսինքն, գործող իշխանությունը վերարտադրվելու էր օրինավորութան և բարոյականության այնպիսի խախտումներով ու ընտրակեղծիքներով, որ կհարուցեր նույնիսկ ավտորիտար Ռուսաստանի նախանձը: Շեշտում եմ հենց այդ պետության անվանումը, քանի որ այդ հարցում մենք արժանի ենք նրա հետ որևէ կառույցում ընդգրկվելուն: Չնայած ավելի ենք ձգում միանալ Եվրամիությանը, քան դա առկա էր նախկինների օրոք: Իսկ ԵՄ-ն էլ մեզ Ռուսաստանի հետ թշնամացնելու և այդ երկիրը Հարավային կովկասից հեռացնելու նպատակով աչք է փակում նման «թիթիզությունների» վրա:

Ստացվում է, որ Ռուսաստանից շատ ավելի ավտորիտար լինելով՝ հենց թեկուզ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ վերաբերմունքը, մենք ձգտում ենք դեպի ժողովրդավարական Արևմուտք: Իսկ Արևմուտքն էլ՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, հովանավորում է այն բոլոր ավտորիտար ու նույնիսկ բռնատիրական վարչակարգերը, որոնց հնարավոր է օգտագործել ընդդեմ ՌԴ-ի: Ու այս հարցում ևս առկա է մարազմատիկ իրականություն: Հակառուսականությունը ներկայացվում է որպես աշխարհաքաղաքական շահերի դրսևորում: Սակայն կոնկրետ ԵՄ-ի առումով մարազմն այն է, որ այդ կառույցի անդամ երկրների հակառուսականությունն առաջին հերթին հարվածում է հենց իրենց տնտեսական շահերին ու քաղաքացիների բարեկեցությանը: Էլ չասած անօրինական միգրանտների նկատմամբ մինչև վերջերս ցուցաբերվող աննորմալ հանդուրժողականության մասին:
Մարազմատիկության մեկ այլ դրսևորում է Ռուսաստանի դեմ թշնամություն անելը և նրա ձևավորած տնտեսական կառույցում՝ ԵԱՏՄ-ում մնալու ջանքերը: Քանի որ անընդհատ դեպի Եվրոպա ձգտելը թշնամություն է Ռուսաստանի նկատմամբ: Որովհետև եվրոպական երկրներում արտադրվող սպառազինությունն օգտագործվում է Ռուսաստանին հարվածելու և ռուս սպանելու նպատակով: Ուկրաինայի հետ անընդհատ շփումները ևս դրա դրսևորում են: Ո՞նց կարող է մեկը ընկերություն անել Ռուսաստանի թշնամու հետ և մնալ ԵԱՏՄ-ում: Ու երբ ՀՀ վարչապետը փորձում է իր «շուստրիությունը» հիմնավորել ԵԱՏՄ կանոնադրությամբ, մոռանում է, որ ՀԱՊԿ-ում առկա չէ անդամության կասեցման դրույթ, սակայն ինքն անընդհատ դիմում է դրան: Նույն ձևով երկրի ներսում բազմիցս օրենք ու բարոյականության նորմեր խախտող անձը արտաքին հարցերում փորձում է իր դիրքորոշումը հիմնավորել օրենքներով և կանոններով:

ՀԳ. Վերնագրում գրված օտարածին «մարազմ» բառը թարգմանվում է որպես «զառամախտ»: Բայց մեր պատկերացումներում «մարազմի» բացասականությունը շատ ավելին է, քան դրա հայերեն տարբերակինը: Ու եթե դա տարածենք մեր իրականության վրա, ապա այն, ինչ գոյություն ուներ նախկինների օրոք, համապատասխանում է հայերեն տարբերակին: Դե իսկ այսօրվա վիճակը բնութագրվում է հենց օտարածին «մարազմ» բառով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ են քննարկում Ռուսաստանը և Թուրքիան

Ինչ են քննարկում Ռուսաստանը և Թուրքիան Wed, 02 Sep 2026 16:00:53 +0400 Ռուսաստանը և Թուրքիան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով