«Հրապարակ». Ինչի՞ համար ես ձեզ պիտի պատասխանեմ, ուրիշ բան՝ պետական կառույցից զանգեն
Thu, 03 Sep 2026 11:45:42 +0400

2025 թվականի օգոստոսին Սարդարապատի միջնակարգ դպրոցում սկսվեցին շինարարական աշխատանքներ: Նախատեսված էր դպրոցը վերանորոգել, բայց հետո պարզվեց, որ սեյսմիկ ծառայության ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ դպրոցը քանդման ենթակա է: Սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը որեւէ ակտ չի կազմել, իսկ այդ ժամանակահատվածում դպրոցի մի մասնաշենքը քանդվել է, եւ արդեն 1 տարի է՝ ոչ մի աշխատանք չի իրականացվում: Սարդարապատի միջնակարգ դպրոցի մի փոքրիկ մասնաշենք 2026-27 ուստարվա մեկնարկին դռները բացեց աշակերտների առաջ: Մոտ 700 աշակերտ պետք է սովորի 250 աշակերտի համար նախատեսված մասնաշենքում: Դպրոցի տարրական դասարանների աշակերտները պետք է դասերն անցկացնեն համայնքի մշակույթի տանը, որը համայնքապետարանի հարեւանությամբ է, եւ այնտեղ անգամ ջեռուցում չկա: Մի մասն էլ՝ դպրոցի արհեստանոցում, որտեղ նույնպես ջեռուցում չկա, եւ հայտնի չէ, թե որքան կտեւի դպրոցի շինարարությունը:
Հիշեցնենք, որ Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն Կարինե Սմբատյանին այս տարվա մարտի 30-ին ազատեցին աշխատանքից, երբ նա հրաժարվել էր դպրոցի Փառքի անկյունից հեռացնել Արցախի դրոշը, եւ հենց հաջորդ օրը ներկայացրել էին տնօրենի ԺՊ Մերի Մովսիսյանին: Օրեր անց տեղի ունեցավ դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ, որին մասնակցեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մովսիսյանը, եւ հենց նա էլ նշանակվեց տնօրենի պաշտոնին:
Կառավարության N181-Ն որոշմամբ (նոր կարգով) սահմանված պարտադիր ընթացակարգերից է, որ տնօրենի պաշտոնի հավակնորդը պետք է դպրոցի զարգացման ծրագիր ներկայացնի եւ քննարկի դպրոցի մանկավարժական, ծնողական եւ աշակերտական համակազմերի հետ, ինչը, մեր տեղեկություններով, Մերի Մովսիսյանը չի արել: Նշենք նաեւ, որ նա ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Մուշեղ Պետրոսյանի կինն է: Մերի Մովսիսյանի` տնօրեն նշանակվելուց հետո դպրոցի մի քանի աշխատակից ազատման դիմում են գրել ու ազատվել աշխատանքից: Մասնավորապես՝ ֆիզարձակուրդը դեռ չլրացած, ազատման դիմում է գրել ուսուցչի օգնական Անի Սարգսյանը: Դպրոցի գրադարանավարուհին է ազատվել աշխատանքից, եւ նրա փոխարեն դպրոցի ուսմասվարն իր հարսին է տեղավորել աշխատանքի: Հայոց լեզվի ուսուցչուհի Օվսաննա Սարգսյանը եւս դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից: Ազատվել է նաեւ օպերատոր Լուսինե Հարությունյանը, եւ այդ պաշտոնում տնօրենն արդեն աշխատանքի է տեղավորել իր բարեկամուհուն՝ Գոհարին: Դպրոցում խոսում են, որ առաջիկայում եւս մի քանի ուսուցչուհի ազատման դիմում կգրի: Մենք մի քանի հարց ուղղեցինք նորանշանակ տնօրեն Մերի Մովսիսյանին:
– Տիկին Մովսիսյան, նոր ուստարին աշակերտները դպրոցո՞ւմ դիմավորեցին, թե՞ այլ դպրոց են տեղափոխվել, քանի որ դպրոցի մի մասնաշենքը քանդված է:
– Կներեք, հարցումն ինչի՞ հետ է կապված, ինչի՞ համար ես Ձեզ դա պիտի ներկայացնեմ:
– Ուզում ենք ճշտել՝ աշակերտները սեպտեմբերի 1-ին Սարդարապատի դպրո՞ց են հաճախել: Դպրոցում շինաշխատանքներ իրականացվո՞ւմ են:
– Մենք մի փոքր մասնաշենքում ենք հավաքված, մեր երեխեքի Գիտելիքի տոնն ա, կազմակերպել ենք մասնաշենքի մոտ, իսկ ինչո՞ւ եք Դուք դրանով հետաքրքրվում: Էնպես չի, որ ես օրաթերթին պետք է ներկայացնեմ, թե մեր երեխաները որտեղ են հաճախում դպրոց:
– Իսկ ո՞ւմ պետք է ներկայացնեք:
– Այ, օրինակ, եթե, ասենք, պետական կառույցներից ինձ զանգ տային ու հարցնեին, թեպետ ես ամեն ինչ գրավոր նեկայացնում եմ իմ վերադասին եւ պետական կառույցներին, որովհետեւ պարտավոր եմ նրանց ներկայացնել: Բայց էս պահին ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ համար եք այդ հարցումն անում, եւ լիազորությունը որտեղի՞ց է գալիս, որ Դուք զանգ տաք եւ հարցում անենք: Շինարարական աշխատանքների մասով, թե ինչ փուլում է, ես այս պահին չեմ կարող ասել, ես Ձեզ հարցնում եմ՝ ինչի՞ համար եք հարցադրում անում:
– Դժվա՞ր է պատասխանել, թե աշակերտները որտեղ են դասերն անցկացնելու՝ կիսաքանդ դպրոցո՞ւմ, թե՞ այլ դպրոց են տեղափոխվելու:
– Այո, կտեղափոխվեն, նաեւ՝ Սարդարապատի դպրոց կհաճախեն: Եթե ես որեէ ցուցում ստանամ իմ վերադաս մարմնից, ես Ձեր հարցերին կպատասխանեմ: Թե ես ոնց եմ կազմակերպել դասապրոցեսը, բնականաբար, ես ստացել եմ դրա որոշումը եւ իրականացնում եմ:
– Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Սարդարապատի դպրոցից որեւէ մեկը չմասնակցեց մրցույթին, իսկ Դուք, բնակվելով մեկ այլ համայնքում, միայնակ մասնակցեցիք եւ հաղթեցիք:
– Մի րոպե, ասեմ, էլի, սա ստացվում է, որ հարցազրույց է դառնում, չեմ հասկանում՝ ինչի հետ ա կապված, ես որեւէ պարտավորվածություն չունեմ Ձեր հարցերին այս պահին պատասխանելու:
– Ճի՞շտ է, որ Դուք դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցելուց առաջ մրցութային մարմիններին հնգամյա ծրագիր չեք ներկայացրել:
– Այդպիսի բան չի կարող լինել, ասեմ ավելին՝ ես 2 դպրոցի համար եմ գիշերներով աշխատել եւ, իհարկե, ժամանակային տարբերությամբ ունեցել զարգացման ծրագիր եւ օրենքով սահմանված կարգով այն ներկայացրել։ Այս պահին ընդհատում եմ մեր հեռախոսազրույցը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր