Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան
Thu, 03 Sep 2026 17:58:32 +0400

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։ Դատական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ դատարանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով։
Մասնավորապես, հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարույթն ըստ ընդդատության ստացած դատարանը մինչև նախնական դատալսումներ նշանակելն իրավասու է որոշմամբ վիճարկելու դրա ընդդատությունը: Այդ դեպքում վարույթի ընդդատության հարցը հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի որոշմամբ:
Երևանի քրեական դատարանը Արմավիրի մարզի դատարանից գործը ստացել է ընդդատության կարգով սեպտեմբերի 1-ին։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ռուշանյանի՝ օգոստոսի 28-ի որոշմամբ։ Նա վարույթը ստանձնել էր օգոստոսի 14-ին։
Մինչ այդ գործը հանձնվել էր նույն դատարանի մեկ այլ դատավորի՝ Հ. Մանուկյանին։ Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել քրեական գործով ինքնաբացարկ հայտնելու մասին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր