Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

Մարդ մնալու խնդիրը

Մարդ մնալու խնդիրը

Thu, 03 Sep 2026 19:45:58 +0400


Հակակոռուպցիոն դատարանում դատախազության ներկայացուցիչը հայտարարում է, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը սիմուլյանտություն է անում` չունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ քրեական գործով որևէ վարույթային գործողության մասնակցելու համար։ Նրա ասելով, այդ եզրակացությունը կատարվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների հիման վրա: Բայց որքան հասկանում եմ, պետական այդ կառույցում չկա մեկը, որ գիտակցեր իրենց պնդման սնանկ լինելը: Որովհետև եթե ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Խաչատրյանին հիվանդանոցից պատգարակով տանում են դատարան… Եթե դատարանում նրա համար միմյանց դեմ դրված աթոռներից պատգարակի համար պատվանդանման բան են սարքում, որ մարդը մասնակցի նիստին… Եթե դրան ականատես դատախազության ներկայացուցիչը ոչինչ չի ձեռնարկում… Ապա ստացվում է, որ դատախազության պնդումը քոռ կոպեկի (կամ լումայի) արժեք չունի: Այն զրոյանում է՝ ճիշտ այնպես, ինչպես պետական այդ կառույցի հեղինակությունը:

Եթե Հայաստանն այսօր լիներ օրինական պետություն… Եթե որպես օրինական պետության օրինավոր քաղաքացի ես հարգեի իրավապահ համակարգը, ապա այդքանն արձանագրելուց հետո կեզրակացնեի, որ ցավում եմ պետության պատվի համար: Որ քարոզչական ճակատում պարտվում է նախկին օլիգարխին: Բայց ես ապրում եմ այն Հայաստանում, որ օրինական չի եղել նախկինների օրոք: Այն Հայաստանում, որ ավելի քան անօրինական է Փաշինյան Նիկոլի վարչապետության շրջանում: Ով խայտառակ պարտությունից հետո փոխանակ հրաժարական ներկայացներ՝ թաքստոցից հաթաթա էր տալիս իր երկրի քաղաքացիներին: Բոլոր այն անձանց, ովքեր, լինելով ընդդիմադիր, 44-օրյա պատերազմի ընթացքում փորձում էին օգուտ տալ իրենց հայրենիքին: Բայց «չշշկռվելիք» գերագույն հրամանատարի հրահանգով մոտ չէին թողնվում բանակին: Չնայած Ստեփանակերտի բունկերում ֆռֆռում էր «չշշկռվելիք գերագույնի», ինչպես հետո իմացվեց, ընդամենը քաղաքացիական կինը:

Նախկիններին մոտ չթողնելը կարող էր դիտարկվել հաղթանակի փառքը սեփականաշնորհելու ձգտում՝ եթե պատերազմն ավարտվեր գոնե այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2016-ի ապրիլի սկզբին: Իսկ խայտառակ պարտությունից հետո էլ չպարզվեր, որ դեռևս 2019-ին էր ոմանց հայտնի դարձել, որ շուտով պատերազմ է լինելու: Դրանում ծանր պարտության շոկի ներքո հայ ժողովուրդը պետք է երես թեքի Արցախից ու մեծ հաշվով՝ իր ինքնությունից: Իսկ Արցախից զրկված Հայաստանն էլ եվրոպական ճանապարհը բռնելու անվան ներքո աստիճանաբար կախվածության մեջ ընկնի թշնամուց: Որովհետև Արցախը ոչ թե բեռ էր Հայաստանի համար կամ հիվանդություն՝ ինչպես օրվա իշխանությունն է իր կողմնակիցների հետ պնդում, այլ մեր մեծ հայրենիքի այս անկյունում պետություն ձևավորած ազգի թիկունքը: Ինչն առաջին հերթին զգացին Ադրբեջանի հետ սահմանակից բնակավայրերի բնակչությունը: Զգացին իրենց կաշվի վրա՝ երբ թիկունքը մերկացվել էր: Եվ Աստված չանի, որ դա զգան նաև մայրաքաղաքի բնակիչները:

Վերադառնալով Գագիկ Խաչատրյանի խնդրին՝ ասեմ, որ ժամանակին Ֆեյսբուքում բազմաթիվ գրառումներ եմ արել ու մեկնաբանություններ թողել ընդդեմ հայ օլիգարխի: Անգամ բջջային կապի ընկերության ընտրության հարցում եմ դեմ գնացել նրան: Բայց այսօր նրա նկատմամբ նիկոլական բռնությանը դեմ լինելը զուտ մարդկային վերաբերմունքի խնդիր է: Ավելի ճիշտ, մարդ մնալու խնդիր: Ու այն մտայնության խնդիրը, թե ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ Նիկոլից հետո: Եթե, իհարկե, այն չվերանա Նիկոլի միջոցով կամ Նիկոլի հետ միասին: Որովհետև երկու մասի կիսված ու իրար հանդեպ թշնամություն տածող հասարակությունը չի կարող ունենալ մեկ միասնական պետություն: Իսկ պետության պառակտումը բերելու է դրա կործանմանը՝ ինչը բազմիցս տեղի է ունեցել մարկության պատմության ընթացքում:

ՀԳ. Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն, իր ասելով, շնորհակալություն է հայտնում ԱԱԾ այն աշխատակիցներին, ովքեր պատգարակով այդ սիմուլյանտին տարել են դատարան: Բա եթե վերջինս սիմուլյանտ է, ապա ինչո՞ւ նրան իր ոտքով չեն տարել: Էլ ինչ սիմուլյանտ, եթե վերջինս ԱԱԾ-ին ստիպում է իրեն պատգարակով տանել ու դատարանում էլ պատգարակից չի իջնում: Էս ի՞նչ տրամաբանություն է…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ․ մանրամասներ դեպքից

Հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ․ մանրամասներ դեպքից Thu, 03 Sep 2026 15:55:03 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով