Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

Իսկ հետո՞․ Մաս երկրորդ

Իսկ հետո՞․ Մաս երկրորդ

Fri, 27 Nov 2026 11:53:47 +0400


Հասարակությանը գործող իշխանության լիարժեք այլընտրանք է անհրաժեշտ։ Եվ այստեղ, իմ կարծիքով, գտնվում է այսօրվա ընդդիմադիր օրակարգի գլխավոր խնդիրներից մեկը։

Մարդկանց միայն բացատրելը, թե ինչու չի կարելի ընդունել գործող իշխանության ներկայացրած նախագիծը, բավարար չէ։ Նրանք պետք է հստակ հասկանան, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը՝ ի տարբերություն այն պետության, որի մոդելն այսօր նրանց առաջարկում է Փաշինյանը։

Ո՞ր ուղղությամբ և ինչպե՞ս պետք է շարժվի Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն։ Ի՞նչ սկզբունքների վրա պետք է կառուցվի նրա արտաքին քաղաքականությունը։

Ինչպե՞ս պետք է ապահովվի ազգային անվտանգությունը։
Ի՞նչ ճանապարհով պետք է վերականգնվի երկրի պաշտպանունակությունը։
Ինչպե՞ս պետք է կազմակերպվի կոռուպցիայի դեմ իրական և արդյունավետ պայքարը։
Պետականաշինության գործում ի՞նչ դեր պետք է ունենան ազգային ինքնությունը, պատմական հիշողությունը, մշակույթը և Հայ Առաքելական Եկեղեցին։

Ինչպե՞ս պետք է զարգանա տնտեսությունը։ Ի՞նչ կոնկրետ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել քաղաքացիների բարեկեցությունը բարձրացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու, մարզերին աջակցելու և պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու համար։

Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս պետք է Հայաստանին հաջողվի պահպանել սեփական սուբյեկտայնությունը՝ չվերածվելով այլ պետությունների աշխարհաքաղաքական շահերի սպասարկման գործիքի։

Այս բոլոր հարցերին պետք է տրվեն հստակ, հասկանալի և համոզիչ պատասխաններ։
Որովհետև այսօր բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվել․ գործող իշխանությունը, թեկուզ Հայաստանի ազգային շահերի համար բացարձակապես անընդունելի օրակարգի շրջանակներում, հասարակությանն առաջարկում է որոշակի մոդել։
Իսկ ընդդիմությունը հիմնականում արձագանքում է այդ օրակարգին, քննադատում այն, դիմադրում դրան և հասարակությանը բացատրում դրա վտանգավորությունը։
Բայց միայն քննադատությունը բավարար չէ։

Անհնար է անվերջ մնալ այն քաղաքական ուժի դերում, որը հասարակությանն ասում է միայն, թե ինչ չի կարելի անել։ Անհրաժեշտ է ցույց տալ, թե կոնկրետ ինչ պետք է անել, ինչպես պետք է դա անել և ինչ արդյունքի պետք է հասնի երկիրը։
Մարդկանց պարզապես Փաշինյանի դեմ ձևավորված քաղաքական կոալիցիա պետք չէ։

Նրանց անհրաժեշտ է քաղաքական կամք, որն ունակ կլինի առաջարկելու Հայաստանի ապագայի համոզիչ նախագիծ։
Եվ այստեղ կցանկանայի ընդգծել մի սկզբունքային հանգամանք․ կոնկրետություն, այլ ոչ թե գեղեցիկ հռչակագրեր և սեղանի շուրջ հնչող կենացների տրամաբանություն։

Հասարակությանն անհրաժեշտ են ոչ թե ուժեղ, անկախ և բարգավաճ Հայաստանի մասին ընդհանուր խոստումներ, այլ հստակ գործողությունների ծրագիր, դրա իրականացման կոնկրետ մեխանիզմներ, ժամկետներ, առաջնահերթություններ և անձնական պատասխանատվություն։

Այսօր ընդդիմությունը հնարավորություն ունի ոչ միայն հակազդելու գործող իշխանությանը, այլև ձևավորելու սեփական քաղաքական օրակարգը, որի շուրջ կարող է համախմբվել հասարակության մեծամասնությունը։

Բայց դրա համար անհրաժեշտ է դադարել բացառապես արձագանքել Փաշինյանի գործողություններին և սկսել ինքնուրույն ձևավորել քաղաքական քննարկումների բովանդակությունը։ Ժամանակն է միայն դիմադրության քաղաքականությունից անցում կատարել այլընտրանքի ձևավորման քաղաքականությանը։

Գործող իշխանությունն ընդհանրապես պետք է դուրս թողնել երկրի ապագայի վերաբերյալ քննարկումներից։
Որովհետև պայքարը պարզապես իշխանափոխության համար չէ։

Պայքարը նրա համար է, թե ինչպիսին է լինելու Հայաստանը, արդյոք այն կպահպանվի որպես ինքնիշխան ազգային պետություն, և ինչպիսի՞ ապագա ենք մենք թողնելու հաջորդ սերունդներին։

Եվ եթե ընդդիմությունը այս հարցերի վերաբերյալ համոզիչ պատասխան չունի, ապա նույնիսկ առանձին քաղաքական ճակատամարտերում հաղթանակը դեռևս չի նշանակում ռազմավարական հաղթանակ։

Արման Աբովյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ»․ Ամասիայում ընտրություններից առաջ անցյալի հաշիվներն են պարզում

«Մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ»․ Ամասիայում ընտրություններից առաջ անցյալի հաշիվներն են պարզում Thu, 26 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով