Ճշմարտության եւ կեղծիքի սահմանին. Ալիս Վայդելի «հրահրված» խոսքն ու իրական քաղաքականությունը
Fri, 04 Sep 2026 21:15:16 +0400

Համացանցը բառացիորեն պայթեցրել է մի տեսանյութ, որտեղ Գերմանիայի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը Բունդեսթագի ամբիոնից կրակոտ ու ջախջախիչ խոսք է ուղղում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին։ Խոսքը վերամբարձ չէ, կոշտ ու մերկացնող գնահատականներ են, ծանր մեղադրանքներ. «Զելենսկին քաղաքական գործիչ չէ, խաբում է ոչ միայն սեփական ժողովրդին, այլեւ՝ Եվրոպային։ Նրա վարած քաղաքականությունը Գերմանիային հասցնում է տնտեսական ու քաղաքական ծանրագույն կորուստների»։ «Զելենսկին եւ Ուկրաինայի այսօրվա իշխանությունը պետք է անմիջական պատասխանատվություն կրեն Nord Stream («Ուղղակի հոսք») գազատարների պայթեցման եւ դրա աղետալի հետեւանքների համար»։ «Արեւմուտքի տրամադրած միլիարդավոր դոլարների ու եվրոների օգնությունը ենթարկվում է զանգվածային չարաշահումների, իսկ Զելենսկու ռեժիմն օրեցօր վերածվում է ավելի հարուստ ու ավելի ավտորիտար համակարգի»։ «Սա զգուշացում է եվրոպական ժողովուրդներին. կանգնեցրե՛ք այս պատերազմի անվերապահ ֆինանսավորումը, որը կործանում է հենց իր՝ Եվրոպայի համար»։
Տեսարանը ցնցող է, ռեզոնանսը՝ հզոր։ Վայդելն իրական դեմք է, Բունդեսթագի դահլիճը՝ նրա ձայնին ու խոսքի ուժգնությանը ծանոթ։ Նրա խոսքերը հասարակության մի մասի մոտ առաջացնում են հիացմունք, իսկ մի մասի մոտ՝ ցասում, բայց անտարբեր չեն թողնում ոչ ոքի։ Սակայն, երբ էմոցիոնալ ալիքը փոքր-ինչ «նստում» է, սկսում ես հետաքրքրվել ելույթի մանրամասներով։
Հետաքրքրվեցի, ուսումնասիրեցի աղբյուրներն ու փաստերի ստուգման հարթակները՝ հանդիպեցի Myth Detector (Լեգենդների ստուգման) հետաքննությանը (հասցեն՝ https://www.mythdetector.ge, (https://www.mythdetector.ge)), որտեղ ապացուցվում է, որ այս տեսանյութը կեղծ է (Deepfake)։ Պարզել են, որ տեսանյութում օգտագործվել են Վայդելի ելույթների կադրերը, սակայն մնացածը կեղծված է։ Մասնավորապես, տեսանյութի կադրերը վերցված են 2024 թ. նոյեմբերի 13-ի Բունդեսթագի ելույթից, որտեղ Վայդելը քննադատում էր Գերմանիայի ներքին քաղաքականությունը եւ Մերցին։ Այդ ելույթում Զելենսկու մասին խոսք չկար։ Այստեղ հարց է ծագում. արհեստական բանականություն (ԱԲ) օգտագործողները լա՞վ են արել, թե՝ վատ եւ ինչո՞ւ են դա արել։ Մասնագետները պնդում են՝ ԱԲ տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել ձայնային ու տեսողական պատրանքներ, որոնք տարբերակելն անհնար է։ Սա տեխնոլոգիական հեղափոխություն է, բայց նաեւ՝ տեղեկատվական պատերազմի ամենավտանգավոր զենքը։
Կեղծիքի հեղինակների հաշվարկը պարզ է. իրական քաղաքական խոսքը հաճախ երկար է, բարդ ու դիվանագիտական, իսկ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է 1-2 րոպեանոց «պայթյուն»։ Պետք էր ստեղծել մի տեսանյութ, որտեղ քաղաքական գործիչն ամբիոնից ասում է այն ամենը, ինչն ուզում է լսել դժգոհ լսարանը՝ առանց քաղաքական ձեւականությունների։ ԱԲ-ի «ուժը» հենց դրանում է. նա ոչինչ չի հորինում զրոյից։ Ունենալով իրական մարդու իրական տեսակետը, մի փոքր «զարդարում», համեմում է ավելի սուր արտահայտություններով եւ դնում նրա բերանում։ Ստի մեջ այնքան ճշմարտություն կա, որ մարդը չի նկատում, թե որտեղ ավարտվեց փաստը, եւ որտեղ սկսվեց կեղծիքը։ Բայց արդյո՞ք այս կեղծ տեսանյութը փոխում է իրադարձությունների եւ վերաբերմունքի էությունը։ Ամենեւին։ Որքան էլ սարքովի թվա, Զելենսկու ու նրա թիմի իրական դիրքորոշումը նորություն չէ: Որքան էլ ձայնագրությունը սարքովի, AfD-ի համանախագահի դիրքորոշումը Զելենսկու նկատմամբ գաղտնիք չէ։ Ալիս Վայդելը Բունդեսթագի ամբիոնից միշտ էլ ջախջախիչ քննադատության է ենթարկել Ուկրաինայի նախագահին եւ Գերմանիայի՝ նրան տրամադրվող աջակցությունը։ Հիշենք 2024 թ. հունիսը, երբ Զելենսկին ելույթ ունեցավ Բունդեսթագում։ Այդ օրը AfD կուսակցությունը բոյկոտեց եւ լքեց դահլիճը։ Իսկ համանախագահներ Վայդելն ու Տինո Խրուպալլան հանդես եկան պաշտոնական հայտարարությամբ՝ Զելենսկուն բացահայտ անվանելով «պատերազմի եւ մուրացկանության նախագահ»: Նրանք հայտարարեցին, որ Ուկրաինային այժմ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ բանակցությունների պատրաստ «խաղաղության նախագահ»։ Վայդելն ու նրա ընկերները չեն թաքցրել իրենց հայացքները. պահանջել են դիվանագիտական ճանապարհով հասնել խաղաղության եւ խիստ քննադատել են Ուկրաինային տրամադրվող ռազմական ու ֆինանսական միլիարդավոր օգնությունները։ Ուստի, այն ամենը, ինչն «ասվեց» կեղծ տեսանյութում, պատահական ընտրված տեքստ չէր։ Կեղծողները շատ լավ գիտեին Վայդելի իրավական ու քաղաքական գնահատականները։ Նրանք պարզապես վերցրել էին AfD-ի իրական քաղաքական գիծը եւ դարձրել ավելի «էկրանային» ու ագրեսիվ։
Այս ամբողջ պատմությունը, ինչպես ասում են «մտածող մարդիկ», բերում է մի եզրակացության. այսօրվա տեղեկատվական աշխարհում ամենավտանգավոր սուտը ոչ թե բացահայտ հորինվածքն է, այլ ճշմարտանման կեղծիքը։ Երբ կեղծիքը կառուցվում է քաղաքական գործչի իրական հայացքների վրա, դիտողը հայտնվում է թակարդում։ Եվ իմանալով Վայդելի իրական դիրքորոշումը՝ մարդը հեշտությամբ հավատում է կեղծված ձայնագրությանը։ Բայց քաղաքականության մեջ էականն այլ բան է. կադրը կարող է լինել կեղծ, տեխնոլոգիան՝ մանիպուլյատիվ, բայց դրա հիմքում ընկած քաղաքական ճգնաժամն ու հասարակական դժգոհությունը լիովին իրական են։
Իմ եզրահանգումն այս ամենից՝ քանի դեռ աշխարհաքաղաքական հակամարտությունները շարունակվում են, ԱԲ-ն շարունակելու է «բարձրաձայնել» այն, ինչը քաղաքական գործիչներն ասում են փակ դռների հետեւում՝ կիսաձայն կամ ավելի մեղմ ձեւակերպումներով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր