Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

Իշխանական լափամանից չկտրվելու մտայնությունը

Իշխանական լափամանից չկտրվելու մտայնությունը

Sun, 06 Sep 2026 16:15:01 +0400


Հետաքրքիր է, երբ կաթողիկոսը որևէ հոգևորականի եպիսկոպոս է ձեռնադրում և օծում, առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի՞ դրույթներով, թե՞ եկեղեցական կանոնագրքով: Ավելին, երբ կաթողիկոսը որևէ եպիսկոպոսի թեմի առաջնորդ է կարգում՝ հաստատելով թեմական ընտրությունը կամ տեղապահ ու հայրապետական պատվիրակ նշանակելով, կրկին առաջնորդվում է նույն օրենսգրքո՞վ, թե՞ ներեկեղեցական կանոններով: Որքան հայտնի է մեզ բոլորիս, օրենսգիրքն այդ դեպքերում չի օգտագործվում: Բա այդ դեպքում ի՞նչ գործ ունի պետության կողմից ձևավորված դատարանը: Հատկապես որ եպիկոպոսական ձեռնադրությունից առաջ թեկնածուն եկեղեցու խորանի առջև հրապարակավ ընթերցում է Ուխտագիրը՝ երդվելով հավատարիմ մնալ Սուրբ Էջմիածնին, Կաթողիկոսին և անձնվիրաբար ծառայել հայ ժողովրդին: Այսինքն, երդումի տեքստում խոսք չկա, այսպես կոչված, իրական Հայաստանի և գործող իշխանության մասին:

Եթե այդքանը հասկանալի է մեզ բոլորիս, ի՞նչ գործ ունեն դատարանն ու ԴԱՀԿ-ն թեմակալ առաջնորդին պաշտոնից ազատելու, բայց ոչ «աշխատանքից հեռացնելու» պարագայում: Քանի որ նա չի ընդունվել աշխատանքի, որպեսզի հետո էլ ծագի աշխատանքից «անօրինականորեն հեռացնելու» խնդիրը: ԱԲ-ն, սակայն, պարզաբանում է, որ տվյալ դեպքում առկա է մեկ այլ խնդիր. ԴԱՀԿ-ն ու դատարանը պաշտպանում են տվյալ անձի, որպես ՀՀ քաղաքացու, աշխարհիկ, կազմակերպչական ու գույքային իրավունքները։ Ստացվում է, որ ինքնակամ աշխարհիկ կյանքից հեռացած և կյանքն Աստծուն նվիրած անձնավորությունը հենց աշխարհիկ առումով պաշտպանություն է գտնում պետական կառույցներ հանդիսացող ԴԱՀԿ-ի և դատարանի կողմից:

Դա՝ մեկ: Հիմա անցնենք կազմակերպչական իրավունքներին: 2021 թ.-ի սկզբին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հատուկ տնօրինությամբ և հրամանագրով ստեղծվում է Մասյացոտնի թեմը: Եվ վերջինիս ուղղակի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նշանակվում է թեմի առաջնորդ։ Այսինքն, քանի որ թեմը նորաստեղծ էր և դեռևս չուներ ձևավորված թեմական-պատգամավորական ժողով կամ հաստատված ներքին կանոնադրություն, այնտեղ ընտրություններ չեն անցկացվել։ Ստացվում է, որ կազմակերպչական իրավունքների հարցում ևս աշխարհիկ պետական կառույցներն գործ չունեն, քանի որ առկա չէ գոնե ընտրության հանգամանքը:ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շատ է սիրում, չէ՞, անընդհատ շեշտադրել ժողովրդի ընտրության հանգամանքը:

Եվ վերջապես գանք գույքային իրավունքներին: Որպես ՀՀ քաղաքացի կուսակրոն հոգևորականը կարող է ունենալ սեփականություն՝ ֆինանսներ, շարժական և անշարժ գույք և այլն: Ավելին, որպես թեմի առաջնորդ (իրավաբանական անձի ղեկավար)՝ նա իրավունք ունի կառավարել թեմի բյուջեն, թեմապատկան շենքերը, եկեղեցիները, հողատարածքներն ու տրանսպորտային միջոցները։ Ինչպես նաև թեմի անունից կնքել պայմանագրեր, կատարել գնումներ կամ շինարարական պատվերներ՝ եկեղեցական կարիքների համար։

Սակայն երբ ինչ-ինչ պատճառներով նա ազատվում է թեմի առաջնորդի պաշտոնից, բնականաբար, զրկվում է գույք տնօրինելու իրավունքից: Ուրիշ հարց, որ հետո նման իրավունքներից զրկվելը պետք է արձանագրվի (ընդամենը արձանագրվի և ոչ թե հաստատվի) ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: Քանի որ եկեղեցական թեմը, ինչպես նշվել էր, ունի իրավաբանական անձի կարգավիճակ: Հենց այստեղ կարող են առաջանալ խնդիրներ, որոնք հակասության մեջ են մտնում եկեղեցական կանոնագրքի հետ: Ու հենց պետական այդ կառույցն է այսօր օգտագործվում ընդդեմ հայոց եկեղեցու ղեկավարության:

Տեսական հարցերից անցում կատարելով պրակտիկային՝ ասենք, որ արդեն 4-րդ պաշտոնյան է հրաժարվել Վեհափառ Հայրապետին և Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամներին դատելու գործընթացին մասնակցելուց: Եվ խուսափել է, բնականաբար, ժողովրդի կողմից նզովվելու հեռանկարից: Այն, թե դրա համար ինչպիսի հիմնավորումներ են ներկայացվել դատավորների կողմից, էական չէ: Եվ եթե դատավորների հրաժարումը հասկանալի էր, սակայն անհասկանալի էր 4-րդինը՝ դատախազինը: Կամ էլ հասկանալի չէր բավական ուշ հրաժարական ներկայացնելու հանգամանքը:

Որովհետև ինքը կարող էր հրաժարական ներկայացնել նախքան քրեական գործը դատարան ներկայացնելը: Չնայած մամուլում արձանագրվեց, որ նրան անակնկալի են բերել՝ առանց իր իմացության օգոստոսի սկզբին գործն ուղարկելով դատարան: Բայց կարող էր հրաժարական ներկայացնել նաև դրանից հետո՝ մեկ ամիս առաջ: Սակայն, չգիտես ինչու, սպասել է առնվազն մեկ ամիս ու այնուհետև հրաժարական ներկայացրել: Չնայած հրաժարականն ինքնին դրական երևույթ է: Ենթադրում եմ, որ նույնը դժվար թէ անի գլխավոր դատախազի տեղակալը, ում հանձնարարվել է քրգործը ներկայացնել դատարանում:

Միաժամանակ, զարմանալի է տվյալ հարցի առումով մի քանի հարյուր դատախազների անտարբերությունը: Դժվար է ենթադրելը, որ դրանք բոլորն աթեիստներ են: Որ եկեղեցական ամուսնություն են կատարել՝ եթե կատարել են, ձևականությունից ելնելով: Որ իրենց երեխաներին կնքել են՝ եթե կնքել են, կրկին ձևականությունից ելնելով: Որ եկեղեցի են մուտք գործում ու խաչակնքում՝ եթե դա անում են, ոչ թե որպես հավատացյալներ, այլ կրկին ձևականությունից ելնելով: Էլ չասած եկեղեցում մոմ վառելու մասին: Ասեմ, որ որպես «65+» տարիքի անձնավորություն, չէի ցանկանա, որ այդպես լիներ: Որովհետև եթե հոգևորին մեձենալը զուտ ձևականություն լինի, ապա մարդկային էությունն էլ կլինի չոր ու ցամաք: Ինչը վտանգավոր է՝ հաշվի առնելով, որ նրանք գործ ունեն մարդկային ճակատագրերի հետ:

Ինչևէ, ի դեմս Վեհափառ Հայրապետի՝ հայոց եկեղեցու դեմ պատերազմ նախաձեռնած անձանց՝ աշխարհիկ, թե սքեմավոր, կարելի է նմանեցնել աստվածատյաց բոլշևիկներին: Միայն այն տարբերությամբ, որ 100 տարի առաջ բոլշևիկներն առաջնորդվում էին գաղափարախոսությամբ՝ որքան էլ դա լիներ ոչ ընդունելի: Իսկ այսօրվա՝ «իզմերից» զուրկ նեոբոլշևիկների պարագայում առկա է զուտ իշխանական լափամանից չկտրվելու մտայնությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում

Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում Sat, 05 Sep 2026 14:50:02 +0400 Վեհափառ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով