ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հեռացան ձեռնունայն․ Bloomberg
Sun, 06 Sep 2026 16:30:16 +0400

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվեն Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների այցերը Ռուսաստան շոշափելի առաջընթաց չեն ապահովել։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրանց վերջին հանդիպման ընթացքում ռուսական կողմը որևէ ազդակ չի տվել Ուկրաինայի նկատմամբ առաջադրված ռազմական նպատակներից հրաժարվելու մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Կրեմլին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Մոսկվան հակամարտության դադարեցումը հնարավոր է համարում միայն սեփական պահանջների բավարարման դեպքում։ Ընդ որում, ռուսական պահանջները շարունակում են խստանալ, քանի որ ռազմաճակատում առկա իրավիճակը Կրեմլում գնահատում են որպես ռազմական առավելություն Ուկրաինայի նկատմամբ։
Փորձագիտական շրջանակներում, այդուհանդերձ, ամերիկյան պատվիրակության այցը ժամանակին են համարում։ RAND Corporation-ի ավագ քաղաքագետ Սամուել Չարապի դիտարկմամբ՝ ներկայիս սրացման պայմաններում կողմերը կարող են էլ ավելի բարձրացնել խաղադրույքները, եթե արտաքին միջնորդական շփումներ չլինեն։
Միևնույն ժամանակ, եվրոպական դիվանագիտական շրջանակներում հարցեր է առաջացրել ամերիկյան պատվիրակության երթուղու հաջորդականությունը՝ նախ Մոսկվա, ապա Կիև։ Վաշինգտոնում Եվրամիության դեսպան Յովիտա Նելյուպշենեն ընդգծել է դաշնակիցների հետ նախնական քննարկումների կարևորությունը։ Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան չի շեղվել իր սկզբնական ծրագրերից, ուստի Եվրոպայի համար առաջնահերթություն է մնում Ուկրաինային ինքնապաշտպանության անհրաժեշտ միջոցներով ապահովելը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր